կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-05 16:11
Քաղաքական

Հայաստանի խորհրդայնացումը

Հայաստանի խորհրդայնացումը

Ինչպես արդեն ասել ենք, Բաքվում Սարգիս Կասյանի նախագահությամբ ստեղծված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն 1920թ. նոյեմբերի 29-ին Իջևանի կողմից մտավ Հայաստան՝ այն հռչակելով խորհրդային: Այդ նույն օրերին հայրենիքի վերջին փշրանքները փրկելու երկրի անկախ գոյությունը երկարաձգելու համար ՀՀ կառավարությունը մի կողմից Ալեքսանդրապոլում թուրքերի հետ բանակցություններ էր վարում, մյուս կողմից փորձում էր ստանալ Ռուսաստանի աջակցությունը: Բոլորի համար պարզ էր, որ Հայաստանը կա՛մ պետք է Ռուսաստանի հետ լիներ, կա՛մ Թուրքիայի ոտքի կոխան դառնար, հայ ժողովրդի գլխին դարձյալ կախվել էր ֆիզիկական բնաջնջման վտանգը:

Բանակցություններում թե՛ թուրքերը և թե՛ ռուս բոլշևիկները, համաձայն Հայաստանը բաժանելու իրենց ծրագրի, որդեգրել էին անզիջում կեցվածք, և նոյեմբերի 29-ին Բորիս Լեգրանը Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերջնագիր ներկայացրեց:

«ՀՀ հետագա ճակատագրի հարցը վերջնականորեն վճռելու համար նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը կառավարության շենքում տեղի ունեցավ խորհրդակցություն`ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի ԿԿ-ի, խորհրդարանի ՀՅԴ խմբակցության և մի քանի հանրաճանաչ գործիչների մասնակցությամբ: Խորհրդակցությունում պետք է Բ. Լեգրանի ներկայացրած վերջնագրին պատասխան տրվեր:

Ս. Վրացյանի, Դրոյի և Հ. Քաջազնունու ելույթներից հետո խորհրդակցության մասնակիցները հիմնականում հանգում են այն հետևության, որ վիճակն անհույս է»:

Դեկտեմբերի 1-ին, երբ Հայաստանը դեռևս խորհրդայնացած չէր, Երևանում տեղի է ունենում խորհուրդների հանդիսավոր նիստը, որտեղ Գ. Օրջոնիկիձեն խոսում է Արցախը, Զանգեզուրն ու Նախիջևանը Հայաստանին թողնելու մասին:
Ադրբեջանա-բոլշևիկյան այս ներկայացումը նպատակ ուներ արագացնելու Հայաստանի խորհրդայնացումը՝ վստահեցնելով, որ Հայաստանը տարածքային կորուստներ չի ունենա: Եվ ահա դեկտեմբերի 2-ին կնքվում է Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիրը, որով Հայաստանը հռչակվում է «խորհրդային սոցիալիստական հանրապետություն»:

Երևանի հայ-ռուսական համաձայնագիրը բաղկացած էր ութ հոդվածից: Ըստ այդ համաձայնագրի.

«1.- Հայաստանը յայտարարւում է անկախ սոցիալիստական խորհրդային հանրապետութիւն:
2.-Մինչեւ Հայաստանի խորհուրդների համագումարի հրաւիրումը կազմւում է ժամանակաւոր Ռազմա-Յեղափոխական Կոմիտէ, որին կանցնի բովանդակ իշխանութիւնը Հայաստանում:
3.- Ռուսաստանի խորհրդային կառավարութիւնը ընդունում է, որ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան հողերի մէջ անվիճելի կերպով մտնում են Երեւանի նահանգը` իր բոլոր գաւառներով, Կարսի նահանգի մի մասը, որ զինուորական տեսակէտից կ’ապահովէ երկաթուղու տիրապետութիւնը՝ Ջաջուռ կայարանից Արաքս կայարանը, Գանձակի նահանգի Զանգեզուր գաւառը եւ Ղազախ գաւառի մի մասը օգոստոսի 10ի համաձայնութեան սահմաններում եւ Թիֆլիս նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետութեան տակ էին գտնւում մինչեւ 1920թ.սեպտ. 28:
4.-Հայկական բանակի հրամանատարական կազմը չի ենթարկւում պատասխանատուութեան այն գործերի համար, որ կատարել է բանակի շարքերում մինչեւ Հայաստանում խորհրդային իշխանութեան յայտարարումը:
5.- Դաշնակցութեան եւ ուրիշ սոցիալիստական կուսակցութիւնների (Ս.Յ., Ս.Դ.) անդամները ոչ մի հալածանքի չպիտի ենթարկուեն կուսակցութեան պատկանելու եւ Կոմունիստական Կուսակցութեան դէմ մղուած կռիւներին մասնակցելու ու Խորհրդային Հայաստանի յայտարարութիւնից առաջ կատարած գործերի համար:
6.- Ռազմա-Յեղափոխական Կոմիտէի մէջ մտնում են հինգ անդամներ` Կոմունիստական Կուսակցութեան կողմից նշանակուած, և երկու անդամ ձախ դաշնակցականների խմբակից՝ համաձայնելով Կոմունիստական Կուսակցութեան հետ:
7.- Ռուսաստանի խորհրդային կառավարութիւնը միջոցներ է ձեռք առնում անմիջապէս կենտրոնացնելու Հայաստանի Սոցիալիստական Խորհրդ. Հանրապետութեան պաշտպանութեան համար անհրաժեշտ զինուորական ուժեր:
8.- Սոյն համաձայնագիրը ստորագրելուց յետոյ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը քաշւում է իշխանութիւնից: Իշխանութիւնը ժամանակաւոր կերպով, մինչեւ Յեղափոխական Կոմիտէի գալը անցնում է զորահրամանատարութեան, որի գլուխ է կանգնում Դրօն, Ռ.Ս.Ֆ.Ս.Հ. կողմից Հայաստանի զորահրամանատարութեան կին կոմիսար է նշանակւում ընկ. Սիլինը»:
Համաձայնագիրը ստորագրվել է ՌԽՖՍՀ ներկայացուցիչ Բ. Լեգրանի և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներ Դրոյի ու Համբարձում Տերտերյանի կողմից:

Ս. Վրացյանի վկայությամբ` Երևանի համաձայնագիրը կնքվեց դեկտեմբերի 2-ին` գիշերվա ժամը 12:00-ին, որից ութ ժամ անց ստորագրվեց մեկ այլ փաստաթուղթ, որը մինչ օրս էլ մի շարք շահարկումների տեղիք է տալիս, հատկապես ՀՅԴ-ի կամ Առաջին հանրապետության դեմ քարոզչության շրջանակներում. խոսքը Ալեքսանդրապոլի պայմանագրի մասին է:Այս պայմանագիրը, որը բավականին ծանր պայմաններ էր պարտադրում Հայաստանին, իրականում իրավական ուժ ունենալ չէր կարող, և ՀՀ արդեն հրաժարական տված կառավարությունը շատ լավ գիտակցում էր դա: Այդ մասին վկայում է նաև Սիմոն Վրացյանը. «….Ձեւականօրէն մենք ամէն իրաւունք եւ հնարաւորութիւն ունէինք խուսափելու եւ այդ անախորժ պարտականութիւնը ձգելու բոլշեւիկներին: Մեր կողմից այդ կը լինէր ճարպիկ մի խաղ, որ ծանր դրութեան մէջ պիտի դնէր հայ բոլշեւիկներին…. Դրանով մենք անհատապէս կամ կուսակցականօրէն թերեւս ազատ կը լինէինք հակառակորդների ամբաստանութիւններից, եթէ ի հարկէ, այս անգամ էլ մեզ չամբաստանէին, թէ քաղաքացիական քաջութիւն չունեցանք պատասխանատուութիւն ստանձնելու եւ դաշնագիրը չստորագրելով՝ նոր աղետների պատճառ եղանք,- բայց ազգային տեսակէտով Ալեքսանդրապոլի դաշնագիրը պատմական անհրաժեշտութիւն էր»:

