Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս վերլուծությունը գրելու պահին՝ 2020 թ. հոկտեմբերի 5-ին, պատերազմը, մի կողմից Հայաստանի ու Արցախի, մյուս կողմից Թուրքիայի, Ադրբեջանի և իսլամիստ վարձկանների միջև, շարունակվում է զինվորների և խաղաղ բնակիչների անթիվ կորուստներով և քաղաքների ու գյուղերի լայնամասշտաբ ավերածություններով։ Այս շաբաթ վերլուծելու եմ գլխավոր դերակատարներից յուրաքանչյուրի դերը հակամարտության մեջ։
ԱԴՐԲԵՋԱՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հրաժարվելով ընդունել Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը և հետևելով հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու իր բազմաթիվ սպառնալիքներին՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին լայնածավալ հարձակում սկսեց Հայաստանի և Արցախի դեմ: Պատերազմից առաջ Ադրբեջանն ապահովեց Թուրքիայի զինված ուժերի և Սիրիայից մեծ թվով ահաբեկիչների աջակցությունը, որոնք վարձատրվում են Թուրքիայի կառավարութան կողմից:
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն անտեսեցին հրադադարի հաստատման մասին բոլոր կոչերը, այդ թվում՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համատեղ հայտարարությունը: Ալիևը հայտարարեց, որ հրադադար և բանակցություններ չեն լինի, քանի դեռ հայկական ուժերը չեն լքել Արցախը: Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն ցանկանում են գրավել Արցախը, այլ հայերի նկատմամբ իրագործել երկրորդ ցեղասպանությունը: Սա սպառնալիք է հայ ժողովրդի գոյությանը: Դա պատերազմ է ամբողջ աշխարհի տասը միլիոն հայերի դեմ: Բարեբախտաբար, հայերը հասկացել են իրենց գոյությանը սպառնացող լուրջ վտանգը և համատեղել ուժերը թշնամուն հետ մղելու համար: Թուրք-ադրբեջանական հարձակումը ձախողելուց հետո, Հայաստանը պետք է մերժի բանակցությունների բոլոր առաջարկները և պաշտպանի Արցախի հողը, որն ազատագրվել է մեր քաջ երիտասարդների արյունով։ Ադրբեջանը և Թուրքիան հարձակվել են ոչ միայն հայկական ռազմական թիրախների, այլ նաև խոշոր քաղաքների և գյուղերի խաղաղ բնակչության վրա: Սա ռազմական հանցագործություն է, որի համար Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվություն կրեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Արդարադատության միջազգային դատարանի առջև:
Հայաստանը նաև պետք է բողոք ներկայացնի ՄԱԿ-ին, քանի որ Ադրբեջանը ստորագրել է ՄԱԿ-ի «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և պատրաստման դեմ միջազգային կոնվենցիան»: Կոնվենցիան նախատեսում է պատիժ «համապատասխան պատժամիջոցներով՝ հաշվի առնելով այդ հանցագործությունների ծանր բնույթը»:
ԹՈՒՐՔԻԱ
Թուրքիան չպետք է որևէ դերակատարություն ունենա Արցախյան հակամարտության մեջ: Էրդողանն անընդհատ խոսում է մեկ ազգ, երկու պետության մասին՝ հղում անելով Ադրբեջանին և Թուրքիային: Ինչո՞ւ այդ դեպքում նա չի ընդունում նույն գաղափարը Հայաստանի և Արցախի համար: Թուրքիան իրավունք չունի խոսել Արցախի կարգավիճակի մասին, քանի որ նա ինքը գրավել է Հյուսիսային Կիպրոսը 1974 թվականին:
Բավականին երկար ժամանակ Թուրքիան զինել և պատրաստել է ահաբեկիչներ Սիրիայում, Իրաքում և Լիբիայում, իսկ այժմ՝ Ադրբեջանում: Միջազգային հանրությունը նույնքան մեղավոր է, որքան Թուրքիան՝ ահաբեկչական գործունեության համար նրա դեմ պատժամիջոցներ չկիրառելու համար: Էրդողանը հասկացել է, որ կմարսի սպանությունները, և ոչ մի երկիր ծպտուն չի հանի։ Ժամանակն է փակել Էրդողանի բերանը և սանձել նրա ընդարձակողական նկրտումները։
Բացի ֆիզիկական պատերազմից, կա նաև քարոզչական և կեղծիքների պատերազմ, որը վարում են Ադրբեջանն ու Թուրքիան: Ինչպես միշտ, Թուրքիան ստում է ամենաակնհայտ փաստերի մասին: Եթե նա կարող է ժխտել 1.5 միլիոն հայերի ցեղասպանությունը, ապա կարող է նաև ժխտել, որ Ադրբեջանում ռազմական ուժեր ու խորհրդականներ ունի, որոնք պայքարում են Հայաստանի և Արցախի դեմ: Թուրքիան հերքում է նաև, որ նա իսլամիստ ահաբեկիչներ է հավաքագրել Արցախում կռվելու համար:
ԱՀԱԲԵԿԻՉ ՎԱՐՁԿԱՆՆԵՐ
Հյուսիսային Սիրիայից հարյուրավոր, եթե ոչ հազարավոր իսլամիստ ահաբեկիչներ են հավաքագրվել Թուրքիայի կողմից՝ մեկնելու Ադրբեջան՝ Հայաստանի ու Արցախի դեմ կռվելու համար: Վերջին օրերին նրանց հեռախոսազանգերից շատերը ձայնագրվել են, որում ասվում է, որ Թուրքիան նրանց մոլորության մեջ է գցել՝ համոզելով, որ իրենք միայն պահակային պարտականություններ են կատարելու, այլ ոչ թե՝ պատերազմելու: Ահաբեկիչները հայտարարել են, որ ցանկանում են հեռանալ, բայց նրանց չեն թողնում: Նրանք եկել են Ադրբեջան այն բանից հետո, երբ Թուրքիան ամսական մի քանի հազար դոլար է առաջարկել նրանց: Չնայած Ադրբեջանի և Թուրքիայի հերքումներին՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայություններն արձանագրել են ահաբեկիչների հեռախոսազանգերը, որոնք խոսում են արաբերեն ու թուրքերեն և իրենց գործընկեր ահաբեկիչներին խորհուրդ են տալիս չգալ Ադրբեջան:
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանը միակ համաշխարհային տերությունն է, որը կարող է դադարեցնել մարտերը, ինչպես դա բազմիցս արել է նախկինում: Կամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ի վիճակի չէ ճնշել Ադրբեջանի և Թուրքիայի վրա զինադադար հայտարարելու հարցում կամ չի ցանկանում դա անել, քանի դեռ Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից զիջումներ չի կորզել իր իսկ շահերի համար:
Խնդիրն այն է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է, որը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր ունի Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ մի շարք այլ պետությունների հետ: Մինչ այժմ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին՝ իրեն պաշտպանելու Ադրբեջանի հարձակումներից ընդդեմ Հայաստանի Հանրապետության` հայտարարելով, որ կարող է պաշտպանել իր սեփական տարածքը: Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ին խնդրի ապահովել իր պաշտպանությունը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հարձակումներից: Եթե Հայաստանը դիմի, իսկ ՀԱՊԿ-ը մերժի կատարել իր պայմանագրային պարտավորությունները, ապա մենք կիմանանք, որ ՀԱՊԿ-ն գոյություն ունի միայն թղթի վրա։ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև կարող են լինել կուլիսային բանակցություններ`ճիշտ ժամանակին Հայաստանին օգնության հասնելու համար՝ նախքան Հայաստանը վտանգի ենթարկվի:
Հայաստանին աջակցելը բխում է նաև Ռուսաստանի սեփական շահերից: Նախևառաջ, Կովկասի տարածաշրջանը համարվում է Ռուսաստանի ազդեցության գոտի, որտեղ չպետք է թույլ տրվի ոտնձգություններ Թուրքիայի կողմից։ Երկրորդ, իսլամիստ ահաբեկիչները, որոնք Թուրքիան ուղարկել է Ադրբեջան, կարող են ի վերջո սպառնալիք հանդիսանալ Ռուսաստանի անվտանգության համար: Որքան շուտ Ռուսաստանը ճնշում գործադրի Ադրբեջանի և Թուրքիայի վրա ահաբեկիչներին հետ ուղարկելու համար, այնքան լավ իր իսկ շահերի համար:
Հայաստանը նաև դժգոհ է, որ Ռուսաստանը ժամանակակից ինքնաթիռներ և հրթիռներ է վաճառում Ադրբեջանին: Դա անընդունելի վարք է Հայաստանի ռազմավարական դաշնակցի կողմից: Հասկանալի է, որ Ռուսաստանն այդ ռազմական վաճառքն իրականացնում է իր տնտեսական շահերի համար, սակայն հայերն ստիպված են անընդհատ Ռուսաստանին հիշեցնել, որ նա խարխլում է Ռուսաստանի հեղինակությունը Հայաստանում`զենք մատակարարելով Հայաստանի թշնամուն:
