կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-12 19:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում գերիների հարցով ունեցանք երկրորդ տապալումը՝ Հայաստանի ձախողված դիվանագիտության պատճառով․ Աննա Կարապետյան

Ռազմագերիների վերադարձի դիմաց տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու՝ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած նախապայմանը Մոսկվա գնալուց առաջ, ի սկզբանե, անբնական էր՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը։

Նրա համոզմամբ, դա անբնական էր նրանով, որ գերիների հարցի շուրջ պայմանավորվածությունը եղել է արդեն իսկ նոյեմբերի 9-10-ին, հետո եղել է պայմանավորվածություն բոլորը բոլորի դիմաց փոխանակելու մասին, ինչ-որ չափով գերիների մի մասը վերադարձվել է, հետագայում Ադրբեջանը նոր գերիներ է վերցրել, ինչը նույնպես անբնական է։ Այսինքն, արդեն իսկ գնալուց առաջ Փաշինյանի կողմից այդպիսի նախապայման դնելը ցույց էր տալիս, որ հայկական դիվանագիտությունը շատ թույլ է և չի կարողացել նույնիսկ հասնել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանմանը և հետագա կատարմանը։

«Այս անգամ մենք ունեցանք նույն հարցի շուրջ արդեն երկրորդ պարտությունը՝ շատ ավելի լուրջ պարտությունը, որովհետև Նիկոլ Փաշինյանը մեկնելուց առաջ, կարծես, որպես նախապայման դրեց գերիների հարցը և ասաց, որ մեզ համար դա առաջնահերթություն է։ Բայց մենք տեսանք, որ Մոսկվայում  նա համաձայնեց մի համատեղ հայտարարության, որը բացառապես վերաբերում էր հաղորդակցության հարցին, որը Ադրբեջանի գերակայությունն էր, և նա ինքն արձանագրեց, որ գերիների հարցով որևէ լուծում չենք ունեցել։ Այնինչ գերիների հարցը հումանիտար, կարևոր հարց էր և, բնական է, որ առաջին հարցը պետք է լիներ օրակարգում։ Եվ թե՛ միջնորդի համար ընկալելի պետք է լիներ, որ գերիների հարցը առաջինը պետք է լուծվի, թե՛ Ադրբեջանի վրա որոշակի ճնշում պետք է լիներ, որովհետև նորմալ չէ պատերազմական գործողությունների դադարից հետո նոր գերիներ վերցնելը, նրանց կարգավիճակ տալը, փորձելը գործընթացում նրանց օգտագործել և այլն»,-ասաց Աննա Կարապետյանը։

Նա համոզված է, որ այս ամենը հետևանք է Հայաստանի տապալված դիվանագիտության և մենք բախվում ենք դրա նոր դրսևորումների՝ ավելի ու ավելի ծանր հետևանքներով։

Արցախի կարգավիճակի հարցը բանակցությունների օարկարգ չմտցնելը, Աննա Կարապետյանի համոզմամբ, հայկական դիվանագիտության հերթական մեծագույն տապալումն էր։

«Որովհետև ինչո՞ւ էր Հայաստանը ի սկզբանե դեմ հանդես գալիս այդ սուբստանտիվ բանակցություններին, որոնց համար այդքան պայքարում էր Ադրբեջանը, որովհետև այդ բանակցությունների ֆորմատը ենթադրում էր հարցերի տարանջատում, առանձին-առանձին քննարկում, իրագործում և այդպես, ըստ հարցերի, առաջ գնալ։ Բնական է, որ Ադրբեջանը համաձայն չէր լինելու կարգավիճակի հարցը առաջիններից մեկը քննարկել և փորձելու  էր տարածքների, փախստականների, իր համար կարևոր այլ հարցերը լուծել, իսկ կարգավիճակի հարցը թողնել անորոշ հեռանկարով։ Այսօր մենք ունենք, ըստ էության, դրա իրագործումը,-ասաց նա։

Այսինքն, Ադրբեջանը կարողացավ ստանալ տարածքները՝ մի մասը ռազմի դաշտում, մյուս մասը՝ պայմանավորվածությամբ, Ադրբեջանը կարողանում է հաղորդակցությունների հարցը լուծել, Ադրբեջանը իր համար բոլոր կարևորագույն հարցերը ըստ հերթականության կարողանում է լուծել, մինչդեռ, Հայաստանի համար կարևորագույն կարգավիճակի հարցը մնացել է անորոշ հեռանկարով՝ դրա մասին չկար որևէ հիշատակում նոյեմբերի 9-10-ի հայտարարության մեջ, դրա մասին չկա որևէ հիշատակում երեկվա հայտարարության մեջ և, ընդհանրապես, Հայաստանը չի կարողանում նույնիսկ այս հարցը բերել օրակարգ։

«Եվ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կարգավիճակի հարցը քննարկելու մասին և այլն, ընդամենը պոպուլիստական, չոր հայտարարություններ էին, որոնք, ի դեպ, շատ մեծ հարց է՝ արդյո՞ք տեղին էր այդ հայտարարությունից հետո Ալիևի և Պուտինի ներկայությամբ նման դժգոհ դեմքի արտահայտությամբ նման հայտարարություններ անելը, որքանո՞վ է դա նպաստելու այդ հարցը օրակարգ բերելուն և այդ գործընթացը առաջ տանելուն»,-նկատեց Աննա Կարապետյանը։

Առանցքային մի հարց ևս  ոչ մի կերպ քննարկումների օրակարգ չի մտնում՝ սահմանազատման օրինականության հարցը։ Աննա Կարապետյանը վստահ է, որ դա պետք է լիներ գործընթացի առաջնային քայլերից մեկը։

«Որովհետև եթե մենք ընդունում ենք, որ բանակցային տրամաբանությունը այսօր ընդունված է այնպիսին, որ քաղաքական հարցերը չենք լուծում, լուծում ենք հումանիտար և տեղում խնդիրներ ստեղծող հարցերը, հետևաբար, առաջինը պետք է լուծվեր գերիների հարցը, երկրորդը պետք է լուծվեր սահմանազատման հարցը։ Որովհետև մենք ունենք իրավիճակ, երբ տեղում բնակչության համար անվտանգային խնդիրներ են ստեղծվում, անհասկանալի է՝ ի՞նչ սկզբունքով է տեղի ունենում այդ սահմանազատման գործընթացը, այդ ի՞նչ բանավոր փոխհամաձայնություններ են, որոնց  հետևանքով հայկական գյուղերից տներ են հանձնվում Ադրբեջանին և այլն։ Հետևաբար, շատ բնական կլիներ, որ առաջին հերթին լիներ հստակ քննադատությունը այն ամենի, ինչ տեղի է ունենում, հայտարարությունը, որ դա անընդունելի է և որ գործընթացը պետք է լինի կանոնակարգված և որոշակի իրավական դաշտում»,-նշեց նա։

Աննա Կարապետյանը ընդգծեց, որ առաջին հերթին պետք է ոչ թե ենթակառուցվածքների հանձնաժողով ստեղծվեր և աշխատանք տարվեր այդ ուղղությամբ, այլ առաջին հերթին պետք է դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբը դրվեր, ստեղծվեր հանձնաժողով՝ պետական պաշտոնյաներով, մասնագետներով և այդ ամբողջ գործընթացը հստակ բանակցությունների միջոցով սկզբից մինչև վերջ իրականցվեր։ Այս կերպ միայն թե՛ անվտանգային խնդիրները կլուծվեին, թե՛ վստահության հիմքը կդրվեր, որը հնարավորություն  կտար հետագայում նաև ենթակառուցվածքների մասին խոսել։

«Իսկ այսօր մենք ունենք լրիվ խեղված իրավիճակ, որը նույնպես բխում է Ադրբեջանի շահերից, որովհետև Ադրբեջանը, օգտվելով այդ չկանոնակարգված իրավիճակից, կանգնեցում է իր զինվորին և նրան պատասխանողը ընդամենը տեղի բնակիչն է լինում, ու իրավիճակը անհասկանալի հանգուցալուծումներ է ունենում»,-ասաց նա։

Աննա Կարապետյանը վստահ է, որ Ադրբեջանը այս իրավիճակը փորձելու է երկարաձգել և ինչքան կարող է օգտվել դրանից։  

Աննա Բալյան