կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-25 11:36
Քաղաքական

Իշխանության ժամկետի 1/3֊ն անցել է, և քաղաքացու կյանքում բան չի փոխվել կամ կյանքն ավելի է վատացել. Ա. Կյուրեղյան

Իշխանության ժամկետի 1/3֊ն անցել է, և քաղաքացու կյանքում բան չի փոխվել կամ կյանքն ավելի է վատացել. Ա. Կյուրեղյան

Իշխանափոխությունից անցել է երկու տարի, այդ ընթացքում արված փոփոխությունների, նոր իշխանության՝ երկիրը ղեկավարելու կարողության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանի հետ:

-Տիկին Կյուրեղյան, լրացել է իշխանափոխության երկու տարին, հայտարարվում էր, որ դրական փոփոխություններ են լինելու, մարդիկ սկսե՞լ են այս երկու տարում ավելի լավ ապրել, թե՞ հակառակն է:

- Նախ թույլ տվեք Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրվա կապակցությամբ իմ խոնարհումը հայտնել Մեծ եղեռնի սրբադասված մեր նահատակների հիշատակի առջև և մեկ անգամ ևս հավելել, որ ՀՅ Դաշնակցությունը միշտ առաջին շարքերում է եղել և շարունակում է լինել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության, վերականգնման և պահանջատիրության հարցը օրակարգում պահելու գործում:

Այո, իշխանափոխության երկու տարին է անցել, բայց, ցավոք սրտի, մեր քաղաքացիների կյանքում շատ բան չի փոխվել, իսկ եթե նույնիսկ փոխվել է, ապա որոշ դեպքերում դեպի վատը: Եվ դա ավելի խորն է զգացվում, այսպես կոչված, հեղափոխությունից մեծ ու դրական փոփոխությունների սպասումների համատեքստում: Մի բան է, երբ ոչ մի լավ բանի չես սպասում, մեկ այլ բան՝ երբ սպասում ես կյանքի որակի էական, դրական փոփոխությունների ու ո՛չ տեսնում ես, ո՛չ զգում:

Հիշեցի մի դեպք. ՀՀ վարչապետերից մեկը Գյումրիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է,

- Սիրելի գյումրեցիներ, այսուհետ մենք ավելի լավ ենք ապրելու:

- Հբը մե՞նք, - հարցնում է հրապարակում կանգնածներից մեկը:

Հիմա մեզ մոտ նույն իրավիճակն է: Այսօր իշխանության եկած քայլարածներն էապես ավելի լավ են ապրում, քան իշխանափոխությունից առաջ: Բայց մի՞թե դա էր ուզում մեր ժողովուրդը, երբ երկու տարի առաջ դուրս եկավ հրապարակ՝ «մերժի՛ր Սերժին» պահանջով: Իհարկե, ոչ: Այսօր մեր ժողովուրդը իր կյանքի որակի դրական փոփոխություն չի զգում և դրա վառ ապացույցն էին մինչ կորոնավիրուսային արտակարգ իրավիճակը, ամեն օր տարբեր սոցիալական խմբերի բողոքի ակցիաները կառավարության շենքի առաջ, այս կամ այն համայնքում, այս կամ այն ճանապարհները փակելիս, իշխանությունների՝ այդքան շատ սիրված ֆեյսբուքում օր օրի աճող բողոքի գրառումները և այլն: Եթե այս ամենին ավելացնենք նաև օրվա իշխանությունների կողմից կորոնավիրուսային մարտահրավերները լուծելու անկարողության արդյունքում երկրում աճող սոցիալական խնդիրների խորացումը, ապա Ձեր հարցի պատասխանը ցավալիորեն միարժեք է՝ մեր քաղաքացիները այս երկու տարում ոչ միայն ավելի լավ չեն սկսել ապրել, այլ ընդհակառակը՝ սկսել են ավելի վատ ապրել:

- Հեղափոխություն ,տնտեսական հեղափոխություն, գողացածի վերադարձ, սոցիալական բեռի թեթևացում. սրանք թեզեր էին, որոնք հնչեցնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արե՞ց կամ ի՞նչն է խանգարում դա անել։

- Ի՞նչ տնտեսական հեղափոխության մասին կարող է խոսք լինել, եթե ՀՀ տնտեսությունը շարունակում է իներցիոն բնույթ կրել,  տնտեսության կառուցվածքում չկան հիմնարար փոփոխություններ, որոնք առաջընթաց կապահովեն: Օրվա տնտեսական քաղաքականության մեջ, ինչպես և նախկինում, չկա գաղափարախոսություն:    Գյուղատնտեսությունն անկում է ապրում, շինարարության ծավալները, ըստ էության, աճ չունեն: Ինստիտուցիոնալ մակարդակում ձևավորված չէ այնպիսի համակարգ, որը կնպաստեր ներդրումների աճին: Ցանկացած խոշոր ներդրող նախ ճշտում է, թե արդյոք մեր երկրի ներդրումային իրավիճակը համահո՞ւնչ է իր սպասելիքներին, թե՞ ոչ, և, իհարկե, իր համար պարզում է բացասական պատասխան:

Ի՞նչ գողացածի և ու՞մ վերադարձրածի մասին կարող է խոսք լինել, եթե այսօր մեր իշխանավորների միայն պարգևավճարներն ավելին են, քան նույն այդ իշխանավորների կողմից հայտարարած այն գումարների չափերը, որոնք նրանք իբրև թե հետ են բերել նախկին պաշտոնյաներից՝ տարբեր չարաշահումների բացահայտումների արդյունքում: Ի՞նչ սոցիալական բեռի թեթևացման մասին կարող է խոսք լինել, եթե կառավարությունն ու վարչապետն անձամբ ժողովրդին կոչ է անում աղքատությունը հաղթահարել իրենց ուղեղներում, ինքնուրույն մտածել աշխատատեղերի ստեղծման մասին, ամեն օր մի նոր պատասխանատվության բեռ պետությունից գցում է մասնավորի վրա:

Գիտեք, Փաշինյանի կողմից հնչեցրած տնտեսական հեղափոխության, գողացածի վերադարձի, սոցիալական բեռի թեթևացման վերաբերյալ թեզերի կատարման մակարդակը գնահատելու համար նախ պետք է ճշտենք, թե ի՞նչ է ի նկատի ունեցել նա այդ ամենը ասելիս: Միգուցե նրա թիմի և ժողովրդի ընկալումներն այդ թեզերի նկատմամբ տարբե՞ր էին:

 - Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ունի երկիրը կառավարելու կարողություն:

- Ավելի դիպուկ, քան հենց ինքը Փաշինյանը, հնարավոր չէ պատասխանել այդ հարցին: Հիշենք, որ դեռ 2018 հոկտեմբերին նա դիմեց հանրությանը և ասաց, որ իրենք չեն կարող կառավարել, քանի դեռ Ազգային Ժողովը չի փոխվել: Սահմանադրական կարգի տապալման փորձի արդյունքում հասավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ձևավորեց միակուսակցական սահմանադրական մեծամասնությամբ Ազգային ժողով, իր քիմքին հաճո կառավարություն: Բայց նորից հասկացավ, որ չի կարողանում կառավարել և այս անգամ սահմանադրական կարգի տապալման նոր փորձի արդյունքում շրջափակել տվեց դատարանները և այսօր էլ հայտարարում է, որ իր ծրագրերի իրականացմանը խանգարում է Սահմանադրական դատարանը: Փաշինյաննն ու նրա կառավարությունն ստացել են բացառիկ հնարավորություն՝ ամբողջական ձևավորված իրեն հպատակ խորհրդարանական մեծամասնություն, և կարող են կյանքի կոչել երկրում կյանքի որակի բարելավման ցանկացած ծրագիր, բայց չեն կարողանում դա անել:

Արդեն երկու տարի է անցել, իրենց իշխանության ժամկետի 1/3-ը, սակայն երկրի ներքին ու արտաքին խնդիրները շարունակում են մնալ չլուծված, իսկ Փաշինյանի թիմը զբաղված է իրենց քաղաքական, անձնական նպատակների բավարարմամբ: Նրանք դեռ իրենց անկարողությունները հիմնավորում են հների վրա հղումներով, իրենց նորանոր խանգարողներ փնտրելով, ժողովրդին նորանոր տեսարաններ հրամցնելով: Կա տարածված մի թևավոր խոսք. «եթե ապրում ես անցյալով, ուրեմն ներկա ու առավել ևս, ապագա չունես»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։