կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-16 16:30
Առանց Կատեգորիա

Թուրքիան ընդունեց իր տապալումը

Թուրքիան ընդունեց իր տապալումը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր խորհրդականի պաշտոնից ազատել է ազգությամբ հայ Էթիեն Մահչուփյանին, որին այդ պաշտոնում նշանակել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Մահչուփյանի ազատման համար բերվում են տարբեր` մեկը մյուսից անհեթեթ պատճառաբանություններ:

 

Ըստ թուրքական Hurriyet-ի` հեռացման պատճառ է նշվում իր պաշտոնին Մահչուփյանի տարիքային անհամապատասխանությունը: Փաստորեն, վարչապետ Դավութօղլուին 4 ամիս էր պետք՝ հասկանալու համար, որ խորրհդական է նշանակել մի մարդու, ով տարիքի հետ կապված խնդիր ունի: Երևի Մահչուփյանը սպասվածից ավելի արագ է ծերացել:

 

Մեկ այլ թուրքական թերթ՝ Milliyet-ը, նշել է, որ թեեւ վարչապետի հայ խորհրդականը պաշտոնապես ազատվել է զբաղեցրած պաշտոնից, դեռ շարունակում է աշխատել հասարակական հիմունքներով: Փաստորեն, Մահչուփյանի տարիքը ոչ թե աշխատանքի հետ է անհամատեղելի եղել, այլ միայն պաշտոնի, ինչից նրան, փաստորեն, փրկել են:

 

Իրականում, սակայն, Մահչուփյանին, ազատել են Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները պարբերաբար ցեղասպանություն որակելու համար: Այս պնդումը նա կրկնեց նաև Ցեղասպանությունը ճանաչելու մասին` Հռոմի պապի արված հայտարարությունից հետո: «Ակօս»-ին տված հարցազրույցում Մահչուփյանը, նկատի ունենալով Պապին, ասում է. «Նա խոսել է 1915 թվականին ցեղասպանություն լինելու մասին, ինչն իրականում էլ այդպես է»:

 

Մահչուփյանին ազատելը բացարձակապես զարմանալի չէ: Զարմանալին այն է, թե նման հայացքներ ունենալու և բարձրաձայնելու պարագայում ինչպե՞ս էին նրան այդ կարգավիճակում այսքան ժամանակ հանդուրժում: Ի վերջո, Մահչուփյանը ոչ միայն իր հայացքներով հակադրվում էր Ցեղասպանության ժխտողականության` թուրքական քաղաքականությանը, այլև ընտրություններից առաջ խնդիրներ էր հարուցում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համար: Հայտնի է, որ այդ կուսակցության ընտրողների մի զգալի մասը, եթե ոչ մեծամասնությունը, թուրք ազգայնականներն են, որոնց համար անհանդուրժելի է նույնիսկ ոչ թե «թուրքական ազգի արժանապատվությունը վիրավորող» նման հայացքներ ունեցող անձի, այլ ազգությամբ հայի առկայությունը գործադիր իշխանությունում:

 

Մահչուփյանին ազատելու որոշումը, սակայն սիմվոլիկ է: Այն խորհրդանշում է Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին խոչընդոտելու, 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները տապալելու հարցում Անկարայի կրած պարտությունը: Սա ոչ միայն կատարյալ դիվանագիտական ձախողումը խոստովանելու ակտ է, այլ նաև այն բանի, որ ժխողականության քաղաքանությունը ոչ մի գրամ չի փոխվել, իսկ Էրդողանի կողմից անցած տարի ապրիլի 24-ի նախօրյակին հայ ժողովրդին ուղղված կոչ-նամակը, Դավութօղլուի կողմից հայկական սփյուռքը թուրքական սփյուռք համարելն այդ ժխտողականությունը մանիպուլյացիաներով փաթեթավորելու ձախողված փորձեր էին:

 

Խնդիրն այն է, որ Մահչուփյանն ի սկզբանե վարչապետի խորհրդական էր նշանակվել երկու հիմնական նպատակով: Առաջին՝ ի տես աշխարհի ցուցադրել հայկական սփյուռքի նկատմամբ Թուրքիայի լոյալությունը: Դրա շարունակությունը գալիք ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական ցուցակներում ծագումով հայերի ընդգրկումն է: Երկրորդ, որ շատ ավելի էական է, ի դեմս Մահչուփյանի` հայկական շրջանակների հետ կապող օղակ, երկխոսության պլատֆորմ ստեղծել, որն իրականում բխում էր Էրդողանի նամակի տրամաբանությունից և դրա իմաստային շարունակությունն էր: Պատահական չէր, որ Մահչուփյանն այդ պաշտոնին նշանակվել էր, ըստ էության, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին` դրանից ընդամենը 5 ամիս առաջ:

 

Բայց Ս. Պետրոս տաճարում Հռոմի պապի հայտնի հայտարարության հնչեցումից, Եվրախորհրդարանի, Չիլիի, Չեխիայի օրենսդիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձևերի ընդունումից, Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած այցի համաշխարհային մակարդակով լուսաբանման շնորհիվ Ցեղասպանության խնդրի աննախադեպ իրազեկման հետ բախվելուց հետո Անկարայի համար պարզ դարձավ, որ այդ հնարքները, գործի դրված ահռելի ֆինանսական ռեսուրսները բացարձակապես ոչ մի արդյունք չեն տվել:

 

Այս իրավիճակում վարչապետի խորհրդականի պաշտոնին Մահչուփյանի մնալն ինքնըստինքյան դառնում էր անիմաստ և վտանգավոր: Հիմա այդ վտանգը, փաստորեն, բարեհաջող կերպով չեզոքացվում է:

 

Հանուն արդարության, սակայն, պետք է նշել, որ դրանում պակաս «ներդրում» չունեցավ Մահչուփյանն ինքը: Նա չդարձավ հայ մտավորականի միջոցով Ցեղասպանության փաստը ժխտելու` թուրքական իշխանության գործիքը, ինչպիսին նրանից փորձում էին կերտել՝ օգտագործելով իշխող կուսակցության հետ ունեցած սերտ կապերը, և ինչի մտավախությունները կային Սփյուռքում և Հայաստանում: Նա ոչ միայն ոչ մի քայլ ետ չնահանջեց մինչև այդ պաշտոնըն զբաղեցնելն իր ունեցած համոզմունքներից, այլև, նոր կարգավիճակում խոսելով դրանց մասին, էլ ավելի սրեց վերափոխվելու` թուրքական իշխանությունների անկարողությունը:

 

Այո, Մահչուփյանը Ցեղասպանության ճանաչմանը և Թուրքիայի հետ հարաբերություններին առնչվող հարցերում չի մտածում այն շտամպների սահմաններում, որով առաջնորդվում է հայկական շրջանակների մեծամասնությունը: Նա կարող է իրեն նաև «ավելի շատ օսմանցի» հռչակել, դեմ հանդես գալ Թուրքիային այլ երկրների միջոցով Ցեղասպանության ճանաչումը պարտադրելուն ուղղված համահայկական քայլերին: Բայց գլխավոր հարցում նա մնաց աներեր: Եվ սա Մահչուփյանի արժանիքը, անհատական որակն է, որը հնարավոր չէ չգնահատել: Եվ լավ է, որ նա «պրծնում է»` միայն պաշտոնանկ լինելով: Թուրքիայում, սովորաբար, նման «դավաճանությունները» չեն ներվում:

 

Գևորգ Դարբինյան