Արդեն տեղեկացրել էինք, որ Արցախում զոհվել է գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանը։
Երևանի Սուրբ Աննա եկեղեցուց տեղեկանում ենք, որ բարեշնորհ սարկավագը կհուղարկավորվի վաղը՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը։
(Մտ 10:28)
Այսպես Տիրոջից իրեն բաժին հասած սակավ կյանքի ընթացքում բարեշնորհ՝Նարեկ սարկավագ Պետրոսյանը, Տիրոջ խոսքը ոչ միայն շուրթերին, այլև ամեն վայրկյան սեփական կենցաղավարությամբ քարոզելով, այս օրերին նույնպես՝ առաքելական խոսքի համաձայն հագավ Աստծո սպառազինությունը՝ հոգու սուսերն ու հավատի վահանը։ Իր ոտքերն ամրացրեց խաղաղության Ավետարանով և մեկնեց կյանքի ընթացքում քարոզածը, սովորության համաձայն, կյանքի կոչելու և հենց այնտեղ էլ հավատքի և հայրենիքի մերօրյա նահատակը դարձավ՝ ուղևորվելով դեպի Տիրոջ երկնային, լուսեղեն հարկերը, որպեսզի այնտեղից՝ Տիրոջ հաղթական դրոշը մշտապես գլխավերևում պարզած՝ աղոթք բարձրացնի հավիտենական խաղաղության համար։
Բարեշնորհ Նարեկ սարկավագի Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր՝ 30․10․2020-ին երեկոյան ժամը 18։00-ին ԱՀԹ Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (թաղապետարանի ետնամասում), իսկ վերջին հրաժեշտը, վաղը՝ 15։00-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում։