կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-09 16:36
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղվանից կսկսենք նախագահի վախերի բացահայտման գործընթացը, եթե նա անգործություն դրսևորի․ Արա Զոհրաբյան

Նախագահ Արմեն Սարգսյանին խնդրել ենք այսօր դիմել ՍԴ՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին ազատելու՝ վարչապետի հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու պահանջով՝ ըստ Yerkir.am-ի նշեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ։

Ակցիայի մասնակիցները՝ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, պահանջագիր հանձնեցին նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմին, որը վերաբերում էր ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հարցով Սահմանադրական դատարան դիմելուն։

Զոհրաբյանն ասաց, որ եթե նախագահը չդիմի ՍԴ, իրենք ունեն պլանավորած քայլեր․

«Վաղվանից կսկսենք նախագահի վախերի բացահայտման գործընթացը, եթե այս հարցի լուծումը չտրվեց, իսկ այս հարցի լուծման երկու ճանապարհ կա՝ կա՛մ վարչապետը հրաժարվում է իր պահանջից, կա՛մ նախագահը դիմում է ՍԴ, հակառակ դեպքում, մենք հայտնվում ենք ճգնաժամային իրավիճակում»,-ասաց նա։

Արա Զոհրաբյանը հիշեցրեց, որ նախագահը, տեսնելով Սահմանադրության հնարավոր խախտումներ, պետք է կատարի իր պարտականությունները, իսկ որ վարչապետի առաջարկում կան Սահմանադրության խախտումներ, նախագահն ինքն էլ է արձանագրել, բայց ընտրել է անգործության ճանապարհը։

Զոհրաբյանի դիտարկմամբ՝ ՀՀ նախագահը ևս պահանջել է վարչապետի հրաժարականը, բայց այսօր նրա հետ համագործակցող քայլեր է անում։

Արդյո՞ք նախագահի՝ ՍԴ դիմելու դեպքում ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի վարչապետի հրամանագիրը՝ հարցին, Զոհրաբյանը պատասխանեց․ «ՍԴ-ն կոլեգիալ մարմին է, բայց առնվազն հարթակ է, որտեղ հարցին քաղաքակիրթ լուծում է տրվելու, ոչ թե պետք է թողնել մարդիկ «ձեռքի ուժով» հարցը լուծեն, այլ պետք է քաղաքակիրթ լուծում»։

Մանրամասն՝ տեսանյութում․