կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-18 15:23
Տնտեսական

Այսպիսի շոուները, միանշանակ, խոսում են անկառավարելի վիճակի ու արհեստական օրակարգերի մասին

Այսպիսի շոուները, միանշանակ, խոսում են անկառավարելի վիճակի ու արհեստական օրակարգերի մասին

Հունվարի 14-ին էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր՝ այս տարի ՀՀ–ում գնաճը գտնվում է թիրախային մակարդակում, այսինքն՝ չի գերազանցելու 2-2.5 տոկոսը.

«Դեկտեմբերի ցուցանիշն այսօր կամ վաղը կհրապարակվի, բայց շատ թիրախային է: Այսինքն՝ շատ թիրախային է, և էապես ավելի քիչ գնաճ կա, քան մեր հարևան և առևտրային պարտնյոր երկրներում: Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանն էական ավելի մեծ գնաճ ունեն: Մերը, ի պատիվ Կենտրոնական բանկի, գտնվում է շատ մեղմ վիճակում»:

Արդյո՞ք համավարակից ու պատերազմից զգալիորեն տուժած Հայաստանում Կենտրոնական բանկն իրականում կարողանում է հրաշքներ գործել ու գնաճի արդյունավետ կառավարման քաղաքականությամբ հետևում թողնել Ռուսաստանին, Բելառուսին, Իրանին ու նախարարի նշած մնացյալ երկրներին՝ 168.am-ը փորձեց պարզել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանից:

Տնտեսագետը վստահեցրեց՝ խնդիրը գնաճի հաշվարկման մեթոդաբանության մեջ է միայն. «Սա մանիպուլյացիա է և իրենց պոպուլիզմի հերթական դրսևորումը: Հիշեք վարչապետի 100 փաստերը ծիծաղելի, հիշեք այդ 100 փաստերը, որ նա արձանագրում էր, և այսօրվա վիճակը՝ արդեն պարզ կլինի:

Հիմնականում մեթոդաբանական տարբերությամբ է պայմանավորված. թող բերեն հիմնավորումներ, նաև՝ համեմատականներ կոնկրետ առաջին անհրաժեշտության ապրանքների կամ պարենային զամբյուղը ներառող ապրանքային խմբերի մեջ:

Այդ երկրները, որոնք իրենք վկայակոչում են, առնվազն չեն ունեցել համավարակի այնպիսի հետևանքներ, ինչպես Հայաստանում է, ինչը տեսանելի է նույն վիճակագրությամբ. անարդյունք հյուծեցին տնտեսությունը, անարդյունք լոքդաուն արեցին, քանի որ նույն թվերը շարունակվեցին, պատերազմը բերեց իր հետևանքները, և վերջապես, ազգային արժույթի արժեզրկման ցուցանիշը»:

Նա նկատեց՝ արդեն իսկ առանց թվային համեմատությունների պարզ է, որ չի կարող առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը մեզ մոտ ավելի ցածր լինել, քան վկայակոչված երկներում.

«Այդտեղ պետք չեն խորը մասնագիտական հիմքեր և հիմնավորումներ փնտրել, որովհետև դրանք իրականում չկան: Այդտեղ շարունակվող պոպուլիզմն է, հիմա՝ ավելի սաստկացող, քանի որ իրավիճակը շատ ավելի էական է խզվել իրենց խոստումներից, և իրենց նեղ շահի կամ իշխանության պահպանման համար ավելի բարձր դոզաներ են անհրաժեշտ:

Ի դեպ, հենց առաջին անհրաժեշտության ապրանքների գներն են, որ պետք է հուշեին նախարարին, որ այդ գներով է ձևավորվում նվազագույն սպառողական զամբյուղը: Այլ կերպ ասած, եթե մենք տնտեսական վերլուծություն չենք անում և կոնկրետ դիտարկում ենք իրական կյանքը, ապա, այո, կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքը կազմող այդ պարենային ապրանքների գներն են, որ մարդիկ ամեն օր տեսնում են խանութում, շուկայում և այլն: Իսկ դրանց գները, ակնհայտ է…. Ես չգիտեմ՝ որտեղից են նախարարներն ու վարչապետն օգտվում իրենց ընտանիքի համար գնումներ կատարելիս, բայց սովորական քաղաքացիներն ամեն օր խանութներում տեսնում են շաքարավազի, ձվի, կաթնամթերքի, ձեթի, ինչպես նաև՝ մաքրող, լվացող նյութերի գների բարձրացում»:

Դիտարկմանը, թե նախարարը նշել է, որ որոշ ապրանքատեսակների դեպքում գների կտրուկ բարձրացում է եղել միջազգային շուկայում, տնտեսագետն արձագանքեց. «Դա էլ միանշանակ չէ, և այստեղ նորից դրվագային մոտեցում է:

Այո՛, միջազգային շուկայում որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են, բայց որևէ կերպ համադրելի չեն միջազգային շուկայի գների բարձացումը՝ մի շատ պարզ պատճառով, որովհետև միջազգային շուկայում ռեզերվային արժույթներով՝ դոլարով, եվրոյով արտահայտված որոշակի աճը նկատվել է՝ 2-3 տոկոս, բայց այդ նույն ժամանակահատվածում մեր ազգային արժույթն արժեզրկվել է գրեթե երկնիշ՝ 480-485 դրամից հասնելով արդեն 525 դրամի: Եվ հաջորդ կարևոր խնդիրը՝ այստեղ խոսքը վերաբերում էր ներկրվող և ներկրման բաղադրիչ ունեցող ապրանքներին, այս գնաճը, թերևս, կրում է միջազգային շուկայի ազդեցությունը, բայց ոչ այն չափով, ինչ չափով ունենք մեր ներքին շուկայում: Նաև՝ տնտեսագիտական կանոն կա, որ գներն ավելի արագ աճի միտում ունեն, քան նվազման, այսինքն՝ նույն միջազգային շուկայում եթե վաղն այդ ապրանքների գները նվազեն, դա չի նշանակում, որ այդ նույն արագությամբ և չափով կնվազեն մեր երկրում:

Այդ միջազգային շուկայի հետ, երբ համեմատում են և բերում են այդ գործոնը, ապա թող ասեն, որ իրենց ապաշնորհ կառավարման հետևանքով և նաև՝ տնտեսությունը ճգնաժամի բերելու հետևանքով մենք ունենք ազգային արժույթի երկնիշի մոտ արժեզրկում: Սա միանշանակ է, որ ազդում է ներկրվող ապրանքների գների վրա:

Բայց ոչ բոլոր առաջին անհրաժեշտության ապրանքներն են, որոնք ներկրվում են Հայաստան. կան ապրանքներ, որոնք արտադրվում են Հայաստանում, և այդ ապրանքատեսակների գների բարձրացումը ևս ակնհայտ է՝ բանջարեղեն, վերամշակող արդյունաբերության որոշակի մթերքներ, կաթնամթերք և այլ»:

Ի պատասխան հարցին, թե այդ ապրանքների գնաճն ինչո՞վ է պայմանավորված, Թադևոս Ավետիսյանը պատասխանեց՝ պատճառը համավարակով պայմանավորված սահմանափակումներն են, տնտեսության ընդհանուր վիճակը, 2020 թվականին գազի գնի թանկացումը խոշոր սպառողների համար.

«Ակնհայտ է, որ նաև գազի ու էլեկտրաէներգիայի սակագներն ուղղակիորեն ազդում են ծախսերի բարձրացման վրա, հետևաբար՝ արտադրվող ապրանքների գների վրա: Սա շարունակվող գործոն է, այսինքն՝ մենք փետրվարի 1-ից կունենանք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, արդեն քննարկվում է և օբյեկտիվ է, որ կբարձրանա նաև գազի սակագինը: Ինչքան էլ փորձեն սոցիալապես անապահովների համար պահել միևնույն սակագինը, միևնույն է, մարդիկ դրա հետևանքները տեսնում են թանկացած ապրանքներով:

Ապագա գնաճի վրա ազդելու են նաև այս հարկային փոփոխությունները, որոնք նախատեսում է կառավարությունը՝ ըստ էության, բարձրացնում է անուղղակի հարկի բեռը՝ և՛ գյուղատնտեսական արտադրանքի, և՛ հիմնական սոցիալական ծառայությունների՝ կրթություն, առողջապահություն, և՛ նաև՝ փոքր բիզնեսի համար շրջանառության հարկի բեռն են ավելացնում:

Առկա է նաև համախառն ներքին արդյունքի կրճատում, թեև 2020 թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը դեռևս չի ամփոփվել, բայց առկա թվերով և կանխատեսումներով՝ ունենալու ենք երկնիշ տնտեսական ակտիվության անկման ցուցանիշ: Սա ինչպե՞ս կարող է չազդել տնտեսության վրա, դրա մակրոցուցանիշների վրա՝ ինչպիսին է նաև գների մակարդակը»:

Անդրադառնալով Կենտրոնական բանկի կողմից կատարվող ինտերվենցիաներին՝ տնտեսագետը շեշտեց, որ դա արվում է բոլորիս հաշվին.

«Այսինքն՝ մեր պետական ռեզերվներն են վաճառվում, և սա ծախս է պետության համար: Երբ դու վաճառում ես ավելի էժան արտարժույթ պետության հաշվին, դա բոլորիս ծախսն է և հանրային ծախս է, ըստ էության: Փաստացի, իրենք խորը թոքաբորբը փորձում են բուժել ջերմիջեցնողով, ինչը երկար չի կարող տևել և իրականում ավելի է ծանրացնում վիճակը: Այսինքն՝ կարճաժամկետ էֆեկտներ ապահովելու համար, որպեսզի ականատեսը չլինենք 550-600 դրամ փոխարժեքի և գների 25-30 տոկոս ավելացման, իրականացվում են այս միջոցառումները, որոնք երկարաժամկետ իմաստով, գնահատման տեսանկյունից՝ միջոցների անարդյունք ծախս են»:

«Ինչ-որ ձևական դեբատներ են կազմակերպում, որը ծիծաղելի է. առողջապահության նախարարն է վիճում էկոնոմիկայի նախարարի հետ, կառավարության նիստերի ժամանակ ներդրումների մասին քննարկումներ են արվում և արհեստական բանավեճեր. դրանք բոլորն ավելի ականջահաճո և իրական օրակարգերից շեղելու խնդիր են դնում: Այսպիսի շոուները, միանշանակ, իրենց բուն էությամբ խոսում են անկառավարելի վիճակի ու արհեստական օրակարգերի մասին:

Եվ այո, բիզնեսը և միջազգային բիզնեսը, պոտենցիալ ներդրողները, որոնց մենք սպասում ենք, միանշանակ այսպիսի մոտեցումներով, հայտարարություններով և այսպիսի շոուներով ապախթանվում են, որովհետև պետական կառավարման համատարած անլրջությունը, արձանագրված ձախողումները, ակնհայտ ապաշնորհությունը, սրանք ոչ միայն բառեր են զուտ, գնահատականներ են, սրանք չափելի ռիսկեր են ցանկացած ներդրողի համար՝ նաև այսօր Հայաստանում տնտեսվարողների համար»,- եզրափակեց Թադևոս Ավետիսյանը: