կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-02 17:18
Արցախ

Մայր հայրենիքի հետ վերամիավորման ուղիով. Արցախի Հանրապետությունը 29 տարեկան է

Մայր հայրենիքի հետ վերամիավորման ուղիով. Արցախի Հանրապետությունը 29 տարեկան է

Պատմության hամար 29 տարին գուցեև անցողիկ ակնթարթ է։ Մինչդեռ Արցախի պարագայում այն ունի դարակազմիկ իմաստ ու նշանակություն։ Մայր հայրենիքի հետ վերամիավորման վեհ գաղափարը, հանուն որի արցախահայությունը և նրա հետ մեկտեղ համայն հայությունը մեծ զոհողությունների գնով մաքառել են անցած դարասկզբին, դարակեսին և դարավերջին, փառք Աստծո, հետզհետե պսակվում է ակնկալված հաջողությամբ։ Ժամանակաշրջանի իրավաքաղաքական հրամայականների պարտադրանքով համաժողովրդական պայքարի «Միացում» կարգախոսը փոխարինվել է Արցախի անկախ պետականության ստեղծման գաղափարով, սակայն դա մարտավարական առաջնահերթության ընտրանք՝ է ի շահ ռազմավարական նպատակի, հետևապես դույզն իսկ չի նվազեցնում նվաճված հաջողության նշանակությունն ու չի մթագնում առաջադրված գաղափարը կյանքի կոչելու հեռանկարային թե մոտակա տեսլականը։

Չմոռանանք, որ ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարները երբևէ կախարդական փայտիկի զորությամբ ու մեկեն չէ, որ հաղթանակով են պսակվել։ Դրանք շատ հաճախ անխուսափելիորեն անցել են հանգրվանային փուլերով, որոնք, մեկմեկու հյուսված, պատճառահետևանքային կապերի տրամաբանությամբ հանրագումարում հանգեցրել են գլխավոր նպատակի իրագործմանը։ Նույնը տեղի է ունենում նաև արցախահայության պայքարի պարագայում, և հենց այդ համատեքստում է մեր ժողովուրդը որպես անցումային փուլ դիտարկում ու արժևորում ԼՂՀ հռչակման փաստը 1991 թ. սեպտեմբերի 2-ին և այդ պատմական իրադարձությանը հաջորդած անկախ, ինքնիշխան պետականության կառուցման ողջ գործընթացը, նորաստեղծ երկրորդ հայկական պետության միջազգային ճանաչման հետևողական ու նպատակասլաց ջանքերը, որ համատեղ գործադրում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։

20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի այս շրջանը յուրատեսակ աստեղային ժամ է աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար՝ հայոց անկախ պետականության վերահաստատման և հարևան երկրների միջև կամայականորեն բաժան-բաժան արված մեր ազգապատկան հողերի վերադարձի հեռանկարով։ Իսկ որ պատմական արդարության վերականգնման հայոց համազգային պայքարի՝ Հայ դատի առաջնագիծն անցնում է Արցախ աշխարհով, ոչ մի հայ այլևս չի կասկածում։ Ուստի միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, որ Ղարաբաղյան (Արցախյան) շարժման առաջին իսկ օրերից առ այսօր ողջ հայ ժողովրդի սրտացավ ու հոգատար ուշադրությունը սևեռված է Արցախի վրա, քանզի այստեղ՝ Արցախում է վճռվում հայոց կորուսյալ բնաշխարհի՝ օտարի գերության մեջ հայտնված Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Աջափնյա Կուրի, Հյուսիսային Արցախի ճակատագիրը։

