Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 28–ին Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակի լրատվական ծառայությունը։
Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և Պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Մոնիկա Սարգսյանը:
Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերում, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի առաքելությունը, գործունեության ոլորտները, ինչպես նաև ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայիով վերապահված նոր լիազորությունները՝ որպես անկախ մշտադիտարկում իրականացնող մարմին:
Ներառական հասարակություն ունենալու ճանապարհին Մարդու իրավունքների պաշտպանը հատկապես կարևորել է հարգանքը հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ, կյանքի բոլոր բնագավառներում ինքնուրույն և լիարժեք մասնակցությունն ապահովող միջավայրի ստեղծումը, որոշումների կայացման գործընթացում ակտիվ մասնակցությունը:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում մենք ունենք տարիներով կուտակված խնդիրներ՝ կարծրատիպային ընկալումներից ու խտրականությունից մինչև անարդյունավետ պաշտպանություն: Դրանց լուծման ճանապարհին սերտորեն համագործակցելու ենք ոլորտի հասարակական կազմակերպությունների, անկախ մասնագետների, լրատվամիջոցների և այլ գործընկերների հետ: Այդ նպատակով Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կստեղծվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված խորհուրդ»,- ասել է Մսրդու իրավունքների պաշտպանը:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խորհուրդ ստեղծելու գաղափարը, Պաշտպանի հետ քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի հիմնախնդիրները, ներկայացրել են դրանց լուծման ուղղությամբ իրենց տեսլականը:
Հիշեցնենք, որ 2019 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակության պաշտպանության դեպարտամենտի կազմում ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին: Այն ապահովելու է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, չհայտարարված այցերի, ինչպես նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման Պաշտպանի գործառույթների իրականացումը։