|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին։ Այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը։
«Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկության համաձայն՝ Ադրբեջանը շարունակում է հրթիռահրետանային միջոցներով թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:
Ճշտված տեղեկություններով կեսօրին Ադրբեջանը կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները, որտեղ ապաստանել էին մի շարք այլ համայնքներից ժամանակավորապես տեղահանված քաղաքացիական բազմաթիվ անձինք: Հարվածի հետեւանքով երեք կին վիրավորվել է, ինչպես նաեւ ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների եւս:
Հաշվի առնելով, որ տվյալ համայնքի մոտ առկա չէ որեւէ ռազմական օբյեկտ, ինչպես նաեւ խիտ բնակեցված հատվածում կիրառվել է ազդեցության լայն շառավղով արգելված կասետային հրթիռ՝ ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ուժերը հանցավոր դիտավորություն ունեին թիրախավորելու հենց քաղաքացիական բնակչությունն ու օբյեկտները: Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական վայրագությունները պատշաճ արձագանքի արժանացնելու եւ դադարեցնելու ուղղությամբ»,- հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։