Այս տրամաբանությամբ էին մտածում ու գործում բոլոր այն հայորդիները, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, խիզախաբար ազատագրել ու պաշտպանել են Արցախը։ Ազգային համախմբման նույն այդ գաղափարով են տոգորված այն հայորդիները և հայկական պետական, եկեղեցական, կուսակցական, բարեսիրական և այլ կազմակերպություններ, որոնք մշտապես սատարել են Արցախին։
Արցախի փաստացի անկախությունը, ինչ խոսք, սկիզբ է առել տակավին 1988 թ. փետրվարի 20-ին՝ ԼՂԻՄ պետական իշխանության ներկայացուցչական մարմնի՝ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի հիրավի պատմական որոշմամբ, որն ընդունվել է որպես ընտրողների կամքի կատարում և համաժողովրդական պայքարի արտահայտություն։
Անդրադառնալով խնդրին ու վերահաստատելով իր այդ որոշումը՝ մարզխորհուրդը համարժեք վճիռներ է ընդունել նաև նույն տարվա հունիսի 21-ի և հուլիսի 12-ի նստաշրջաններում։ Կարելի է ասել, որ մարզխորհրդի այդ նստաշրջանները, ինչպես որ արցախահայության խաղաղ հանրահավաքները, ցույցերն ու երթերը, ժողովրդավարության ու հրապարակայնության առաջին իրական դրսևորումներն էին ողջ խորհրդային տարածքում։

Արցախյան շարժման առաջին փուլի՝ 1988-91 թթ. քաղաքական զարգացումների ընթացքի հետ ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում ԽՍՀՄ վերջնական կազմալուծման հավանականությունը։ Ադրբեջանը հստակ գնում էր իր անկախության հռչակմանը։ Իրավիճակը հղի էր անկանխատեսելի շրջադարձերով։ Անհրաժեշտ էր ճկուն մարտավարություն, որը հնարավորություն կտար նոր ձևավորվող իրավաքաղաքական իրողությունների պայմաններում ապահովելու Արցախի ժողովրդի ազգային-պետական ինքնորոշման իրավունքի իրացումը։

Ուստի 1991 թ. սեպտեմբերի 2-ին գումարվեց ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը՝ բոլոր մակարդակների պատգամավորների մասնակցությամբ։ Առաջնորդվելով ինքնավար մարզն Ադր. ԽՍՀ կազմից դուրս բերելու մասին ԼՂԻՄ մարզխորհրդի 1988 թ. փետրվարի 20-ի, հունիսի 21-ի և հուլիսի 12-ի նստաշրջանների ընդունած որոշումներով, հաշվի առնելով Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1991 թ. օգոստոսի 30-ի հռչակագիրը «1918-1920 թվականների Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին», հիմք ընդունելով ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան դրույթը` նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Հարկ է արձանագրել, որ այդ պատմական հռչակագրով հիմնովին ու արմատապես փոխվեց հայ ժողովրդի պատմության ընթացքը: Հետեւևապես այն, իրավամբ, համահայկական, համազգային է իր բնույթով ու նշանակությամբ՝ ոչ միայն խորհրդանշելով հայոց երկրորդ պետության վերածնունդը, այլև ազդարարելով ոչ հեռու, հնարավոր է՝ տեսանելի ապագայում հայոց պատմական հայրենիքի ամբողջական ազատագրման և Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանի կերտման նվիրական երազանքի իրականացման մեկնարկը։

ԼՂՀ հռչակման մասին որոշումը, ինչ խոսք, արժանացավ արցախահայության հավանությանը, ինչի ակնբախ հաստատումը դարձավ նույն թվականի դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրաքվեն։
Երիտասարդ հանրապետության քաղաքական դաշտն, այդ ժամանակ, ձևավորման՝ գործող և նոր ասպարեզ իջած ուժերի դասավորման ու վերադասավորման բուռն ընթացք էր ապրում։ Խորհրդային ժամանակաշրջանի միահեծան իշխող կոմկուսի հետ համաժամանակ սկսել էին քաղաքական գործունեություն ծավալել տակավին 1989-ի ապրիլին Արցախում հաստատված և, որպես կուսակցական միավորում, ազգային-ազատագրական շարժմանն ու պայքարին լծված Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Ժողովրդական ճակատը, Երիտասարդական ճակատը (Ցեղակրոններ), առանձին անձանց շուրջ ձեւավորված խմբերը և տարածաշրջանային-հայրենակցական ընդգրկման խմբավորումները։ Հարկ է նշել, որ արցախահայության համաժողովրդական պայքարի նպատակներին ու խնդիրներին առավել համահունչ էին առանձնապես ՀՅԴ դավանած գաղափարախոսությունն ու ծավալած գործունեությունը։

Պատահական չէ, որ նույն դեկտեմբերի 28-ին Արցախում առաջին անգամ անցկացված խորհրդարանական ընտրություններում ընտրողների գերակշիռ մեծամասնությունը քվեարկեց հենց նրա թեկնածուների օգտին, ուստի և Գերագույն խորհրդում ընտրված 56 պատգամավորներից 26-ը ՀՅԴ ներկայացուցիչներն էին։ Պարտադրված պատերազմական իրավիճակի պատճառով ԼՂՀ օրենսդիր մարմնի թափուր մնացած պատգամավորական տեղերի համար և կամ մարտերի ընթացքում զոհված պատգամավորներին փոխարինելու նպատակով ընտրությունները հաջորդիվ շարունակվեցին նաև հետագա ամիսներին, բայց խորհրդարանի քաղաքական ուժերի տոկոսային հարաբերակցությունը, փաստորեն, չենթարկվեց էական փոփոխության։ Այդ իրողությունը հստակ արտացոլվեց նաև նորաստեղծ օրենսդիր իշխանության ղեկավար մարմինների կազմավորման ընթացքում։ Արդյունքում՝ Գերագույն խորհրդի 1992թ. հունվարի 6-8-ը գումարված անդրանիկ նստաշրջանում առաջադրված թեկնածուներից խորհրդարանի նախագահ ընտրվեց ազգային-ազատագրական պայքարի ակտիվ գործիչ, ՀՅԴ անդամ Արթուր Մկրտչյանը։ Կազմավորվեց նաև ԼՂՀ առաջին կառավարությունը՝ Նախարարների խորհուրդը, կոմկուսի անդամ Օլեգ Եսայանի գլխավորությամբ։ Նույն այդ նստաշրջանում ԼՂՀ Գերագույն խորհուրդը հռչակեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության պետական անկախությունը։

Ընդ որում կառավարման համակարգի ձևավորման առաջին քայլերը պետական իշխանության նորաստեղծ մարմինները կատարում էին Ադրբեջանի կողմից բացարձակ շրջափակման և հարաճուն ագրեսիայի պայմաններում։ Արցախահայության ինքնորոշման սահմանադրական իրավունքի իրացման հերթական քայլը դարձյալ ըմբռնում չգտավ Բաքվում։ Թե՛ 1988 թ. փետրվարին, թե՛ 1991 թ. սեպտեմբերին, թե՛ նույն թվականի դեկտեմբերին և թե՛ առ այսօր միանշանակ ահաբեկչական էր և ահաբեկչական է մնում Ադրբեջանի պատասխան պահվածքը։ Ապացույցներն առավել քան շատ են և անհերքելի։

Վերհիշենք 1988 թ. փետրվարի 20-ի որոշմանն ի պատասխան Աղդամ քաղաքից ադրբեջանական հոծ խառնամբոխի թշնամական քայլարշավը դեպի Արցախ, որ կասեցվեց Ասկերան շրջկենտրոնի մատույցներում։

Վերհիշենք սումգայիթյան ոճրագործությունը քաղաքի շուրջ քսան հազար հայ բնակիչների նկատմամբ, որ իրագործվեց խորհրդային կենտրոն Մոսկվայի հանցավոր թողտվությամբ։

Վերհիշենք հայ բնակչության 1988-89 թթ. ջարդերն ու զանգվածային տեղահանումները Հյուսիսային Արցախից, Գանձակից, Աղսուից, Շամախուց, Վարդաշենից, Խաչմազից, Ադրբեջանի մյուս քաղաքներից ու շրջաններից, որոնք վերածվեցին պետականորեն իրականացվող ցեղասպանական քաղաքականության։

Վերհիշենք Բաքվի հայության կոտորածները 1990 թ. հունվարին, երբ գազանաբարո ամբոխի զոհ դարձան հազարավոր խաղաղ քաղաքացիներ՝ հիմնականում անպաշտպան ծերեր, կանայք ու երեխաներ։ Որպես հետևանք` Ադրբեջանը հայաթափվեց իսպառ, ընդհանուր առմամբ՝ շուրջ կես միլիոն մարդ, որոնց միակ մեղքն այն էր, որ ազգությամբ հայ էին, տեղահանվեցին իրենց մշտական բնակության վայրերից այն հանրապետությունում, որի կառուցողն ու շենացնողն էին։

