Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չլսող մարդու միակ ապավենը գոնե դիմացինի շրթունքներն ընթերցելով հասկանալն է, դա էլ դիմակով փակում են ու վերջ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը՝ խոսելով համավարակի պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին։
Covid-19-ի ճգնաժամի ժամանակ, պարզվում է, նրանց առանց այդ էլ ոչ բարվոք վիճակում գտնվող իրավունքների պաշտպանությունը վատթարացել է։
Օրինակ, երբ անցում եղավ հեռավար կրթության, հաշմանդամություն ունեցողները կանգնեցին խնդրի առջև, որ մատչելի ձևաչափերով կրթական նյութերը չկան, և շատ երեխաներ չկարողացան կրթություն ստանալ։ Այս խնդիրը ոչ միայն ուշադրության կենտրոնում չհայտնվեց, այլև այս մասին անգամ չբարձրաձայնվեց։
«Ամեն օր լսում ենք Covid-19-ով պայմանավորված՝ վարակվածների, մահացած անձանց թիվ, բայց որևէ հատուկ շեշտադրում չի եղել, թե այդ անձանց թվում քանիսն են եղել հաշմանդամություն ունեցող անձինք։ Որևէ թվային արտացոլանք պետական վիճակագրության մեջ չկա»,-մտահոգություն հայտնեց Սուսաննա Թադևոսյանը։
Նա վստահեցրեց, որ շատ կարևոր է դա շեշտել, քանի որ, երբ տարբերակված է լինում ինֆորմացիան, ավելի պարզ են լինում իրական խոցելի խմբերը և պետությունն ավելի արդյունավետ մարտավարություն է իրականացնում։
Միջազգային պրակտիկայում նմանօրինակ իրավիճակների համար հստակ առաջարկներ կան․ օրինակ, երկրներին առաջարկվում է ճգնաժամի պայմաններում հենց միայն հաշմանդամության հիմքով, հաշմանդամություն ունեցող անձանց լրացուցիչ ֆինանսական օժանդակություն տրամադրել, կենսաթոշակները, նպաստները այս ընթացքում բարձրացնել, որովհետև լրացուցիչ ծախսեր են առաջանում։ Նաև առաջարկվում է գործատուներին հարկային արտոնություններ տալ, եթե իրենց՝ հաշմանդամություն ունեցող աշխատակցին, տրամադրում են սարքավորումներ՝ աշխատանքը տանից հեռավար կազմակերպելու համար։
Այս բոլոր քայլերը Հայաստանը պարտավոր էր կատարել, քանի որ դեռ 10 տարի առաջ վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան որի 11-րդ հոդվածը պարտադրում է պետություններին հատուկ քայլեր ձեռնարկել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք լավագույնս պաշտպանված լինեն ռիսկերի ու համաճարակների իրավիճակներում։
Մինդեռ անգամ կառավարության՝ համավարակի հետևանքները չեզոքացնելու միջոցառումների թվում չկար մի միջոցառում, որն ուղղված լիներ հատկապես հաշմանդամություն ունեցողներին։
«Եթե աջակցության ծրագրերի զգալի մասն ուղղված էր աշխատանքը Covid-19-ի պատճառով կորցրածներին, ներեցեք՝ իր մեղքո՞վ է, որ հաշմանդամություն ունեցող անձը աշխատող չի եղել»,-տարակուսեց Սուսաննա Թադևոսյանը։
Պատասխանատվության հարց է՝ նկատեց նա։ Եթե անգամ եղած աջակցությունները բավարար չեն էլ եղել խոցելի մյուս խմբերի համար, միևնույն է, եթե գոնե մեկ միջոցառում ուղղվեր հաշմանդամություն ունեցողներին, նրանք իրենց հանդեպ ուշադրություն կզգային, այնինչ դա չի եղել։
«Ես սպասում եմ, այս տարի հոկտեմբերին ՀՀ-ն հաջորդ զեկույցն է ներկայացնելու Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կոմիտեին և շատ հետաքրքիր է՝ ի՞նչ հաշվետվություն պետք է տա կոնվենցիայի 11-րդ հոդվածի մասով հենց Covid-19-ով պայմանավորված աշխատանքի համար»,-ասաց Սուսաննա Թադևոսյանը։
Հաշմանդամության ոլորտը իրավունքի տեսանկյունից համակարգող մարմինը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է և առաջինը հենց այս նախարարությունը պետք է այս ամենը հաշվի առած լիներ ճգնաժամի սկզբից՝ նկատեց նա։
Կոնվենցիան վավերացնելու 10 տարիներին ՀՀ ներքին օրենսդրությունը ևս չի համապատասխանեցվել այդ փաստաթղթի դրույթներին։
«Այս պահին շրջանառության մեջ է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագիծը, որը փորձ է արել ամփոփել կոնվենցիայով ստանձնած բոլոր պարտավորություններն ու իրավունքների իրացման պատասխանատվությունները։ Բայց այս մոտեցումն արդեն կոնվենցիայի սկզբունքներին դեմ է, որովհետև կոնվենցիան քաջալերում է երկրներին իր դրույթներին ենթարկել երկրի ամբողջ օրենսդրությունը, որովհետև կոնվենցիայի առանցքը կազմում է մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումը՝ ներառականությունը։ Բոլոր ոլորտների օրենքները պետք է համապատասխանեն այդ կոնվենցիային, ոչ թե դեկլարատիվ մեկ օրենք ընդունվի»,-ասաց Սուսաննա Թադևոսյանը։
Նա համոզված է, որ առանձին ինչ օրենք էլ ընդունվի, լինելու է դեկլարատիվ և երբեք չի գործելու, քանի դեռ տվյալ իրավունքի պաշտպանությունը հստակ մեխանիզմներով ամրագրված չէ կոնկրետ ոլորտի օրենսդրությամբ։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով։
Աննա Բալյան