Հաշվի առնելով, որ Ալեքսանդրապոլի դաշնագիրը կնքման պահից իսկ առոչինչ էր, և, ինչպես սպասվում էր, խորհրդային կառավարությունն էլ փաստորեն հրաժարվեց դրանից, կարող ենք ասել, որ դա մարտավարական քայլ էր, մինչև Հայհեղկոմի ժամանումը ժամանակ շահելու համար էր, հետևաբար Ալեքսանդրապոլի՝ մեզ համար որևէ պարտավորություն չնախատեսող պայմանագրի փոխարեն ճիշտ կլինի զբաղվել Մոսկվայի և Կարսի պայմանագրերի իրավա-քաղաքական քննարկումներով, որովհետև ի սկզբանե անվավեր այդ պայմանագրերը այսօր փաստացի իրենց ազդեցությունն են ունենում Հայաստանի տարածքային, տնտեսական դրության վրա:

Երևանի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Ս. Վրացյանի կառավարությունը հրաժարվեց իշխանությունից և խաղաղ ճանապարհով այն փոխանցեց բոլշևիկներին:

Դեկտեմբերի 4-ին՝ Հայաստան ժամանելուց հետո, Հայհեղկոմը սկսեց հերթով խախտել Դրո-Լեգրան համաձայնագրի կետերը. «Կասեանը եւ Նուրիջանեանը բուռն վէճի են բռնւում Լեգրանի հետ, որ դաշնակների ներկայացուցիչներին իշխանութեան մէջ էր առել ու նրանց հետ համաձայնութիւն կնքելով՝ պատճառ էր դարձել իշխանութեան խաղաղ, առանց կռուի փոխանցման։ Կասեանն ու Նուրիջանեանը արհամարհում են համաձայնագիրը, մերժում են տեսակցել տապալուած իշխանութեան ներկայացուցիչների հետ եւ նրանց հեռացնում են Յեղկոմի կազմից»:

Ուշագրավ մի դիտարկում անենք կառավարության կազմում դաշնակցականներին ընդգրկելու Բ. Լեգրանի որոշման նկատմամբ բոլշևիկների բացասական վերաբերմունքի վերաբերյալ: Պատճառը ատելությունն էր Դաշնակցության նկատմամբ, զարմանալիորեն Դաշնակցությունը հավասարապես ատելի էր թե՛ թուրքերի և թե՛ բոլշևիկների համար.«Ե՛վ թուրքերի համար, և՛ բոլշևիկների համար,- գրում է ռուս պատմաբան Ա. Իգոլկինը,- «դաշնակ» բառը հնչում էր որպես սարսափելի, մահացու թշնամու հոմանիշ: Թուրքերի համար դա հասկանալի էր, այլ կերպ չէր կարող լինել»:

Սկսվեցին հալածանքները բոլոր նրանց նկատմամբ, ովքեր բոլշևիկ չէին, դեկտեմբերի 6-ին կազմվեց ու գործի անցավ Չեկան, և սկսվեցին ձերբակալությունները: Հաջորդաբար ձերբակալվեցին նախկին վարչապետ Հ. Օհանջանյանը, նախկին նախարար Ռ. Չիլինգարյանը, Երևանի քաղաքային խորհրդի անդամ Ա. Աստվածատրյանը, խմբապետ Համազասպը, Հայաստանի խորհրդարանի մի շարք անդամներ.«Դեկտեմբերի վերջերը արձանագրութեան ենթարկուեցին հայկական բանակի բոլոր սպաները, եւ 70 ընտիր զինուորականներ անմիջապէս աքսորուեցին Բագու»:

Հայհեղկոմի համար անընդունելի էր Դրոյի ներկայությունը Երևանում, ով ժողովրդի շրջանում ունեցած իր հեղինակության շնորհիվ կաշկանդող գործիչ էր Հեղկոմի համար: 1921թ. հունվարի 10-ին Դրոն իր զինակիցների հետ աքսորվեց Ռուսաստան: «Բաքւում, Դրոյի անունը օգտագործելով, իբրեւ թէ նրա եւ 11-րդ բանակի հրամանատարութեան կողմից մի պատգամաւորութիւն է գնում Գորիս եւ պահանջում է Նժդեհից ընդունել խորհրդային կարգերը եւ զէնքերը վայր դնել։ Յեղկոմը Երեւանում յայտարարում է, թէ Դրոն որոշ ժամանակ Մոսկուա պիտի մնայ՝«քաղաքագիտական դասընթաց անցնելու համար»։ Իրականութեան մէջ, Հայաստանի Չեկայի պահանջով աքսորուել էր Դրոն։ Պարզ էր, որ Մոսկուան էլ գիտէր Հայաստանի դէպքերի մասին եւ առարկութիւն չունէր»: Դրոյին հեռացնելուց հետո Ավիսն ու Աթարբեկյանը սկսեցին սանձարձակ վայրագությունները բնակչության և բանակի սպայակազմի նկատմամբ, ավելի քան 1500 սպա ձմռան ցրտին ոտաբոբիկ աքսորվեց Ռյազանի համակենտրոնացման ճամբարներ: Հունվարի 24-ին աքսորված սպաների թվում էին սպարապետ Թ. Նազարբեկյանը, զորավարներ Մ. Սիլիկյանը, Հ. Հախվերդյանը, Ղամազյանը, Շելկովնիկյանը և ուրիշներ: Բանտարկվեցին Լ. Շանթը, Ն. Աղբալյանը, Հ. Քաջազնունին, Ն. Ղորղանյանը և մտավորական ու ռազմական մի շարք այլ գործիչներ:

«1921 թ. հունվարին Դրոյին և հին սպաներին աքսորելուց զատ՝ Ադրբեջանին և քեմալականներին դուր գալու համար Հայհեղկոմի անդամ և միաժամանակ Հայաստանի արդարադատության կոմիսար է նշանակվում Քեմալի գործակալ Սուլեյման Նուրին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ս. Բաղդատյանին»:

Դրան զուգահեռ` երկրում իրականացվում էր, այսպես կոչված, «ռազմական կոմունիզմի» քաղաքականություն, որի հետևանքով «Երեւանում եւ ամբողջ երկրում կատարւում էին անկանոն եւ անհաշիւ բռնագրաւումներ: Գրաւում էին ամէն ինչ- բնակարան, կարասիներ, հագուստ, ուտելիք….

Ժողովուրդը Ռուսաստանից էր սպասում օգնութիւն, այժմ իրենից էր խլւում հացի վերջին պատառը եւ ուղարկւում Ռուսաստան: Հայաստանից բեռնակիր ինքնաշարժերով «ընկեր Լենինին» կամ «կարմիր բանակին» նուէր էր ուղարկւում պետական պահեստների եւ ժողովրդից բռնագրաւուած պաշարը- սպիտակ ալիւր, խտացուած կաթ, կակաօ, շաքար, կօշիկի կաշի, հագուստեղէն և այլն»:

Կասյան-Նուրիջանյան-Աթարբեկյան եռյակի սանձարձակ բռնությունների և թալանից ոչնչով չտարբերվող բռնագրավումների հետևանքով ծնվեց Փետրվարյան ապստամբությունը, որը, սակայն, քննարկման առանձին թեմա է:

Խորհրդայնացման դասերը

Հայաստանի Հանրապետության անկման գլխավոր պատճառը արտաքին ուժերն էին` բոլշևիկյան Ռուսաստանը և քեմալական Թուրքիան: 1920 թ. գարնանը մութ ամպեր կախվեցին հանրապետության գլխին: Հարևան Ադրբեջանի խորհրդայնացումից հետո հերթը հասավ Հայաստանին: Միաժամանակ տեղի ունեցավ քեմալա-բոլշևիկյան ռազմաքաղաքական մերձեցում, և կնքվեց դաշինք, որի հետևանքով աշխարհի մի քանի տասնյակ պետությունների կողմից իրավապես ու փաստացի ճանաչված Հայաստանի Հանրապետությունը դարձավ այդ գործարքի զոհը: Չենք կարող չասել, որ հայ-թուրքական պատերազմում կրած ռազմական պարտության հետևանքով Հայաստանը կորցրեց իր անկախությունը, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում հայտնված Հայաստանի Հանրապետության համար թիկունքին հասցված դաշույնի հարված էին հայ բոլշևիկների հակապետական գործունեությունը, Խորհրդային Ռուսաստանի հետ ՀՀ կառավարության բանակցություններն ամեն գնով տապալելու ուղղությամբ կատարված քայլերը, Կարսի ճակատում դասալքության քարոզը և այլն: Փոխանակ ծանր պայմաններում սատար կանգնելու Հայաստանի Հանրապետությանը`հայ բոլշևիկները ամեն ինչ արեցին այն կործանելու համար, ինչի հետևանքով հանրապետության տարածքները ծվատվեցին: Դրանք հետագայում պայմանագրային-իրավական ձևակերպում ստացան Մոսկվայի և Կարսի 1921 թ. պայմանագրերում: 1920 թ. Հայաստանի Հանրապետության իրավասության տակ գտնվող շուրջ 70 հազար քառ. կմ տարածքից Խորհրդային Հայաստանին թողնվեց մոտ 30 հազար քառ. կմ, մնացած մասը, Խորհրդային Ռուսաստանի համաձայնությամբ, հանձնվեց հիմնականում Թուրքիային ու Ադրբեջանին:

Եթե չլիներ Հայաստանի առաջին հանրապետությունը, չէր լինի ո՛չ Խորհրդային Հայաստանը, ո՛չ էլ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը:

Ցավոք սրտի, այսօր ՀՀ-ն կանգնած է գրեթե նույն մարտահրավերների առաջ, ինչ Առաջին հանրապետությունը, մի տարբերությամբ՝ Առաջին հանրապետության ղեկավարությունը կռիվ տվեց ամեն թիզ հողի համար և իշխանությունը զիջեց գոնե ՀՀ 70 հազ. քառ.կմ տարածքը պահպանելու և Խորհրդային Ադրբեջանի հեղկոմի նախագահ Ն. Նարիմանովի դիմում-ուղերձի ու Գ. Օրջոնիկիձեի հայտարարության համաձայն՝ Ղարաբաղը, Նախիջևանն ու Զանգեզուրը Հայաստանին միավորելու հույսով, մինչդեռ այսօր ականատես ենք լինում միանգամայն հակառակ պատկերին, երբ Հայաստանի կառավարությունը հեշտությամբ զիջեց Արցախը` Մեղրիի (Զանգեզուրի) ռազմավարական ուղղությամբ ճանապարհ տալով Ադրբեջանին և կամա թե ակամա նպաստելով Հայաստանի համար չափազանց վտանգավոր պանթյուրքիզմի իրագործման առաջին փուլին:

Առաջին հանրապետության բյուրո-կառավարությունը՝ Հ. Օհանջանյանի գլխավորությամբ, պատերազմում Հայաստանի պարտությունից հետո հրաժարական ներկայացրեց` հաջորդ կառավարության համար բանակցությունների նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով, մինչդեռ Հայաստանի ներկայիս կառավարությունը երկիրը պարտության տանելուց և կապիտուլյացիոն (անձնատվության) համաձայնագիր ստորագրելուց հետո չի էլ մտածում հրաժարականի մասին, ինչը կարող է ոչ միայն վտանգել Հայաստանի` որպես անկախ պետության գոյությունը, այլ նաև պատճառ դառնալ հետագա տարածքային և մարդկային կորուստների: Սպասվող աղետից խուսափելու համար անհրաժեշտ է, որ փոխվի բանակցությունների ներկայացողը, և ստեղծվի ներազգային համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտ: Հարկ է նշել, որ այս իրավիճակում չափազանց վտանգավոր են հակառուսական տրամադրությունները, որոնք կարող են հանգեցնել մեր հաշվին ռուս-թուրքական մեկ այլ գործարքի, որը կարող է վերջնական և ջախջախիչ հարված հասցնել հայ ժողովրդին:

Անի Մելքոնյան

«Դրօշակ», թիվ 12 (1646), դեկտեմբեր, 2020 թ.