կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-01 21:00
Մշակույթ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեպտեմբերի 15-ից թիվ մեկ խնդիրը կլինի տրանսպորտի հարցը, որը ներկայիս քաղաքային իշխանությունն ի զորու չեղավ լուծել. Միքայել Մանրիկյան

Սեպտեմբերի 8-ից կմեկնարկի Երևանի ավագանու նիստը՝ արձակուրդից հետո, որի ընթացքում, մի քանի կարևոր թեմաների կողքին կքննարկվի Երևանի փոխքաղաքապետի ընտրության հարցը։ Ըստ շրջանառվող լուրերի` քաղաքային իշխանություններն այդ պաշտոնում տեսնում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Սերգեյ Ներսիսյանին, որն ամենևին էլ, այսպես ասած, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների սրտով չէ։

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ խմբակցությունը դեռ նիստ չի գումարել, որպեսզի որոշեն, թե ինչպես են քվեարկելու, բայց կարծում է՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում էլ կան տնտեսագիտական գիտելիքներ ունեցող մարդիկ, որոնք կարող էին ղեկավարել այդ պաշտոնում։ Իսկ թե ինչո՞ւ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից չեն ընտրել փոխքաղաքապետի թեկնածու, ԲՀԿ խմբակցության ղեկավարը շեշտեց. «Ավագանիում իրենք մեծամասնություն են, և իրենք պիտի որոշեն՝ թեկնածուն կլինի ավագանու կազմից, թե՞ այլ տեղից: Թե ինչո՞ւ է այդպես ստացվել, դրա պատասխանը միայն քաղաքապետը գիտի։ Միգուցե նա չի՞ վստահում ավագանու անդամներին»:  Մանրիկյանը խոստացավ  ավագանու առաջիկա նիստում հետաքրքրվել քաղաքապետից, թե ինչո՞ւ են ընտրել ոչ թե ավագանուց, այլ ԱԺ-ից:

Անդրադառնալով Արթուր Մեսչյանի հրաժարականին՝ Մանրիկյանը կարծիք հայտնեց, որ նրա այդ քայլն ունի մեկ պատճառ: «Կարծում եմ՝ Արթուր Մեսչյանը չկարողացավ կատարել իր խոստումները եւ, հասկանալով, որ, որպես Երեւանի գլխավոր ճարտարապետ, հաջորդ տարիներին չի կարողանալու կատարել իր խոստումները, որոշեց լուռ հեռանալ: Երկու տարի լռելուց հետո թույլ տվեք արձանագրել, որ ներկայիս քաղաքային իշխանությունն իր խոստումների 90 տոկոսն ի զորու չի լինելու կատարել, եւ դրա վառ ապացույցն այն կադրային քաղաքականությունն է, որ ներկա պահին վարում է Երեւան քաղաքի գործադիր մարմինը: Իսկ թե ինչո՞ւ հեռացավ Հայկ Սարգսյանը, կարծում եմ՝ հասկացավ՝ ի զորու չի լինելու կատարելու այն խոստումները, որը տվել է Հայկ Մարությանն իր նախընտրական արշավի ընթացքում»,- նշեց նա:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ նրանք հեռացան բարձր պարգևավճարներով, Մանրիկյանը պատասխանեց. «Այդ հարցը կարող եք ուղղել Երեւանի քաղաքապետին կամ մամլո խոսնակին։ Գործադիր մարմինն իրենք են ղեկավարում, բնականաբար, այդ հարցերի պատասխանը կարող են իրենք տալ: Ինձ համար անընդունելի է, երբ երկրում կորոնավիրուսային համաճարակ է, բայց կառավարությունն ու Երեւան քաղաքի ղեկավարները ստանում են պարգեւավճարներ, իսկ սերունդ կրթող ուսուցիչներն ու դասախոսները, ինչպես նաև բժիշկները, որոնք օր ու գիշեր կյանքեր են փրկում, պայքարելով կորոնավիրուսի դեմ, փոքրիկ աշխատավարձեր են ստանում»։

Ըստ մեր զրուցակցի՝ որպես բժիշկ, դեռևս մարտ ամսից է բարձրաձայնել, որ կորոնավիրուսի դեմ պայքարն առողջապահության նախարարը պատշաճ չի իրականացնում: «ԲՀԿ ղեկավարն էլ ասել է, որ բավարարված չէ կորոնավիրուսի դեմ այս պայքարով։ ԲՀԿ-ն նաև առաջարկեց հիմնական 7 կետեր, որոնցով կարող էին մեղմել թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական խնդիրներ, թե՛ առողջապահական հարցեր, սակայն այսօրվա կառավարությունը, կարծես, ընդդիմախոսներին չի լսում. իրենք գիտեն, թե ինչ պետք է անեն, բայց ամիսներ հետո պարզվում է, որ իրենք ոչինչ էլ չգիտեն։ Արդյունքում՝ ունեցանք բազմաթիվ մահեր, որոնցից, որպես բժիշկ, կարծում եմ, կարելի էր խուսափել, եթե ունենային  կանխարգելման ճիշտ ռազմավարություն»,- նշեց նա:

Ի դեպ, Մ.Մանրիկյանն այս ընթացքում հիմնել է կամավոր բժիշկների խումբ և արձանագրել բազում խախտումներ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Մի քանիսը թվարկելով՝ խոստացավ բոլորն էլ հետագայում բացահայտել: «Երբ ԱԺ-ում կստեղծվի  ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, բազմաթիվ բացթողումների մասին կբարձրաձայնվի: Օրինակ՝ յուրայիններին Երևան քաղաքի մեկուսարանների ղեկավար նշանակելն ու բարձր աշխատավարձեր տալը, լավագույն մասնագետներին չպահելը, նրանց նեղացնելըւ, ի վերջո, ուղիղ աշխատանքների մեջ մայր բուհին չներգրավելն արդեն մեծ սխալ է: Սխալների շղթան մեծ է, բոլորի մասին էլ բարձրաձայնելու ենք»,- ասաց նա:

Մեր այն հարցադրմանը, թե ինչո՞ւ կորոնավիրուսի դեմ պայքարն ընթացավ առանց Երևանի քաղաքապետի, որին հազվադեպ ընդգրկեցին պարետատան նիստերում, Մ. Մանրիկյանը պատասխանեց հռետորական հարցադրմամբ. «Միգուցե պարետատնի՞ց են արգելել, որ նա ներգրավված չլինի այս աշխատանքներում, կամ՝ գուցե դա քաղաքային թիմի մարտավարությո՞ւնն է եղել։ Ի վերջո, Երևան քաղաքի քաղաքապետը դե ֆակտո պետության մեջ պետության ղեկավար է, եւ ինձ համար տարակուսելի է, երբ մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքի ղեկավարը պասիվ է կորոնավիրուսի դեմ պայքարում, երբ այդ պայքարի մեջ ներգրավված են Երեւան քաղաքի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաները»:

Մ․ Մանրիկյանին զարմացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում ոչ միայն Հայկ Մարությանի, այլ նաեւ Արսեն Թորոսյանի արձակուրդ գնալը: «Երեկ Ա Թորոսյանը լեռնագնացությունից լուսանկար էր հրապարակել, կարծես չկա կորոնավիրուս, չի եղել 1000-ից ավելի մահ»,- նշեց նա:

Այնուամենայնիվ, ավագանու ԲՀԿ ղեկավարը կարծում է, որ սեպտեմբերի 15-ից, երբ վերսկսվեն դասերը բուհերում եւ դպրոցներում, կունենանք կորոնավիրուսի աճ: «Համար մեկ խնդիրը լինելու է տրանսպորտի հարցը, որը ներկայիս քաղաքային իշխանությունն ի զորու չեղավ լուծել։ Երկու տարի է՝ լսում ենք, որ մրցույթը հաստատվելու է, մեկ ամսից կլինի, երկու ամսից կլինի, փետրվարին կլինի, մայիսին կլինի, եւ, ցավոք, եղավ այն, ինչ եղավ։ Այս համատեքստում ի՞նչ է ստացվում՝ անփորձությո՞ւն, թե՞ անփույթ կառավարման հետեւանք։ Չեն հաշվարկել, որ  սեպտեմբերի 15-ից վերսկսվելու են դասերը եւ ունենալու ենք տրանսպորտային կոլապս։ Իսկ դրա ծանր հետևանքների համար քաղաքային իշխանությունն է պատասխանատվություն կրելու»,- ասաց Մանրիկյանը:

Նա իրատեսական չի համարում դասաժամերի ընթացքում աշակերտների՝ դիմակներ կրելը, որի հետևանքները դեռ ի հայտ կգան ընթացքում. «Մենք դեռ նոր խնդիրների առաջ կկանգնենք, և իրավիճակն այնպես կընթանա, որ կրկին կսահմանվի կարանտին, ու կփակվեն մանկապարտեզները և ուսումնական հաստատությունները։ Այդ վտանգը զգում եմ, քանի որ աշնանը նաեւ սուր շնչառական հիվանդությունների կլասիկ սեզոնն է եւ, դրան գումարած, համավարակը, անփույթ կառավարման հետեւանքով առաջացած տրանսպորտային կոլապսը, եւ այս ամենի համատեքստում կունենանք կորոնավիրուսի աճ։ Թե այս անգամ ո՞ւմ վրա պետք է այս մեղքը բարդեն, ցույց կտա ժամանակը»։

Երբ հետաքրքրվեցինք, թե ո՞ւր մնացին Մաշտոցի պուրակի համար կուրծք ծեծող երբեմնի ակտիվիստները, երբ բետոնապատում էին պուրակը, Մ․ Մանրիկյանը հստակ պատասխանեց.  «Երեւանի քաղաքապետարանում՝ բարձր պաշտոնների։ Այո, լավ օրինակներից մեկը հենց Մաշտոցի պուրակն է, երբեմի ակտիվիստները՝ գոռալով. «Տարո՛ն, սիրուն չէ», այսօր ասում են. «Հա՛յկ ջան, սիրուն է»։

Զրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