Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը 2018 թվականին վարչապետ լինի, որո՞նք կլինեն նրա քայլերը, պատասխանեց, որ «եթե»-ով հարցերին չի ուզում պատասխանել: «ՀՀԿ-ն որոշումը կկայացնի, իր թեկնածուին կներկայացնի այդ ժամանակ կասենք մեր կարծիքը»,- ասաց Ծառուկյանը:
«Իսկ արդյո՞ք նախընտրելի թեկնածու է իրենց համար Սերժ Սարգսյանը» հարցին էլ պատասխանեց, որ այդ իրավունքը տրված է ՀՀԿ-ին, որովհետև իրենք ընտրությունների ժամանակ ձեռք են բերել առավելագույն՝ 50+1 ձայն: Ըստ Ծառուկյանի՝ այս պարագայում և՛ որոշողը, և՛ առաջարկողը ՀՀԿ-ն է:
Հարցին՝ չի՞ խոչընդոտելու, եթե ժողովուրդն ընդվզի Սերժ Սարգսյանի` վարչապետ լինելու դեմ, նա արձագանքեց. «Խոչընդոտողը պետք է լինի մեր ժողովուրդը, իսկ նա գնացել իր ձայնը` 50+1-ը, տվել է Հանրապետականին: ՀՀԿ-ն է պատասխանատու երկու երկրների, ժողովրդի անվտանգության համար: Ես մեր ժողովրդին ներկայացրել էի 15 կետերը, ասել էի` տվեք 50+1 տոկոս ձայն, և ես 15 կետերը կկատարեմ, գումարի բերման աղբյուրն էի նշել, ասում էին` Ծառուկյանը բլեֆ ա արել: Համապատասխան մարդը ելավ հեռուստացույցից ասեց, որ մենք պատրաստակամ ենք Ծառուկյանի ծրագրին ուշադրություն դարձնենք, գումարներ ներդնենք»:
Ինչ վերաբերում է հարցին՝ եթե ժողովուրդն ընդվզի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, ի՞նչ քայլի կդիմի, Ծառուկյանը պատասխանեց, որ եթե ժողովուրդն ընդվզող էր, թող այդ ժամանակ ձայնը տար ում հավատացել էր: Ապա նշեց, որ ինքն այնքան քաղաքական փորձ ունի, որ ցանկացած հարցի լիարժեք պատասխան կտա: Դիմելով լրագրողներին՝ Ծառուկյանը նաև ասաց. «Լրագրողներն ուզում են մի հատ ճչացող վերնագիր գրեն, որ բոլորը կարդան, բայց տակը դատարկ լինի»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, նա նշեց, որ նման հարց իրենց կուսակցությունը դեռ չի քննարկում: Հարցին՝ բացառո՞ւմ է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը, պատասխանեց. «Կյանքում ոչ մի բան չեմ բացառում, ցանկացած դեպքում իմ խոսքը, խոստումը իմ ժողովրդին պահելու եմ-պահպանելու եմ»: