Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տպավորությունն այնպիսին է, որ Հայրենիքի փրկության շարժումը պասիվացել է։ Չկան ամենօրյա ռեժիմով նախկին հանրահավաքներն ու համակարգված ակցիաները։ Չնայած ընդդիմադիր ուժերը մինչեւ հունվարի 11-ը կոչ էին անում՝ Փաշինյանին Մոսկվա չթողնել, եւ անգամ օդանավակայանի ճանապարհն էին փակում, նրա մոսկովյան այցից հետո լռություն են պահպանում։ hraparak.am-ը զրուցել է շարժման անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։
– Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանի հատկապես Մոսկվա այցից հետո ընդդիմության շրջանում պասիվություն է։ Կա՞ նման բան, գուցե քննարկում եք մարտավարություն փոխելո՞ւ հարցը։
– Մեր գործողությունները, քայլերը պայմանավորված չեն վարչապետի աթոռին կառչած անձի այցելություններով։ Մենք երկու ամիս առաջ ենք հայտարարել, որ էս մարդու ամեն օր ավել իշխանության մնալը կործանարար է մեր երկրի համար, եւ անցնող ժամանակահատվածում էդ ուղղությամբ ձեռնարկել եւ իրականացրել ենք բազամաթիվ քայլեր ու գործողություններ։ Հիմա եւս ամեն ինչ պլանավորում ենք, եւ մեր աշխատանքների, սկզբունքների մեջ որեւէ բան չի փոխվել։
– Այն, որ հանրահավաքներ եւ ակցիաներ չկան, պայմանավորված է եղանակո՞վ, ցրտերի հե՞տ է կապված։
– Տարբեր ուղղություններով շարունակվելու են մեր գործողությունները։ Սկսած իրավական ճանապարհից, վերջացրած բողոքի ցույցեր, հանրահավաքներ, երթեր։ Նաեւ ասեմ, որ ծրագրում ներառված են մարզային այցելություններ։ Առաջիկա օրերին լինելու ենք Գյումրիում, Վանաձորում, Սյունիքում ու Հայաստանի տարբեր մարզերում։
– Պարզապես սկզբում ընդդիմության հանրահավաքներն ամենօրյա էին։
– Այս վերջին տասն օրերի, այսպես ասած՝ պայմանական դադարը պայմանավորված էր աշխատանքները վերակազմակերպելու, երկրում ընդհանուր այս ոչ աշխատանքային վիճակով, եւ գտնում էինք, որ մի շարք միջոցառումներ բարձր արդյունավետություն չեն ունենա։ Դրանով պայմանավորված՝ փողոցային ակցիաները համեմատաբար քիչ էին այս օրերի ընթացքում։ Առաջիկայում շատ ակտիվ, վճռական, աննահանջ շարունակվելու են մեր գործողությունները։
– Շարժման անդամ կուսակցությունները միմյանց հետ ինչ-որ տարաձայնություննե՞ր ունեն։ Նախքան Փաշինյանի Մոսկվա մեկնելը Հրանտ Բագրատյանը, օրինակ, առաջարկում էր՝ 1000 հոգի գնան ԱԺ, 1000-ը՝ կառավարության մոտ, օղակեն եւ այլն։ Չեղավ։ Կա՞ն զուտ մարտավարական խնդիրների ու քայլերի հետ կապված տարաձայնություններ։
– Տարաձայնություններ՝ չեմ կարծում, գոնե ես ծանոթ չեմ դրանց։ Յուրաքանչյուրն իրավունք ունի ունենալ իր տեսակետը, առաջարկը, մոտեցումը, դա շատ բնական ու նորմալ է, եւ շարժման խորհրդի շատ ուժեր կարող են իրարից տարբերվող առաջարկներ ունենալ։ Բայց վերջում արվում է այն, ինչ որոշվում է բոլորի կողմից։
– Մինչեւ Փաշինյանի Մոսկվա մեկնելը մտահոգություններ կային, որ կգնա, կստորագրի կամ բանավոր կպայմանավորվի ՀՀ տարածքային ամբողջականության հաշվին։ Տեսանք, լսեցինք այդ եռակողմ հայտարարությունը․ Ձեզ հայտնի՞ է, որ այլ խոստումներ են տրվել, այլ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
– Հասել ենք այն կետին, որ այդ դավաճանը եթե մի տեղ հանդիպման է գնում ու փաստաթղթով մեր հայրենիքից ինչ-որ մի մաս չի զիջում, արդեն պետք է համարենք ձեռքբերում։ Այսինքն՝ ողջ քարոզչությունն ուղղված է դրան․ տեսա՞ք՝ էս անգամ թուղթ ու գրիչով տարածք չտվեց․․․ Նախ, ես չգիտեմ՝ ինքն ինչ բանավոր պայմանավորվածություններ է ունեցել, որովհետեւ շատ տարածքներ հանձնվել են նաեւ, կոնկրետ Զանգելանի ու Կուբաթլիի դիրքերը՝ բանավոր պայմանավորվածությամբ։ Եթե կարճ ձեւակերպեմ՝ էս մարդուց որեւէ դրական արդյունքի հույս ունենալը, մեղմ ասած, անհեռատեսություն է։
– Մոսկվայում կոմունիկացիաների, ճանապարհների հետ կապված ինչ-որ մեծամասշտաբ ծրագրերի մասին բարձրաձայնվեց․ տարածաշրջանային կոմունիկացիաներն ապաշրջափակվում են, սկսվում է տնտեսական մեծ համագործակցություն։
– Հայաստանը Մոսկվայում երկու առաջնահերթ խնդիր ուներ՝ գերիների ու Արցախի կարգավիճակի հարցը։ Երկու ուղղությամբ էլ այս պահին ունենք զրո արդյունք։ Մնացածն Ադրբեջանի օրակարգն էր, որը ստորագրել է էդ մարդը։ Իսկ ինչ վերաբերում է, որ սա տնտեսական նոր հեռանկարներ է բացում Հայաստանի առաջ, ապա հերթական անգամ ժողովրդին մոլորեցնելու, կեղծելու, ստելու քաղաքականություն է։ Այսինքն՝ էս մարդու գործունեության արդյունքում մտածել տնտեսական նոր հորիզոնների մասին, լուրջ չէ։ Եթե ամփոփեմ՝ մեր օրակարգն Ալիեւի հետ հանդիպման ժամանակ չի բավարարվել, ու ունենք զրո արդյունք։
– Ռուսական քաղաքական էլիտայի հետ լավ հարաբերություններ ունեք, բայց չունե՞ք տպավորություն, որ ՌԴ-ում Նիկոլ Փաշինյանին կարծես թե էլի մնալու քարտ-բլանշ տրվեց։ Միմյանց հետ ծրագրեր են կազմում։
– Չեմ կարծում, որ այս անվստահելի, անկայուն եւ ժողովրդի կողմից չընդունվող մարդու հետ որեւէ երկրի ղեկավարություն կարող է լուրջ հույսեր կապել կամ երկարատեւ ռազմավարական ծրագրեր իրականացնել։