Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան պատերազմի եւ կորոնավիրուսի հետեւանքները զբոսաշրջության վրա․ Yerkir.am-ի զրուցակիցն է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
- Արցախյան պատերազմն ու կորոնավիրուսի համավարակը լուրջ խնդիրներ ստեղծեցին գրեթե բոլոր ոլորտներում։ 2021 թվականն ինչպիսի՞ տարի է լինելու զբոսաշրջության ոլորտի համար։
- Պատերազմի եւ կորոնավիրուսի հետեւանքով զբոսաշրջությունը «քնած» է։ Ժամանակն է քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Աշխարհին պետք է կարողանանք բերել դեպի Արցախ, Հայաստան։ Եթե տարածաշրջանում, Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կայունանա, չլինի նոր պատերազմ, ապա կարծում եմ՝ կորոնավիրուսի հետ կապված խնդիրները հնարավոր կլինի հաղթահարել, կամաց-կամաց սկսել ոլորտի վերականգնման գործընթաց։ Պարզապես պետք է աշխատանք տանել։ Շատ ակտիվ, բոլոր ուղիներով՝ դիվանագիտական, Սփյուռքի ներուժն օգտագործելով։ Հայաստանի մասին պետք է լինի ճիշտ տեղեկատվություն։ Աշխարհը չպետք է մտածի, որ մեզ մոտ անկայուն, վատ վիճակ է։ Մեզ չգցեն ոչ ցանկալի երկրների ցուցակը։
-Եռակողմ հայտնի հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 7 շրջանների, ինչպես նաեւ Շուշիի կորուստը Արցախի զբոսաշրջության ոլորտի վրա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ։
- Բնականաբար, պատերազմն ու տարածքային կորուստներն իրենց բացասական հետեւանքներն ունենալու են։ Այդ վայրերը գեղեցիկ էին, գրավիչ, հիանալի բնակչությամբ, հաճելի էր գնալ, ապրել այնտեղի կյանքով, շփվել տեղի մշակույթի, մարդկանց, ավանդույթների հետ, մաս կազմել այդ ամենին։ Այս իմաստով՝ ավելի վատ հետեւանքներ կարող են լինել մեր մշակութային ժառանգության կորստի առումով, եթե չկարողանանք ջանք գործադրել մեր արժեքների պահպանման ուղղությամբ։ Ապաշրջափակման դեպքում, եթե ունենանք տարածաշրջանային, զբոսաշրջային փաթեթներ, հնարավոր ամեն բան պետք է անենք, որպեսզի զբոսաշրջային այցելություններ լինեն այն վայրեր, որտեղ հայկական ժառանգություն կա։ Հայկական մշակութային ժառանգության յուրացումը կանխարգելելու մասին էլ պետք է մտածել։ Գուցե ֆիզիկական բնաջնջում չլինի, բայց մեր մշակույթը փոխակերպեն, չներկայացնեն համաշխարհային հանրությանը որպես հայկական մշակույթ։
- Երբ Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը վերջերս գնացել էր Արցախ, Ադրբեջանի իշխանությունները ցավագին ընդունեցին այս փաստը՝ ասելով, թե Հայաստանի որեւէ պաշտոնյա առանց իրենց թույլտվության իրավունք չունի մտնելու «Ադրբեջանի տարածք»։ Ալիեւն էլ օրերս Շուշին հռչակեց մշակութային մայրաքաղաք՝ նշելով, որ քաղաքում վերականգնվելու են կրոնական ու պատմական հուշարձանները, վերականգնվելու է քաղաքի հին տեսքը։ Ի գիտություն ընդունելով այս հայտարարությունները՝ կարո՞ղ ենք ադրբեջանական իշխանություններից հանդուրժողականություն ակնկալել Արցախի ժողովրդի եւ հայկական մշակութային արժեքների նկատմամբ։
- Պիտի հուսանք, որ ողջամիտ կլինեն։ Բայց չպետք է սահմանափակվենք միայն նրանց ողջամտությամբ։ Միջազգային բոլոր հարթակները եւ լծակները պետք է օգտագործել, թույլ չտալ մեր վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացում կամ յուրացում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ միջազգային կառույցների միջոցով պետք է ամեն ինչ անենք՝ աշխարհում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու եւ ներկայացնելու առումով։ Մենք չպետք է մոռանանք այն փաստը, որ այս փոքրիկ ազգը կարողացավ 44 օր հերոսական պատերազմ մղել եւ դիմակայել ադրբեջանա-թուրքական ահաբեկչությանը։ Սա եւս պետք է ներկայացվի որպես մեր երկրի նկարագիր։
- Ապաշրջափակումից հետո, ենթադրենք, ճանապարհները բացվում են, հայ զբոսաշրջիկը արդյո՞ք հոգեբանորեն պատրաստ կլինի գնալ, օրինակ, Շուշի, որտեղ ադրբեջանցիներ են, Շուշիի ամրոցի վրա ադրբեջանական դրոշ է ծածանվում։
- Ճանապարհների շրջափակումը նույնպես ագրեսիայի դրսեւորում է, ու մեզ համար ծանր էր դա ընդունելը։ Ապաշրջափակումը պետք էր, լավ էր ու կարեւոր, բայց եթե հայերի համար լինի ձեռնտու պայմաններով։ Հայ հանրության այցեր արցախյան այն շրջանները, որոնք այլեւս Ադրբեջանի վերահսկողության տակ են, ապաշրջափակումից հետո էլ թերեւս տեղի չունենան, շատ ուշ կլինեն։
- Ի՞նչ նախապայմաններ եւ որքա՞ն ժամանակ է պետք, որ օտարերկրյա զբոսաշրջիկը Արցախը եւ Հայաստանը համարի այլեւս անվտանգ տարածք։
-Դժվար է ասել, թե երբ կլինի իրական անվտանգ վիճակ։ Մեզանից, հավանաբար, որեւէ մեկը չի կարող ասել։
Զրուցեց Լիանա Սարգսյանը