Բայց պարզվեց, որ Բաքվի դեպքերը հայերի նախճիրի ամենևին էլ վերջին ակորդը չէին. 1991 թ. ապրիլի վերջերին սկիզբ առավ և մինչև ամառ շարունակվեց արցախահայության հերթական ահաբեկումը՝ «Օղակ» ռազմագործողությունը Գետաշենի ենթաշրջանում և ինքնավար մարզի հարավում՝ Հադրութի ու Շուշիի շրջաններում։ Եվ դարձյալ Մոսկվայի, կոնկրետ՝ խորհրդային առաջնորդ Գորբաչովի թողտվությամբ, ավելին՝ խորհրդային զորքերի անմիջական մասնակցությամբ, երբ սպառազեն խորհրդային զորքերը շրջափակելով անելանելի սեղմ օղակի մեջ էին առնում հայկական բնակավայրերը, իսկ ադրբեջանական հատուկջոկատայինները թալանի ելած ամբոխի հետ միասին ներխուժում էին գյուղեր՝ անպատմելի բռնությունների ենթարկելով բնակչությանը՝ առանց տարիքի ու սեռի խտրության։ Հայաթափվեցին ու ամայացան 24 հայկական գյուղեր, ինչի մասին Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հպարտությամբ պիտի զեկուցեր երկրի խորհրդարանին։

Որպես հիմնախնդրի ուժային լուծման փորձ, 1991 թ. աշնանից սկսած, Ադրբեջանը, փաստորեն, չհայտարարված լայնածավալ պատերազմ պարտադրեց իր անկախ պետականությունը հռչակած Արցախին և նրա ժողովրդին՝ կիրառելով ձեռքի տակ հայտնված խորհրդային մեծաքանակ զենքն ու զինամթերքը, մարտադաշտ նետելով նորաստեղծ ազգային բանակի զորամիավորումները, ինչպես նաև օգտագործելով դեռևս այդ հանրապետության տարածքում գտնվող խորհրդային զորքերը։

Այսպիսին էր Ադրբեջանի պատասխանը ԼՂՀ ղեկավարության պատրաստակամությանը՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի ամբողջ համալիրը։

Գազանային և արյունարբու վարքի հերթական հետևանքը Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի հայ խաղաղ բնակչության սպանդն էր 1992 թվականի ապրիլի 10-ին ավելի քան 1000 զինվորով և 20 զրահամեքենայով գյուղ ներխուժած ադրբեջանական «Գուրթուլուշ» կոչվող գումարտակի կողմից, որի բարբարոսությանը զոհ դարձան տասնյակ ծերեր, կանայք ու երեխաներ, իսկ շատերի ճակատագիրն անհայտ է մնում առ այսօր։ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1992 թ. ապրիլի 12-ի և ԼՂՀ Ազգային ժողովի մի շարք հայտարարություններում Մարաղայի ողբերգությունը գնահատվել է որպես հայ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրագործած ցեղասպանության ակտ։

Այդ ժամանակաշրջանում Արցախի նորանկախ հանրապետության թիվ մեկ հիմնախնդիրը, բնականաբար, երկրի ինքնապաշտպանության ապահովումն էր, ինչի կազմակերպման նպատակով ստեղծվեց ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն։ Ինքնապաշտպանությունն իրականացվում էր կամավորական ջոկատների ուժերով, որոնք համալրվում էին ինչպես տեղացի, այնպես էլ Հայաստանից ու Սփյուռքից Արցախի պաշտպանությանն ի զեն ելած քաջորդիներով։ Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի համակարգմամբ՝ կամավորական ջոկատների համախումբ ու հերոսական ջանքերով է, որ, 1991 թ. աշնանից սկսած, կասեցվեց ադրբեջանական բանակի առաջխաղացումը դեպի Արցախի խորքերը, վերացվեցին հակառակորդի հիմնական կրակակետերը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ 1992 թ. մայիսի 9-ին ազատագրվեց Արցախի վաղեմի մշակութային ու քաղաքական կենտրոն Շուշի բերդաքաղաքը։ Իսկ Լաչինի միջանցքի ազատագրմամբ վերջապես ճեղքվեց հանրապետության տևական շրջափակումը։ Իրար կապելով Ստեփանակերտն ու Գորիսը` արցախցիների համար այն, հիրավի, դարձավ կյանքի ճանապարհ։

Այնուամենայնիվ, հանրապետության սոցիալ-տնտեսական ու ռազմաքաղաքական կացությունը շարունակում էր մնալ անկայուն։ Տակավին ընթացքի մեջ էին ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման աշխատանքները։

Ահա այդ պայմաններում էլ սկսվեց Ադրբեջանի կանոնավոր զինուժի 1992 թ. ամառային ռազմարշավը, որի ժամանակ բռնազավթվեց ԼՂՀ տարածքի ավելի քան 40 տոկոսը, այդ թվում՝ Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի շրջանի զգալի մասը, Հադրութի, Մարտունու և Ասկերանի շրջանների որոշ տարածքներ։

Պահը, իրոք, ճակատագրական էր։ Անհրաժեշտ էին արմատական միջոցառումներ։ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ` 1992 թ. օգոստոսից հանրապետության ողջ տարածքում մտցվեց ռազմական դրություն, և ստեղծվեց կառավարման հատուկ մարմին՝ Պաշտպանության պետական կոմիտե, որի ձեռնարկած վճռական միջոցառումների շնորհիվ նույն տարվա վերջերին համեմատաբար կայուն հավասարակշռություն էր ստեղծվել մարտական գործողությունների ամբողջ գոտում։ Հաջողվեց ոչ միայն հուսալիորեն պահպանել պաշտպանական դիրքերը, այլև ձեռնարկել մի շարք փայլուն ռազմագործողություններ։ Հիմնականում ազատագրվեցին հանրապետության հյուսիսային տարածքները, վնասազերծվեցին ադրբեջանական ռազմական հենակետերը Լեռնային Ղարաբաղին հարակից շրջաններում, իրականում՝ պատմական Արցախից բռնի տարանջատված և հայաթափված տարածքներում։

Ռազմական գործողություններին զուգընթաց շարունակվում էր ԼՂՀ ղեկավարության արտաքին քաղաքական գործունեությունը։ Այն ներառում էր քաղաքական-դիվանագիտական բազմազան շփումները հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ շահագրգիռ տերությունների, միջազգային կազմակերպությունների հետ։ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարված բանակցությունները հանգեցրին հակամարտ կողմերի շփման գծում անժամկետ հրադադարի ռեժիմի հաստատմանը (Բիշկեկի համաձայնագիր, 1994 թ. մայիս) և Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտ կողմի միջազգային ճանաչմանը (ԵԱՀԿ Բուդապեշտի վեհաժողով, 1994 թ. դեկտեմբեր)։

Հրադադարի հաստատումից հետո կյանքը հուշեց կառավարման առավել ճկուն ձևի անցման անհրաժեշտությունը։ Հիմնադրվեց կառավարման նախագահական ինստիտուտը։ ԼՂՀ Գերագույն խորհրդի 1994 թ. դեկտեմբերի 21-ի նստաշրջանի որոշմամբ` երկամյա ժամկետով ԼՂՀ նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը։ Հանրապետության նորակազմ կառավարության ղեկավար՝ վարչապետ նշանակվեց Լեոնարդ Պետրոսյանը։ Հետագայում՝ սկսած 1996 թվականից, Արցախում նախագահական ընտրություններն անցկացվել են հիմնականում համաժողովրդական քվեարկությամբ (Ռոբերտ Քոչարյան 1996 թ. նոյեմբերի 24, Արկադի Ղուկասյան 1997 թ. սեպտեմբերի 1-ի արտահերթ և 2002 թ. օգոստոսի 11-ի հերթական ընտրություններ, Բակո Սահակյան 2007 թ. հուլիսի 19-ի և 2012 թ. հուլիսի 19-ի հերթական ընտրություններ, Արայիկ Հարությունյան 2020 թ. ապրիլի 14-ի հերթական ընտրություններ) կամ Ազգային ժողովի որոշմամբ (Բակո Սահակյան 2017 թ. հուլիսի 19 – 2020 թ. մայիսի 31, համաձայն ԱՀ նոր Սահմանադրության 168-րդ հոդվածի պահանջի՝ մինչև գործող ԱԺ լիազորությունների ժամկետի ավարտը)։

Ռազմական գործողությունների հետևանքով ավերվել էր արտադրական հզորությունների մոտ 85 տոկոսը, գրեթե կիսով չափ ոչնչացվել էր բնակելի ֆոնդը՝ ավելի քան 18 հազար տուն, ավերվել և շարքից դուրս էին եկել 200 նախադպրոցական և դպրոցական հիմնարկներ, շուրջ 170 բուժական օբյեկտներ, ավելի քան 50 կենցաղային սպասարկման ձեռնարկություններ, մշակույթի, կապի հարյուրավոր օբյեկտներ և այլն։ Պատերազմական իրավիճակի և նրա ծանր հետևանքների պատճառով Լեռնային Ղարաբաղն անհամեմատ ետ էր մնացել հետխորհրդային տարածքի երկրների, այդ թվում` ՀՀ զարգացման տեմպերից։ Մինչդեռ ԼՂՀ առաջընթացի գլխավոր պայմանը նրա ինտեգրումն էր ՀՀ տնտեսությանը։ Ուստի, չնայած նրան, որ ռազմական գործողությունների ընթացքում բազմամիլիարդ վնաս էր հասցվել Արցախի տնտեսությանը, հանրապետության իշխանությունները, պատերազմի հետևանքների վերացմանը զուգընթաց, ընտրեցին տնտեսական վերափոխումների ուղին, որոնք նպատակամիտված էին շուկայական հարաբերությունների՝ նոր տնտեսական համակարգի ձևավորմանը։ Միևնույն ժամանակ լուրջ ուշադրություն էր դարձվում պետական շինարարության կատարելագործման խնդրին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո նկատելի աշխատանք էր տարվում Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ, բանակցային կարգավորման ուղղությամբ։

Առաջադրվեց երկրի զարգացման ծրագիր՝ պետական շինարարության, սոցիալ-տնտեսական բարեփոխումների հետագա կատարելագործման, ժողովրդավարության ամրապնդման, հասարակական-քաղաքական և տեղեկատվական դաշտերի ձևավորման բաղադրիչներով հանդերձ։ Հստակեցվեցին իշխանության ճյուղերի իրավասության ու պատասխանատվության շրջանակները։
Նկատելի աշխատանք է տարվել օրենսդրական դաշտի ձևավորման ու կատարելագործման, միջխորհրդարանական կապերի ամրապնդման, օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի դերի բարձրացման ուղղությամբ։ Գործադիր իշխանությանը հիմնականում հաջողվել է վերականգնել երկրի ավերված տնտեսությունը և այն դնել շուկայական հիմքերի վրա։ Ձեռնարկված բարեփոխումների շնորհիվ նոր փուլ է թևակոխել ապապետականացման և սեփականաշնորհման գործընթացը, անհամեմատ թեթևացել է հարկային բեռը, ազատականացվել է ներդրումային դաշտը։ Կատարված այդ և մյուս քայլերը մեծապես խթանել են արտաքին և ներքին կապիտալ ներդրումների ծավալների աճը։

Զարգացում է ապրում նաև սոցիալական ոլորտը, հատկապես կրթության և մշակույթի, առողջապահության, բնակչության կենսապայմանների ապահովման ասպարեզներում։ Հրադադարից առ այսօր ուշադրության կենտրոնում է տեղահանվածների ու փախստականների վերաբնակեցման խնդիրը։

Այսօր Արցախի Հանրապետությունն ունի հետխորհրդային տարածքի ամենամարտունակ զինված ուժերից մեկը՝ Պաշտպանության բանակը` իր բարձր որակավորման զորական կազմով ու սպառազինությամբ, բանակ, որը, վերջնականապես կազմավորված լինելով Շուշիի ազատագրման ընթացքում, ԱՀ և նրա ժողովրդի անվտանգության գլխավոր ու հուսալի երաշխավորն է։ Այս անժխտելի իրողությունը վերահաստատվեց մանավանդ 2016 թ. ապրիլյան պատերազմի ընթացքում, երբ ոչ միայն կասեցվեց շփման գծի ողջ երկայնքով ռազմական գործողություն սանձազերծած ադրբեջանական սպառազեն ու մեծաքանակ զորքերի լայնածավալ հարձակումը, այլև կենդանի ուժի ու զինտեխնիկայի զգալի կորուստներ պատճառվեցին թշնամուն։

Երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումները հավաստում են, որ ԼՂՀ-ում ժողովրդավարացման գործընթացն անշրջելի է։ Երևույթի ակնհայտ արտահայտություններից էին, մասնավորապես, ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 2005 թ. հունիսի 19-ի ընտրությունները, որոնք առաջին անգամ անցկացվեցին երկակի՝ մեծամասնական և համամասնական ընտրակարգերով, իսկ 2020 թ. մարտի 31-ին՝ արդեն բացառապես համամասնական ընտրակարգով։

Արցախի օրենսդրական դաշտում աննախադեպ նշանակալի իրողություն էր ԱՀ Սահմանադրության ընդունումը 2006 թ. դեկտեմբերի 10-ին՝ համաժողովրդական քվեարկությամբ, որի հիմքով առաջին անգամ 2007 թ. հուլիսի 19-ին անցկացվեցին հանրապետության նախագահի, իսկ նույն տարվա հոկտեմբերի 14-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Տասը տարի անց՝ 2017 թ. փետրվարի 20-ին, դարձյալ համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց էապես խմբագրված ու վերափոխված նոր Սահմանադրություն, համաձայն որի` հանրապետությունը մինչ այդ գործած կիսանախագահականից անցում կատարեց նախագահական համակարգի։ Ի մասնավորի, մայր օրենքի նոր խմբագրության պահանջների հիմքով Արցախում առաջին անգամ հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններն անցկացվեցին միաժամանակ և նույն օրը՝ 2020 թ. մարտի 31-ին։

Ի լրումն ասվածի` նշենք նաև, որ ԱՀ օրենսդրական դաշտը ներկայումս ընդգրկում է ավելի քան մեկուկես հազար օրենք։ Այն կայացած, արժանապատիվ պետությանը հարիր սեփական օրենսդրական ակտերի մի կուռ ամբողջություն է, որն ի զորու է կանոնակարգելու անխտիր բոլոր իրավական հարաբերությունները՝ ինչպես ներպետական, այնպես էլ արտաքին քաղաքական ասպարեզներում։ Այս առումով ուշագրավ է նաև, որ, առայժմ չունենալով միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ, ԱՀ-ն, այնուամենայնիվ, միակողմանիորեն միացած է մի շարք միջազգային կոնվենցիաների։ Խոսքը վերաբերում է տակավին 2014 թ. մարտին ընդունված «ԼՂՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքի հիմքով հաստատված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու մասին», «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը վավերացնելու մասին», «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու մասին», «Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական կոնվենցիան վավերացնելու մասին» և այլ օրենքների:

Միևնույն ժամանակ ԱՀ-ն մշտական ներկայացուցչություններ ունի աշխարհի մի շարք տարածաշրջաններում ու երկրներում, ինչպես, օրինակ, Մերձավոր Արևելքում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրալիայում։
Բացի այդ` աստիճանաբար զարգանում են միջխորհրդարանական կապերը։ Այսպես, անցած տասնամյակներում ստեղծվել ու վերակազմավորվել են այլ երկրների խորհրդարանների հետ Արցախի Ազգային ժողովի բարեկամական խմբերը` Արցախ-Լիտվա, Արցախ-Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան, Արցախ-Եվրախորհրդարան բարեկամական խմբեր, Արցախ-Ֆրանսիա, Արցախ-Բելգիայի օրենսդիրներ, գիտական ու հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, բարեկամության շրջանակներ, Արցախ-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով և այլն:

Արցախի պետականության կայացման և առաջընթացի ապահովման գործում, անշուշտ, անգնահատելի է Հայաստանի Հանրապետության համակողմանի աջակցությունը, առանց որի` դժվար է պատկերացնել արցախահայության գոյապայքարի հաջողությունները՝ երեկ, թե այսօր։ Նշանակալից է Սփյուռքի բարոյական, քաղաքական և նյութական աջակցությունը։ Ուշագրավ է, որ Արցախ-Սփյուռք տնտեսական հարաբերությունները, ցուցաբերվող մարդասիրական օգնությանը զուգահեռ, աստիճանաբար վերափոխվում են փոխշահավետ համագործակցության։

ՀՀ, ինչպես նաև Հայկական սփյուռքի լոբբիստական լայն աջակցության շնորհիվ է, որ հետևողական ու հարաճուն զարգացում է ապրում ԱՀ միջազգային ճանաչման գործընթացը։ Այն տեղի է ունենում տարբեր պետությունների առանձին վարչական միավորների՝ նահանգների, շրջանների և քաղաքների մակարդակներով։ Այսպես, Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքը պաշտոնապես ճանաչել են Միացյալ Նահանգների ութ նահանգի օրենսդիր մարմինները, երեք քաղաքային խորհուրդներ, Ֆրանսիայի 15 քաղաքային և 1 շրջանային խորհուրդներ, Ավստրալիայի Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը, Իսպանիայի Բասկերի երկրի խորհրդարանը, Լիբանանի երկու բնակավայրերի՝ Բուրջ Համուդի և Այնճարի քաղաքային խորհուրդները՝ ընդունելով համապատասխան բանաձևեր ու կոչ անելով իրենց երկրների կառավարման բարձրագույն մարմիններին սատարելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ու ժողովրդավարական անկախության ճանաչմանը։

Հնարավոր է՝ ճանաչման գործընթացը դանդաղ է տեղի ունենում։ Բայց հիշենք` հայտնի են պետություններ, որոնք միջազգային ճանաչման են արժանացել իրենց ստեղծումից տասնամյակներ անց միայն։ Մինչդեռ, ինչպես ցույց են տալիս առկա իրողությունը և դրանից բխող ճանաչման գործընթացը, Արցախի Հանրապետությունը լիովին համապատասխանում է «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» Մոնտեվիդեոյի 1933 թ. կոնվենցիայով սահմանված՝ պետությունների միջազգային իրավասուբյեկտության չափանիշներին։ Իսկ այդ չափանիշները հայտնի են։ Դրանք են՝ մշտական բնակչություն, որոշակի տարածք, սեփական կառավարություն, այլ երկրների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն: Նույն կամ գրեթե նույն դրույթներն են ամրագրված նաև մի շարք այլ միջազգային հիմնարար փաստաթղթերում։ Ահա դրանցից ընդամենը մի քանիսը` ՄԱԿ-ի Կանոնադրություն, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր», ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի «Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախության տրամադրման մասին հռչակագիր», «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիր», «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագիր» և այլն։ Այնպես որ արժե համաձայնել Արցախի վերլուծական շրջանակներում շրջանառվող այն տեսակետին, թե ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետության դեռևս չճանաչված լինելու հանգամանքը չի կարող կասկածի տակ դնել այն իրողությունը, որ Արցախը տարածաշրջանում հանդես է գալիս որպես կարևոր ռազմաքաղաքական գործոն։

Ափսոսանք է հարուցում այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը, կարծես թե շահագրգռված լինելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ, շարունակում է անտեսել, որ դրա ծագման պատճառը հատկապես մարդու իրավունքների և մի ամբողջ ժողովրդի իրավունքների խախտումն էր։

Այնուամենայնիվ, անկախ Արցախյան խնդրի շուրջ աշխարհի վերաբերմունքից, բանակցային գործընթացի զարգացումներից, արցախցին հաստատուն է կանգնած հայրենի հողի վրա. տիրոջ իրավունքով կառուցում է, արարում, երազում, սիրում, ընտանիք կազմում, հարկ եղած դեպքում, զենքը ձեռքին, շփման գծի խրամատներ ելնում, այլ կերպ ասած՝ երկիր է շենացնում ու պահպանում՝ իր և ժառանգների, գալիք սերունդների համար։ Նախնյաց օրինակով նա գիտակցում է, որ հայրենի հողն իր վրա ապրողով է սեփական. տատանվեցիր, լքեցիր հողդ՝ այլևս քոնը չէ այն։ Քաղցր, թե դառը, բայց սա է միակ ճշմարտությունը։


Միքայել Հաջյան
Քաղաքական վերլուծաբան

«Դրօշակ», թիվ 9 (1643), սեպտեմբեր, 2020 թ.