ԻՐԱՆ
Իրանի կառավարությունը միշտ չեզոք դիրքորոշում է պահպանել Հայաստան-Ադրբեջան հակամարտության մեջ: Ներկա պատերազմում Իրանը անհանգստացավ, երբ ադրբեջանական հրթիռներն ընկան Իրանի տարածքը՝ վիրավորելով մի երեխայի: Իրանը նաև իր լուրջ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչների ներմուծման կապակցությամբ, որոնք կարող են վտանգ ներկայացնել Իրանի անվտանգության համար:
ԻՍՐԱՅԵԼ
Ամոթալի է, որ Իսրայելի կառավարությունը շարունակում է ժամանակակից անօդաչու թռչող սարքեր ու հրթիռներ մատակարարել Ադրբեջանին՝ ադրբեջանական նավթի դիմաց: Արդյոք Իսրայելը, եթե գոյություն ունենար Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, զենք կվաճառե՞ր Հիտլերին ֆինանսական շահույթի դիմաց: Զարմանալի չէ, որ անցյալ շաբաթ Հայաստանը Թել Ավիվից հետ կանչեց իր նորանշանակ դեսպանին: Ամերիկահայերը պետք է ազդեն ամերիկացի հրեաների և ամերիկյան հրեական կազմակերպությունների վրա, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին զինելը բարոյական տեսանկյունից գարշելի է, և նա պատասխանատու կլինի հայ խաղաղ բնակիչների և զինվորների մահվան համար: Նույնիսկ պատերազմի այս թեժ պահին Իսրայելում տեսել են բազմաթիվ ադրբեջանական բեռնատար ինքնաթիռներ, որոնք գերժամանակակից զենքեր են բեռնում Ադրբեջանի համար․․․
ՖՐԱՆՍԻԱ
Ֆրանսիան աշխարհում միակ երկիրն է, որ ճշմարտությունն է ասել հակամարտության մասին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ադրբեջանն է նախաձեռնել Արցախի վրա հարձակումը, ինչպես նաև հաստատեց, որ Թուրքիան իսլամիստ ահաբեկիչներին ուղարկել է Ադրբեջան: Պարզ չէ, թե ինչ է անելու Ֆրանսիան, բացի խոսքերից, այնուամենայնիվ աշխարհասփյուռ հայերը գնահատում են Ֆրանսիայի դիրքորոշումը:
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Եթե Միացյալ Նահանգները ցանկանար, ապա կարող էր նաև ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ հայ-ադրբեջանական հակամարտությունից հեռու մնալու համար։ Ցավոք, չնայած Թրամփի հայտարարությունը, որ ինքը կքննարկի հակամարտությունը, ոչինչ չի արվել։ Էրդողանի հետ Թրամփի սերտ բարեկամությունը հայերին ոչ մի հույս չի ներշնչում, որ Միացյալ Նահանգները միջնորդի դեր կխաղա հակամարտության մեջ, հատկապես այն ժամանակ, երբ Թրամփը վարակված է կորոնավիրուսով:
Միակ դրական գործողությունը Ներկայացուցիչների պալատի կողմից նախատեսվող թիվ 1165 բանաձևի ընդունումն է, որը դատապարտում է Ադրբեջանին Արցախի դեմ հարձակման և մեղադրում Թուրքիային Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցելու համար: Դատապարտման սահմաններից դուրս՝ Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, դադարեցնի ռազմական և արտաքին օգնությունը երկու երկրներին և նրանց հայտարարի ահաբեկչական պետություններ․․․
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ամփոփելով, Հայաստանը չի կարող հույսը դնել ոչ մեկի վրա, բացի սեփական ժողովրդից` իր հայրենիքը պաշտպանելու համար: Շատ հուսադրող է, որ աշխարհասփյուռ հայերը օգնության հասան Հայաստանին և Արցախին՝ նվիրաբերելով դրամական միջոցներ և հումանիտար պարագաներ: Համայն հայությունը ստիպված է շարունակել հակազդել ադրբեջանական և թուրքական ռազմական ու քարոզչական հարձակումներին: Երբ Ադրբեջանը տեսնի, որ իր բանակը չի կարողացել որևէ արդյունքի հասնել, ստիպված կլինի ընդունել, որ Արցախը երբեք չի դառնա Ադրբեջանի մաս: Ադրբեջանական և թուրքական այս լկտի հարձակումներից հետո ոչ մի հայ չի համաձայնի, որ Արցախի ժողովուրդն ապրի կաշառված բռնապետ Ալիևի դաժան իշխանության ներքո:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի