կարևոր
4372 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-22 12:08
Քաղաքական

ՔՊ-ն Հայաստանի սպառնալիքը տեսնում է ոչ թե Ադրբեջանից, Թուրքիայից, այլ՝ Հայաստանի քաղաքացիներից․ Արթուր Խաչատրյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը չի փոխի իր դիրքորոշումը և դեմ կարտահայտվի 2024 թվականի բյուջեի նախագծին, քանզի այդ բյուջեն իներցիոն է և համապատասխան չէ Հայաստանին սպառնացող մարտահրավերներին, իսկ Կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականությունը պայմանավորված է այս Կառավարության կամքից և վերահսկողությունից դուրս գտնվող գործընթացներով, մասնավորապես՝ ռուս-ուկրաինական պատերազմով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով 2024 թվականի բյուջեի նախագծի հանդեպ իրենց բացասական դիրքորոշման պատճառների մասին, նման տեսակետ հայտնեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Օրինակ՝ Պաշտպանության նախարարության բյուջեն 2024 թվականին այս իշխանությունն ավելացնում է ընդամենը 7 տոկոսով, իսկ ոստիկանության բյուջեն՝ 18 տոկոսով։ Այս իշխանության այդ քայլը գալիս է փաստելու՝ նրանք Հայաստանին սպառնացող վտանգը տեսնում են ոչ թե թուրքերից և ադրբեջանցիներից, այլ՝ Հայաստանի քաղաքացիներից»,- ասաց Խաչատրյանը՝ Պաշտպանության նախարարության բյուջեն աննախադեպ ծավալով բարձրացնելու մասին հայտարարություններ արած ՔՊ-ականներին հիշեցնելով՝ 2020 թվականին Հայաստանի բանակի ռազմական պոտենցիալի մեծ մասը կորցրած իշխանությունն իրավունք չունի նման տեմպերով գնալ բանակի զարգացմանը։

«Բանակի հարցում կամաց-կամաց գնալը քիչ է, ավելի լավ է ոստիկանության բյուջեն կրճատի, բայց մեծացնի բանակին հատկացվող գումարները։ Ինչ վերաբերում է հիմնավորմանը՝ ոստիկանության բյուջեն ավելացնելով՝ ՀՀ ներքին կայունությունն ապահովելու մասին նրանց ասածներին, ապա հարց է առաջանում՝ եթե Փաշինյանը ժողովրդի վարչապետն է, Գյումրիում պեռաշկի ուտելով է քայլում փողոցում, ինչո՞ւ է պահանջում, որ իր տեղաշարժը մի կետից մյուս կետ ապահովեն հարյուրավոր ոստիկաններ։ Բա ժողովրդի վարչապետին հարի՞ր է հարյուրավոր ոստիկաններով շրջելը։ Իրականությունն այն է, որ Փաշինյանը հասկանում է՝ իր իշխանությունը պահում է ոստիկանության միջոցով, դրա համար էլ նրանց բյուջեն այդ ծավալով ավելացնում է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շեշտելով՝ Փաշինյանը խամաճիկային Կառավարության ղեկավար է, ուստի ունի անհրաժեշտություն հենց ոստիկանությունն ամրապնդելու համար։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։