Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաշխարհի համար անցնող շաբաթը ուղեկցւեց Հայաստանեան-Արցախեան տագնապալի ու գահավէժ իրադարձութիւնների շարունակմամբ... մէկ կողմից՝ ակնբախ էին համընդհանուր շոկային, սգոյ, ցասումի եւ անորոշութեան դրւագները, իսկ միւս կողմից՝ այդ ամէնը մասամբ մեղմացնելու եւ համերկրային մասշտաբով հասարակա-քաղաքական աննախանձելի իրավիճակը ինչ-որ կերպ բնականոն հուն վերադարձնելու իրողութիւններն են, առանցքում ունենալով ձախորդ իշխանութեան կամային, անցնցում հեռացումը: Իշխանութիւնը, սակայն, յատկապէս վարչապետի եւ իր խորհրդարանական մեծամասնական խմբակցութեան մեղսակցութեամբ խիստ անդրդւելի են հեռացման ու հրաժարման ըստ ամենայնի տրամաբանական ելքի ու պահանջների հանդէպ, որն, ինչ խօսք՝ համընդհանուր իրավիճակը առաւել բարդ ու անկանխատեսելի հետեւանքներով է պայմանաւորում:
Ահաւասիկ.-
ա-Երկրի Հանրապետութեան նախագահը, իր իսկ սահմանադրական լիազօրութիւնների շրջանակում, իշխանութեան հեռացման ու հրաժարման եւ հանրապետութիւնը նոր ու ատակ, ազգային համաձայնութեան կառավարութեամբ օժտելու առաջադրանք է ներկայացնում (համազգային-ներկայացուցչական խորհրդակցութիւնների արդիւնքում),
բ- Հայոց Առաքելական եկեղեցւոյ Գերագոյն հոգեւոր խորհուրդը, Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահութեամբ, Հանրապետութեան նախագահին համահունչ առաջադրանք է հրապարակում, երկիրը նոր ցնցումներից զերծ պահելու համար,
գ- Հայրենի մտաւորականութեան ներկայացուցչութեան շուրջ ութ տասնեակ գիտնականներ, մշակոյթի եւ արւեստի գործիչներ նոյն պահանջներով ստորագրահաւաք են հրապարակում,
դ- Հասարակա-քաղաքական մակարդակով շուրջ երկու տասնեակ կուսակցութիւն-կազմակերպութիւններ, աւելի քան մէկ շաբաթ, հազարաւոր ցուցարարների նեցուկն ունենալով՝ հանրահաւաքային-խաղաղ միջոցներով միեւնոյն պահանջներն են ներկայացնում ձախորդ իշխանութիւններին…
ե- Վերոգրեալ փաստերին զուգընթաց, տեղի են ունեցել արդէն աւելի քան երկու տասնեակ հրաժարականներ՝ իշխանական գործադիր, օրէնսդիր ու զինւորական օղակների պաշտօնէութեան դիմումներով…
Մնում է յուսալ, որ անցնող շաբաթւայ հասարակա-քաղաքական սրընթաց եւ իրերայաջորդ զարգացումներից սթափւելով՝ ձախորդ իշխանութիւնների (ցաւօք ցայժմ յամառող) ներկայացուցիչները կարձագանգեն օրինաչափ ու տրամաբանական ելքով՝ գերզգայուն եւ օրհասական ասպարէզը զիջելով ազգային համաձայնութեամբ ձեւաւորւելիք նոր կառավարութեանը:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