Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՍԴ-ն 4-րդ դատական ատյան չէ և վերդասության կարգով չի ստուգում դատավորների կայացրած ակտերի օրինականությունն ու հիմնավորվածությունը և, ըստ այդմ, բացահայտում դատավորների թույլ տված դատական սխալները. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված՝ ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ խունդկարյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով իր մոտեցումները։
Մինչ այդ նա ԱԺ տարածքում հանդիպել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ։
Խունդկարյանն ասաց, որ դատարանների կայացրած դատական ակտերը ընդամենը միջոց են վիճահարույց նորմի ձևավորած իրավակիրառ պրակտիկան ուսումնասիրելու համար։
«Հետևաբար, ՍԴ որոշումներում որևէ գնահատական չի կարող տրվել այլ դատարանների գործողությունների և եզրահանգումների իրավաչափությանը, ինչը ենթադրում է, որ ՍԴ-ն պետք է որոշակի զգուշավորություն դրսևորի որոշումներում տրված իր ձևակերպումներում՝ դատական իշխանության մյուս սուբյեկտներին չհեղինակազրկելու առումով»,- ասաց նա։
Երվանդ Խունդկարյանի համոզմամբ՝ ՍԴ-ի խնդիրն է ստուգել դատարանի կողմից կիրառման ենթակա կամ արդեն իսկ կիրառված նորմի սահմանադրականությունը՝ առաջին դեպքում խախտելով մարդու իրավունքների հնարավոր խախտման փաստը, իսկ երկրորդ դեպքում՝ նախադրյալներ ապահովելով այդպիսի խախտումը վերացնելու համար։
«Հարկ է նշել, որ ՍԴ-ի կողմից որևէ դատարանի կիրառած օրենքի՝ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու որոշումը ինքնին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու հիմք չէ»,- ընդգծեց Երվանդ Խունդկարյանը։
Նա ասաց, որ այդպիսի վարույթ կարող է հարուցվել միայն դատավարության մասնակցի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերաբերյալ համապատասխան բողոք կամ դիմում ներկայացնելու պարագայում՝ ընթացակարգը պահպանելով։ Ինչպես նաև դա պետք է ազդած լինի գործի ելքի վրա։
«Սա փաստում է այն իրողությունը, որ, ամենևին չարժեզրկելով ՍԴ որոշումների դերը և կարևորությունը, միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ դրանք ինքնըստինքյան չեն կարող հետևանքներ առաջացնել արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի համար։ Այդուհանդերձ, նկատի ունենալով, որ թե՛ ՍԴ որոշումները և թե՛ ցանկացած դատական ակտ, ի վերջո, ուղղված է անձի իրավունքների պաշտպանությանը, դատական իշխանության մարմինները պետք է ոչ թե մրցակցեն, այլ ապահովեն միմյանց միջև կառուցողական երկխոսությունը և համագործակցությունը՝ ապահովելով անձի իրավունքների իրապես պաշտպանվածությունը, ինչպես նաև նպաստելով մեր երկրում սահմանադրական մշակույթի ամրապնդմանը»,- ասաց Խունդկարյանը։
Նման համագործակցության՝ նրա տեսլականը հանգում է հետևյալին՝․ ՍԴ-ին պետք է օժտել սահմանադրական նորմերի պաշտոնական մեկնաբանություն տրամադրելու ինքնուրույն լիազորությամբ. «Սա մեծապես կնպաստի Սահմանադրության կայունության ապահովմանը՝ կանխելով ՀՀ-ում Սահմանադրության տեքստի հաճախակի փոփոխությունները»։
Համագործակցության հաջորդ ուղղությունը նա համարում է ՍԴ-ի և մնացած դատարանների դատավորների մասնակցությամբ թեմատիկ սեմինարներ կազմակերպելը, որը հնարավորություն կտա բացահայտելու դատական իշխանության տարբեր սուբյեկտների մոտ արդարադատության իրականացման խնդիրները և գտնելու լուծումներ։
«Կարևորում եմ նաև ՍԴ դատավորների, որպես դասընթացավարի, ներգրավումը Արդարադատության ակադեմիայում ապագա դատավորների պատրաստման գործում»,- ասաց նա։
Խունդկարյանը վստահեցրեց, որ ՍԴ-ն ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պետք է առավել ակտիվ դերակատարում ունենա, մասնավորապես՝ ՍԴ-ն պետք է դառնա մարդու իրավունքների պաշտպանության այնպիսի արդյունավետ միջոց, որը կկրճատի ՄԻԵԴ ներկայացվող գանգատների թիվը։
Երվանդ Խունդկարյանը ԱԺ բարձր ամբիոնից, որպես Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածու, հարկ համարեց անդրադառնալ սահմանադրական արդարադատության մի շարք խնդիրների։ Ասաց, որ սահմանադրական արդարադատությունը, կոչված լինելով ապահովել Սահմանադրության գերակայությունը, ՀՀ-ում անցել է ձևավորման և կայացման որոշակի ճանապարհ, որը պայմանականորեն կարող ենք բաժանել 3 փուլի։
Առաջին փուլի մեկնարկը տրվեց 1995 թ.-ին՝ ՀՀ Սահմանադրության ընդունմամբ, որով նախատեսվեց ՍԴ կազմավորման կարգը և լիազորությունների շրջանակը՝ առանց ուղղակիորեն ամրագրելու սահմանադրական արդարադատության ոլորտում ՍԴ մասնագիտացված մարմին լինելու հանգամանքը։
Երկրորդ փուլի սկիզբը դրվեց 2005 թ. Սահմանադրության բարեփոխումներով, որով ՀՀ Սահմանադրությունն ուղղակիորեն ամրագրեց, որ ՀՀ-ում սահմանադրական արդարադատությունը իրականացվում է ՍԴ-ի կողմից. «Այս կերպ ընդգծվեց իրավական այն կարևոր գաղափարը, որ ՀՀ-ում սահմանադրական արդարադատությունը իրականացվում է հատուկ մասնագիտացված մարմնի կողմից»։
Սահմանադրական արդարադատության զարգացման հաջորդ փուլը կապված է 2015 թ.-ին կայացած հանրաքվեի արդյունքում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ընդունման հետ։ Այն փոփոխեց ՍԴ դատավորների ընտրության կարգը։
«ՀՀ ՍԴ դատավորներին ընտրում է ԱԺ-ն, սակայն այս գործընթացին թեկնածու առաջադրելու եղանակով մասնակցում են նաև իշխանության մյուս ճյուղերը, այդ թվում՝ նաև դատական իշխանությունը՝ ի դեմս Դատավորների ընդհանուր ժողովի, որի մասնակցությունը ՍԴ կազմավորման գործընթացին կարևորում եմ այնքանով, որքանով որ ՍԴ-ն, լինելով դատական իշխանության կրողը, այդ իշխանության մի մասնիկը, օրգանական սերտ կապի մեջ պետք է գտնվի այդ իշխանությունը կրող մյուս սուբյեկտների հետ»,- նշեց Երվանդ Խունդկարյանը։
Ելույթը ամբողջությամբ՝ տեսանյութում: