Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Չնայած ԱԽ անդամ երկրների նախնական միակարծությանը՝ Խորհրդի վերջին նիստում ՄԽ համանախագահ երկրների ներկայացրած բանաձևը չի ընդունվել ամենայն հավանականությամբ Մեծ Բրիտանիայի կողմից շրջափակվելու պատճառով: Այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալու խնդրանքով «Հրապարակը» դիմեց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր ներկայացուցիչ, Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանին:
«Իհարկե ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի բացահայտում, թե որ երկիրն է դեմ քվեարկել, սակայն այնհայտ է, որ դա եղել է Մեծ Բրիտանիան: Հաշվի առնելով այն համգամանքը, որ բրիտանական «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությունն այս պատերազմի հետ կապված աջակցություն է հայտնել Ադրբեջանի կառավարությանը, ինչպես նաև վերջերս շրջանառության մեջ հայտնված այն տեղեկությունը, որ «Անգլիո-ասիան մինինգ» ընկերությունը Զանգելանի տարածաշրջանի ոսկու հանքերի շահագործման պայմանագիր է կնքել Ադրբեջանի կառավարության հետ (5 տարով հետախուզական, իսկ հետո 15 տարով շահագործման նպատակով):
Այսուհանդերձ ես չեմ կարծում, որ միայն բիզնես շահերն են մղում Մեծ Բրիտանիային գնալ նման քայլերի: Այդ երկիրը, փաստորեն ռիսկի է գնում, ցույց տալով, որ Թուրքիայից հետո, չհաշված Ադրբեջանը, ինքը երկրորդ երկիրն է, որ շահագրգռված է պատերազմի շարունակությամբ: Եթե մտածում ենք, որ խնդրո առարկա բանաձևով խնդիր էր դրվում դադարեցնել պատերազմը, բացառել երրորդ երկրների միջամտությունը, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների ներգրավումը, ապա ստացվում է, որ բանաձևի վրա վետո դնող երկիրը կողմ է թե պատերազմին, թե երրորդ երկրների միջամտությանը և թե ահաբեկչական խմբավորումների ներգրավմանն այս պատերազմում: Կարծում եմ, որ սա անմիջապես հարվածում է Մեծ Բրիտանիայի միջազգային վարկին և պետք է լուրջ հակազդեցության արժանանա մեր դիվանագիտության կողմից: Իհարկե, դիմացինը փոքրիկ երկիր չէ, ազդեցիկ երկիր է իր հայտնի գաղտնի ծառայություններով, իր ազդեցության լծակներով, սակայն բրիտանական ողջ ժողովուրդը, խաղաղասեր մարդկությունը, միջազգային հանրությունը պետք է իմանա, որ այս քայլով Մեծ Բրիտանիան, փաստորեն, դավաճանում է ժողովրդավարական արժեքներին, որոնք վաղուց ի վեր հռչակված են նաև իր կողմից»,- ասաց Հրայր Կարապետյանը: Նրա խոսքով՝ հենց միայն այն հանգամանքը, որ պատերազմն ընթանում է նավթա-գազային խողովակաշարերի հարևանությամբ և սպառնալիք է այդ խոշոր ծրագրերին, խոսում է այն մասին, որ ՄԲ աջակցությունն այս պատերազմին բավականին կարճամիտ հաշվարկի հետևանք է:
«Պետք է ամեն ինչ անել, որ այս ընթացքում դիմակազրկվեն և միջազգային հանրության արգահատանքին արժանանան բոլոր այն պետություններն ու ուժերը, որոնց թույլտվության կամ անտարբերության հետևանքով այսօր Արցախում տեղի է ունենում իսկական ցեղասպանություն, ավերվում, երկրի երեսից անհետանում են խաղաղ բնակավայրերը, կան հազարավոր զոհեր երկու կողմերից: Սա մեր դիվանագիտության հանձնառությունը պետք է լինի»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Մեր հարցին, թե ինչ կարող էր տալ ՄԱԿ-ի բանաձևն այս պատերազմը դադարեցնելու, տևական և կայուն զինադադար հաստատելու առումով, և ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել հայկական կողմը, Կարապետյանը պատասխանեց. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի բանաձևն այն միակ փաստաթուղթն էր, որ պարտադիր ուժ կարող էր ունենալ՝ սանձելու այս պատերազմը, սանձելու երրորդ երկրների մասնակցությունը, տվյալ դեպքում Թուրքիային նկատի ունեմ, և սանձելու ահաբեկչական կառույցներին այս պատերազմում ներգրավելու գործընթացը՝ ընդհուպ պատժամիջոցների կիրառմամբ և հակամարտության գոտում ՄԱԿ խաղաղապահ ուժերի տեղակայմամբ: Իսկ ինչ վերաբերում է մեր անելիքներին, ապա մենք դիվանագիտական բոլոր մակարդակներում պետք է խոսենք այս մասին, այս խնդիրը պետք է քննարկման առարկա դառնա բոլոր գործընկեր երկրների հետ մեր շփումներում: Կարելի է ասել՝ կամուրջներ են այրվել, ինչի մասին լռել այլևս չի կարելի»:
Մեր կողմից հավելենք նաև, որ ՀՀ արտգոծնախարարության, ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչության կայքերում մենք այդպես էլ չգտանք որևէ հաղորդագրություն, որ հավելյալ լույս կսփռեր մեզ համար կենսական նշանակություն ունեցող բանաձևի բովանդակության վրա: Ավելին ասենք՝ ի՞նչ սպասել միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցչություններից առհասարակ, եթե նրանց կայքերի առաջին էջերում «նոյի թվին» տեղադրված նյութերն են միայն աչքի զարնում: Թուրքիան, մեկ րոպե անգամ չէր հապաղի իր դեսպանին հետ կանչել Անգլիայից, բայց մենք ո՞ւմ հետ կանչենք, երբ Մեծ Բրիտանիայում դեսպան չունենք դեռ այն ժամանակներից, երբ Արմեն Սարգսյանը դարձավ ՀՀ նախագահ:
Աղբյուրը՝ Hraparak.am