Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն արտահերթ խորհրդակցություն է հրավիրել մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, երեխաների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Խաշթառակ համայնքում մանկահասակ երեխաներին ծեծի ենթարկելու դեպքը:
«Բոլորիս ցնցած այս դեպքը ցույց է տալիս, որ այս ոլորտում խնդիրներ ունենք, սա նաև երեխաների պաշտպանության համակարգի բացթողման արդյունք է: Ընտանիքի խնդրի լուծմանը զուգընթաց պետք է գույքագրել և անմիջապես լուծել բոլոր նմանատիպ խնդիրները»,- նշել է մարզպետը:
Նշանակվել է ծառայողական քննություն, տրվել են ցուցումներ և առաջադրանքներ, դրանք կատարելու համար 1 շաբաթ ժամանակ:
Իր 6-ամյա և 4-ամյա թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով Տավուշի Խաշթառակ համայնքում ձերբակալվել է 57 տարեկան մի տղամարդ։ 6-ամյա երեխան ստացել է համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր, իսկ 4 տարեկան փոքրիկի մոտ առկա է գանգային արյունազեղում։ Տվյալ տղամարդու մյուս 5 թոռներն օգոստոսի 20-ին նախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ ևս տեղափոխվել էին Երևան՝ «Մուրացան» բժշկական կենտրոն։ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում` Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի կողմից իր անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս, ինչպես նաև ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրա 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք: Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որոշում է կայացվել՝ նշված երկու քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին: Քրեական գործով 7 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժող: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին, հարցաքննվել են մի շարք անձինք, հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: 2020թ. օգոստոսի 20-ին Խաշթառակ համայնքի 28-ամյա բնակչուհին ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Դաժանորեն ծեծի ենթարկված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։