կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-26 15:46
Քաղաքական

Իջևանի Շատրվանների հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա է տեղի ունեցել

Իջևանի Շատրվանների հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա է տեղի ունեցել

Փաշինյանն ու իր թիմը ոտնահարել են «թավշյա հեղափոխության» արժեքները, հիասթափեցրել են իրենց սատարողներին և պետք է հեռանան՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը, ով այսօր Իջևանի Շատրվանների հրապարակում մասնակցել է քաղաքացիական անհնազանդության ակցիային՝ պայքարելու իրենց խաբած, հեղափոխության արժեքները փաստացի ոտնահարած և ոտնահարող անձանց դեմ։

Մի քանի օրից ակցիայի մասնակիցները ոտքով  կշարժվեն դեպի Երևան, նրանց կմիանան ցուցարարներ նաև այլ համայնքներից։

Սուրեն Մանուկյանը ԱԺ ՀՅԴ խմբակցությունում առաջինն էր, որ սատարեց Նիկոլ Փաշինյանի սկսած շարժմանը՝ վստահ, որ նոր երկրում ենք ապրելու։ Այժմ սակայն, մեղքի զգացում ունի, որ նաև իր օժանդակությամբ իշխանության եկավ ապազգային մի ուժ, որը երկիրը հասցրեց կործանման եզրին։

«ժողովրդի պահանջն է եղել, որ 2018-ին միացել եմ հեղափոխությանը, հիմա այդ նույն ժողովուրդը իմ առջև հարց է դնում, որ իշխանությունները պետք է հեռանան»,-ասաց Սուրեն Մանուկյանը։

Նա իջևանցիներից նամակներ է ստանում, որոնցում ասվում է՝ իշխանությունները ոտնահարել են հեղափոխության գաղափարախոսությունը, ձախողել են արժեքները։

«Հիմնական պատճառը դա է, որ դուրս ենք եկել և պայքարում ենք, որովհետև միայն հեղափոխական գաղափարախոսության վերականգնմամբ կարող ենք ունենալ հզոր երկիր։ Նման պայմաններում չենք կարող»,-ասաց Սուրեն Մանուկյանը։

Նախկին պատգամավորն ասում է՝ Փաշինյանի թիմից հիասթափվել են, քանի որ այս իշխանությունների գործողությունների մեջ չեն տեսել բարեփոխումներ հայեցակարգերում, ռեֆորմներ կրթական, տնտեսական ոլորտներում, դատական, ֆինանսական համակարգերում, մշակույթում, նոր տեխնոլոգիաների ոլորտում։

«Այն, ինչ ներկայացնում են, դրանք պարզապես վարչարարության արդյունքում ձեռք բերված արդյունքներ են, ոչ թե համակարգային փոփոխությունների արդյունքներ։ Ընդ որում, նախկին իշխանության ընդունած իրավական նորմերին համապատախան կատարված փոփոխություններ»,-ասաց Սուրեն Մանուկյանը։

Նա փաստեց, որ, քանի որ չկան ռեֆորմներ, նշանակում է՝ մենք իներցիայով շարունակում ենք նախկին իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, այդ իսկ պատճառով արդյունքները տեսանելի չեն։

Դրան գումարվեց նաև պատերազմում պարտվելը․ սա արդեն վերջին սահմանն էր։

«Մենք այն տեսակը չենք, որ համակերպվենք այս պարտության հետ, մենք եթե այսօր չխոսենք, լռենք, ես կարծում եմ, որ դավաճանած կլինենք ինքներս մեզ։ Հասարակությունից բազմաթիվ զանգեր եմ ստացել, որ մարդիկ, որոնք այն ժամանակ հեղափոխություն են կատարել, այսօր հիասթափված են․ հիմնականում պատերազմի այս  ոչ ճիշտ կազմակերպվածությունից, իրենց որդեգրած քաղաքականությունից, անօրինականություններից, որ տիրում են այսօր երկրում։ Հենց այդ էլ պատճառ է հանդիսացել, որ այսօր մենք որոշեցինք դուրս գալ և պայքարել փողոցում»,-ասաց Սուրեն Մանուկյանը։

Այսօր Իջևանի Շատրվանների հրապարակում որոշեցին առաջիկա անելիքը, ապա շարժվեցին զոհված ազատամարտիկների հուշարձան, ծաղիկներ դրեցին, հետո մոմ վառեցին տեղի եկեղեցում։ Մի քանի օրից ոտքով կշարժվեն դեպի Երևան։

Աննա Բալյան