կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-24 22:31
Քաղաքական

Նոյեմբերի 26-ին, ժամը 13։00-ին հրավիրում եմ Իջևանի շատրվանների հրապարակ՝ քննարկելու մեր պայքարի հետագա ընթացքը. Ս. Մանուկյան

Նոյեմբերի 26-ին, ժամը 13։00-ին հրավիրում եմ Իջևանի շատրվանների հրապարակ՝ քննարկելու մեր պայքարի հետագա ընթացքը. Ս. Մանուկյան
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը գրում է.
 
«Սիրելի՛ հայրենակիցներ.
 
Ինչպես գիտեք, ես ԱԺ առաջին պատգամավորներից մեկն եմ եղել, ով 2018թ. գարնանը, անտեսելով բազմաթիվ խանգարող հանգամանքներ և հաշվի առնելով միմիայն հանրային համընդհանուր պահանջը, միացել եմ «ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն» կոչվող շարժմանը և իմ հետագա պատգամավորական գործունեության ընթացքում ուժերիս ներածի չափով սատարել եմ այդ շարժման արժեքների իրագործմանը և պահպանմանը:
 
Այժմ, երբ արդեն բավականին ժամանակ է անցել, մենք տեսնում ենք, որ այդ հեղափոխության փաստացի «կրողները» շեղվել են ուղեծրից և բազմաթիվ անգամ ոտնահարել են այդ հեղափոխության բարձրագույն արժեքները, փաստացի չեն կատարել հեղափոխության բուն ընթացքում և դրանից հետո իրենց կողմից հնչեցված և ոչ մի խոստում, որոնք կտրուկ, շրջադարձային փոփոխություն պետք է բերեին Հայաստանի Հանրապետության քաղաքացու, և առհասարակ հայ ժողովրդի կյանքում: Ավելին՝ փաստացի նրանք է՛լ ավելի են վատթարացրել ՀՀ քաղաքացու կյանքը՝ հասնելով ընդհուպ հայոց պետականությունը կործանման վտանգի առաջ կանգնեցնելուն:
 
Թերևս այս է այն հիմնական պատճառը, որը հայ ժողովրդի մեջ այլևս ակնհայտորեն առաջացրել է հանրային նոր՝ բոլորովին այլ պահանջ, ինչն էլ վկայում են այն հարյուրավոր քաղաքացիները, որոնց հետ վերջին շրջանում ունեցել եմ բազմաթիվ բանավեճեր, զրույցներ, քննարկումներ:
 
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև արձագանքելով բազմաթիվ քաղաքացիների խնդրանք-պահանջներին, տեղեկացնում եմ, որ դուրս եմ գալիս փողոց՝ քաղաքացիական անհնազանդության ակցիաների միջոցով պայքարելու մեր ժողովրդին խաբած, ժողովրդական համընդհանուր շարժմանը «տեր» ինքնահռչակվաց, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքները փաստացի ոտնահարած և ոտնահարող անձանց դեմ:
 
Մեր նպատակների, հետագա անելիքների, գործողությունների մշակման և իրագործման նպատակով, սույն թվականի նոյեմբերի 26-ին, ժամը 13:00-ին բոլորիդ հրավիրում եմ Իջևանի շատրվանների հրապարակ՝ միասին քննարկելու մեր համընդհանուր պայքարի հետագա ընթացքը...»: