կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-06 00:17
Հասարակություն

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի Ճրագալույցի պատարագը Սուրբ Գայանե վանքում

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի Ճրագալույցի պատարագը Սուրբ Գայանե վանքում

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, Մայր Աթոռի բարերարներ և ուխտավոր բազում հայորդիներ։

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Մինչ սրբազան պատարագը կատարվեց Երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, այնուհետև Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:

Ս. Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանն իր քարոզում անդրադարձ կատարեց Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդին՝ նշելով, որ ամենքը կրկին իրենց քայլերն ուղղել են եկեղեցիներ՝ զորանալու և խաղաղվելու փափագով, որ բոլորը 2021 նոր թվականի առաջին օրերին մեկտեղվել են աղոթքով միանալու և ապրող, կենդանի ու զինվորյալ Եկեղեցի լինելու կենսունակությունը պատարագյալ Հիսուսով սնելու։

Մուշեղ եպիսկոպոսը նշեց նաև, որ Հիսուս Քրիստոսի ծնունդով աշխարհը փոխվեց, Հիսուս մուտք գործեց աշխարհ, որպեսզի մարդիկ փրկության շնորհին արժանանան և ժառանգեն երկնքի արքայությունը:

«Առավել ևս հիմա, մենք պիտի հավատանք և պիտի գրկաբաց ու սրտաբաց ընդունենք Մանուկ Քրիստոսին մեր մեջ, որպեսզի փրկության հույս ունենանք և այդ հույսով պիտի փոխվի այս ծանր վիճակը և պիտի փրկվի մեր հայրենիքը: Այո´, վստահաբար պիտի հավատանք, որ մեր Տիրոջ ծնունդով այլևս փոխվելու են մեր սրտերը, մեր հոգիները, մեր կյանքը և մեր ապագան: Աղոթակից լինենք Նարեկացուն, կրկնելով. «երբ ողորմությանդ փառքի անստվեր ճաճանչները ծագեն, կհալչեն մեղքերը, կխորտակվեն կապանքները… կկենդանանան մեռյալները, կբուժվեն զարկվածները և վերքերը կառողջանան: Տեղի կտան տխրությունները, կնահանջեն հեծությունները… կչքանան չարիքները, հուսահատությունները կհալածվեն և կթագավորի ձեռն Քո ամենակարող քավիչդ բոլորի»:

Պատարագիչ Սրբազանը հորդորեց ամենքին պահել հավատքը և սիրել, սիրել հայրենիքը առավել քան երբևէ, առավել անպայմանական, քան երբևէ, առավել ուժեղ, քան երբևէ, սիրել Եկեղեցին, սիրել մերձավորներին, այդ սիրով, ոգով ու հավատով օգուտ բերել հայրենի երկրին, աղոթել հայրենիքի սահմանների անսասանության համար, աղոթել իրենց կյանքը հայրենիքի համար զոհած հերոս եղբայրների հոգիների հանգստության համար, գերության մեջ գտնվող և անհայտ կորած իրենց եղբայրների, որդեկորույս մայրերի` Սուրբ Հոգով մխիթարության և վիրավորների շուտափույթ բժշկության համար:

Վերջում Մուշեղ Սրբազանը կոչ արեց հավատավոր ժողովրդին սուրբ ծննդյան հրաշափառ ավետիսով զորացած ուխտել և խոստանալ, որ հաղթահարելու են ցավը հավատքով, ապրելու են ամեն մի օրը հույսով և էլ ավելի շատ են լցվելու սիրով, որպեսզի հաղթեն սիրով, քանզի Քրիստոս ծնվեց և հայտնվեց։

Հավարտ Սուրբ Պատարագի, նախատոնակի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը բարձրացավ Ս. Խորան և վառեց կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց հավատացյալներին:

Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը: