կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-14 19:00
Արցախ

Ռազմական դրության ռեժիմը կարող է վնասել ռազմագերիների վերադարձմանը. փաստաբանների պալատի նախագահ

Ռազմական դրության ռեժիմը կարող է վնասել ռազմագերիների վերադարձմանը. փաստաբանների պալատի նախագահ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացնում է, որ Փաստաբանների պալատի անունից դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին` խնդրելով Հայաստանի Հանրապետության կառավարության 27.09.2020թ. թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրությունը վերացնել:

Գրության մեջ որպես փաստական և իրավական հիմնավորում ներկայացված է հետևյալը.

«2020թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից հայտարարվել է (այսուհետ՝ Հայտարարություն) գրավոր համաձայնության մասին, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Հայտարարության 8-րդ կետի համաձայն՝ «Իրականացվում է ռազմագերիների և այլ ձերբակալվածների և մահացածների մարմինների փոխանակում»:

2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո առ այսօր հայտարարված ռազմական դրությունը չի վերացվել:

2020 թվականի նոյեմբերի 10-ից առ այսօր չի լուծվել ռազմագերիների հայրենադարձման հարցը:

ՀՀ Սահմանադրության 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

Նշված նորմից հետևում է, որ ռազմական դրությունը պետության, հասարակության բնականոն ռիթմից և պայմաններից տարբերվող ռեժիմ է, որին պետությունն անցնում է վտանգներն առավել արդյունավետ ձևով չեզոքացնելու նպատակով:

Չանդրառնալով ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման հիմնավորվածությանը, ակնհայտ է, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությունը պահպանելու հիմքեր չկան:

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի ուժով Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը, անկախ նրանից ռազմական դրություն է հայտարարված, թե՝ ոչ:

Այս պահի դրությամբ ռազմական դրության ռեժիմը ոչ միայն վնասում է քաղաքացիներին՝ նրանց իրավունքների լիարժեք իրականացման համատեքստում, այլ նաև կարող է վնասել ռազմագերիների հայրենադարձման խնդրի լուծմանը:

Ռազմագերիների փոխանակմանը վերաբերող Հայտարարության 8-րդ կետում որևէ ժամկետ չի նշվել, ինչը բնականաբար ձևական առումով Ադրբեջանը կարող է շահարկել:

Մեր կարծիքով, կարելի է վկայակոչել Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 118-րդ հոդվածի պահանջն առ այն, որ՝ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐՆ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՎ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՎՈՒՄ ԵՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ:

Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիային միացել է օրենսդիր մարմնի (Գերագույն խորհրդի) 31.03.1993թ. Հ.Ն-0790-I որոշմամբ, իսկ Ադրբեջանը Կոնվենցիային միացել է օրենսդիր մարմնի (Միլլի Մեջլիսի) 21.04.1993թ. N 573 որոշմամբ, հետևաբար Կոնվենցիան երկու պետությունների համար իրավունքներ և պարտականություններ է առաջացնում:

Հայաստանի Հանրապետությունը կարող է Հայտարարության 8-րդ կետի և Կոնվենցիայի 118-րդ հոդվածի վկայակոչմամբ պնդել, որ ռազմագերիների հարցը պետք է լուծվի անմիջապես, քանի որ Կոնվենցիայի նշված պայմանն առկա է, այն է՝ ռազմական գործողությունները դադարեցվել են:

Այս տեսակետից, որպեսզի Ադրբեջանը զրկվի իր առարկելու իրավունքից, պետք է վերացնել ռազմական դրությունը, հակառակ դեպքում, Ադրբեջանը կարող է այդ փաստը ձևական առումով վկայակոչել իր պարտավորությունը չկատարելու համար»: