կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-30 14:15
Հասարակություն

Հայաստանի զբոսաշրջային ոլորտում գործարար-ներդրումային միջավայրը, սպառողի իրավունքները վտանգված են. Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ

Հայաստանի զբոսաշրջային ոլորտում գործարար-ներդրումային միջավայրը, սպառողի իրավունքները վտանգված են. Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ

Համաձայն ներկայիս օրենքի` զբոսաշրջային օպերատորը սպառողին` զբոսաշրջիկին, փաթեթ վաճառելիս պարտավոր է կնքել պայմանագիր, բացի այդ` նույն օրենքը սահմանում է նվազագույն պահանջներ պայմանագրի համար, դրանք են` դրույթներ, որոնք անպայման պետք է ներառված լինեն պայմանագրում.  այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը` անդրադառնալով գործող` «Զբոսաշրջության եվ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքով սահմանված պահանջին ու դրա պահպանմանը:

«Եթե հաշվի առնենք մի բան, որ այդ պայմանագիրը չի կնքվում կամ պայմանագրում բացակայում է օրենքով սահմանված պարտադիր դրույթներից մեկը, այս դեպքում զբոսաշրջային օպերատորը հայտնվում է նվազ բարենպաստ պայմաններում` վեճ լինելու դեպքում հաշվի են առնվում սպառողի հիմնավոր գրավոր բացատրությունները»,- նշեց նա:

Ֆեդերացիայի նախագահը մանրամասնեց նաև, որ այն դեպքում, երբ դատարանը վճիռ է կայացնում հօգուտ սպառողի, հնարավոր է` ընկերությունը հայտնվի սնանկ վիճակում ու չկարողանա կատարել իր պարտավորությունները:

«Հենց դրա համար Տուրիզմի հայկական ֆեդերացիան երկար ժամանակ է` պնդում է, որ ժամանակն է, որ ունենանք զբոսաշրջության ոլորտը կարգավորող նոր օրենք, մանավանդ, որ նախագիծն արդեն կա, շրջանառված է և՛ մասնավոր շրջանակներում, և՛, սահմանված կարգով, բոլոր պետական շահագրգիռ մարմիններում: Պարզապես այդ նախագիծը կարիք ունի ևս մեկ անգամ քննարկման, վերամշակման ու ներկայացման կառավարություն»,- նշեց Ապրեսյանը:

Ըստ նրա` օրենքի նախագիծը կլուծի ոլորտի հետ առնչություն ունեցող մի շարք խնդիրներ: «Ասել, որ 100 տոկոսով կբացառվեն բոլոր դեպքերը, կլինի միամտություն, որովհետև երբեք որևէ երկրում ամենակատարյալ օրենսդրության դեպքում որոշակի վեճեր լինում են, բայց դրա հիմնական լուծումն այն է, որ պետք է զբոսաշրջային օպերատորի գործունեությունը լիցենզավորվի, կամ այդ գործունեության տեսակները սահմանվեն որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ, սահմանվեն այդ գործունությունների նկատմամբ որակական չափանիշներ, նաև ֆինանսական երաշխիքների մեխանիզմներ ներդրվեն, ինչպես արվում է աշխարհի շատ երկրներում»,- ասաց Ապրեսյանը` մեկնաբանելով, որ նախատեսվում է ֆինանսական երաշխիքների ապահովման մեխանիզմ, որն առնվազն զբոսաշրջային  օպերատորի սնանկության դեպքում ապահովում է նրա` սպառողի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումը: «Դա կլինի դեպոզիտ գումար, թե` ապահովագրություն կամ բանկային  երաշխիք, կարելի է քննարկել ու սահմանել այդ երաշխիքը»,- տեսակետ հայտնեց նա:

Դիտարկմանը, թե կան  ոլորտում կայացած ու երկար տարիներ գործող տուրիստական ընկերություններ, որոնք հրաժարվում են աշխատել պայմանագրի կնքմամբ, Ապրեսյանն արձագանքեց. «Եթե մի տուրիստականը հրաժարվում է, մյուսին դիմեք: Սա է ամբողջ խնդիրը: Մենք երբեմն ճիշտ չենք անում մեր ընտրությունը: Երբ ինձ դիմում են խորհրդի կարգով` ինչ տուրիստական ընկերության դիմել, իմ պատասխանն է` առաջին հերթին գնահատեք զբոսաշրջային ընկերության հուսալիությունը նրա կողմից առաջարկվող պայմանագրով, թե ինչքանով են ձեր իրավունքները պաշտպանված: Եթե նույնիսկ շատ դեպքերում առաջարկում են պայմանագիր, տեսնում ենք` առվազն չեն հարգված զբոսաշրջիկի իրավունքները»:

Ըստ նրա` պետք է հաշվի առնել նաև կազմակերպության բարի համբավն ու անցած ուղին:

Ապրեսյանի կարծիքով` մերօրյա պայմաններում զբոսաշրջային  ոլորտում գործարար-ներդրումային միջավայրը, սպառողի իրավունքները վտանգված են Հայաստանում: «Այդ խնդիրների լուծումը նախագծի փաթեթն ու լիզենզավորումն է, ապահովելու են բարեխիղճ մրցակցային ու ներդրումային միջավայր, բարեխիղճ գործարարի շահերը, որովետև ունենք կայացած ոլորտ, բայց բարեխղդճորեն հարկեր վճարող ու բարձրակարգ ծառայություններ մատուցող սուբյեկտների կողքին արդեն մեծ արագությամբ ավելանում են անբարեխիղճները, որոնք գրանցված չեն, հարկեր չեն վճարում, մատուցում են ցածրորակ ծառայություններ, արդյունքում` գնային մրցակցության  մեջ անհամեմատ ավելի լավ մրցակցային  պայմաններում են գտնվում ` կամաց-կամաց դուրս մղելով բարեխիղճ գործարարներին:  Բացի այդ ` մենք արտասահմանից ևս ունենք անբարեխիղճ գործարարների ինտերվենցիա: Նրանք մեր բարեխիղճ գործարարներին դուրս են մղում շուկայից, ինքը կհանգեցնի  մեր մրցակցային միջավայրի կոլապսի: Մի ուրիշ բան էլ կա` մեր իմիջը: Զբոսաշրջությունը միայն տնտեսական նշանակություն չունի, այն ունի նաև շատ կարևոր սոցիալական, մշակութային ու քաղաքական նշանակություն: Եթե մենք ճիշտ օգտագործենք այն, էապես կնպաստի համաշխարհային հանրության շրջանում Հայաստանի, հայ ժողովրդի նկարագրի բարձրացմանը, իսկ այս պայմաններում հակառակ  պրոցեսն  է գնում»,-  իր մտահոգությունը հայտնեց Ապրեսյանը` ասելով, որ շատերը, գիտելիք չունենալով, երկիր են ներկայացնում. «Մեր ժառանգությունն ու պատմությունն են ներկայացնում` Արցախյան  ազատամարտը, Հայոց ցեղասպանությունը` առանց պատկերացնում ունենալու: Այստեղ մեր իմիջը էապես տուժում է»:

Ինչ վերաբերում է հարցին` լիցենզավորման պահանջն արդյո՞ք բողոքների ու դժգոհությունների ալիք չի բարձրացնի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը բացասական պատասխան տվեց: «Որքան ինձ հիշում եմ զբոսաշրջության ոլորտում, բարեխիղճ գործարարները տարիներ շարունակ պնդում են դա: Սա մասնավորի պահանջն է: Ես չեմ պատկերացնում մի բարեխիղճ գործարարի, որ կողմ չլինի, որ մեզ մոտ լինի բարեխիղճ մրցակցային միջավայր»,- ասաց նա:

Հարցին` եթե կան բոլոր նախադրյալները, ապա ինչո՞ւ միայն տարեվերջին օրենքի նախագիծը կներկայացվի կառավարություն, Ապրեսյանը պատասխանեց. «Հուսանք` ավելի շուտ կլինի»:

Եզրափակելով խոսքը` ֆեդերացիայի նախագահն անդրադարձավ նաև կառավարության կողմից ֆինանսավորված Հուրգադա-Երևան չվերթին: Նա շեշտեց, որ այս պարագայում պետությունը բարի կամք է դրևորել` իր քաղաքացիներին չթողնելով արտերկրում ու օդանավակայաններում, սակայն այս դեպքը պետք է ենթարկվի խորին ուսումնասիրության` մեղավորներին գտնելու համար:

«Սպառողի հանդեպ արած-չարածի համար առաջինը պետք է պատասխանատվություն կրի զբոսաշրջային օպերատորը»,- ընդգծեց Ապրեսյանը և բացատրեց` այսօրվա օրենքն իր գործն արդեն արել է: «Նոր պայմաններ ու խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծվեն նոր օրենքով ու մոտեցումներով»,- հավելեց նա: