Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը 2016 թվականը հայտարարել է հավասար հնարավորությունների տարի:
Այսօր ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք տարվա ընթացքում շարունակելու են այն ծրագրերը, որոնք կյանքի էին կոչվել մինչ այս: Բացի այդ` ընթացիկ տարում 7-8 իրավական փաստաթուղթ կհաստատվի` ներառական կրթությանն առնչվող:
«Ներառական կրթության գործընթացը Հայաստանում սկսել ենք դեռ 2010-ին, իսկ 2014-ի դեկտեմբերին ընդունված օրենքի համաձայն` մինչև 2022-ը Հայաստանում բոլոր դպրոցները պետք է լինեն ներառական: Մինչև տարեվերջ ևս 20 դպրոց կդառնա ներառական, այսինքն` այդ դպրոցներում կլինեն բարենպաստ պայմաններ, և դրանք ամբողջովին հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին»,- ասաց Հովհաննիսյանը:
Yerkir.am-ի հարցին, թե, ամբողջովին հարմարեցված ասելով, արդյո՞ք նկատի ունի, որ այդ 20 դպրոցները հարմարեցված են լինելու թե՛ լսողական, թե՛ տեսողական, թե՛ հենաշարժական կամ այլ խնդիրներ ունեցող երեխաների կարիքներին, նա պատասխանեց` այո, բայց հետո հավելեց. «Շենքային հարմարեցումներ կլինեն, իսկ ձեր ասածն ավելի շուտ մանկավարժների և լաբորատորիաների հետ կապված խնդիրներ են»:
Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի տնօրեն Զարուհի Բաթոյանը նշեց, որ, ճիշտ է, ներառական կրթության ոլորտում մի շարք ձեռքբերումներ ունենք, սակայն կուզենար, որ ընթացիկ տարում գերատեսչությունները նոր որակ բերեին աշխատանքի մեջ:
Ըստ նրա` ներառական դպրոցների մատչելիության մասին խոսելն ամոթ է, քանի որ բոլորը գիտեն, որ դա անհրաժեշտություն է:
«Կուզեի` նախադպրոցական և մասնագիտական կրթությունն էլ ներառական լիներ, որովհետև ներառումը չի սկսվում դպրոցից: Քանի որ 2016-ը հայտարարվել է հավասար հնարավորությունների տարի, կուզեի` այդ գործընթացում ընդգրկվեին այն կազմակերպությունները, որոնց համար ներառման խնդիրը նոր է, և նրանք ոչինչ չեն արել այդ ոլորտում»,- ասաց Բաթոյանը:
Նա հիշեցրեց նաև, որ հաշմանդամություն ունեցող անձը միայն սայլակով տեղաշարժվողը չէ, այլ նաև տեսողական, լսողական, մտավոր և այլ խնդիրներ ունեցող անձը, իսկ մատչելի միջավայր ասելով` չպետք է հասկանալ տարածքի` միայն թեքահարթակով ապահովված լինելը:
«Մենք կարող ենք» ՀԿ-ի նախագահ Արմինե Սահակյանը նշեց, որ ակնկալիքներ ունի մշակույթի նախարարությունից, քանի որ հաշմանդամություն ունեցող մի շարք երեխաներ ստեղծագործում են, և նրանց համար համապատասխան պայմաններ են պետք:
Նա նշեց նաև, որ ինքը մտավոր խնդիրներ ունեցող երեխայի մայր է, և կուզենար, որ տարվա ընթացքում ներառում ասելիս հիշեին նաև այդ երեխաներին:
«Մանկապարտեզներում ներառական կրթություն կոչվածը չկա, հետո գալիս է դպրոցի փուլը, և ծնողը մի փոքր շունչ է քաշում: Դպրոցից հետո, սակայն, օղակը փակվում է, քանի որ մասնագիտական կրթության ոլորտը նույնպես ներառական կրթություն չի իրականացնում: Ծնողը երեխայի հետ մենակ է մնում»,- ասաց Սահակյանը: