Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում դաժանորեն ծեծի ենթարկված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Տավուշի մարզում դաժանորեն ծեծված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրա կյանքին դեռևս վտանգ է սպառնում: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել փոքրիկի կյանքի համար: Մյուս՝ 4-ամյա երեխայի մոտ այսօր դրական դինամիկա կա, առկա է գանգային արյունազեղում։ Երկուսն էլ շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում»,- հայտնել է Դերձյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ ընտանիքի մյուս 5 երեխաները, որոնք նախօրեին նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, գտնվում են կայուն վիճակում, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Իր 6-ամյա և 4-ամյա թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով Տավուշի Խաշթառակ համայնքում ձերբակալվել է 57 տարեկան մի տղամարդ։ 6-ամյա երեխան ստացել է համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր, իսկ 4 տարեկան փոքրիկի մոտ առկա է գանգային արյունազեղում։ Տվյալ տղամարդու մյուս 5 թոռներն օգոստոսի 20-ին նախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ ևս տեղափոխվել էին Երևան՝ «Մուրացան» բժշկական կենտրոն։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում` Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի կողմից իր անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս, ինչպես նաև ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրա 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք: Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որոշում է կայացվել՝ նշված երկու քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:
Քրեական գործով 7 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժող: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»
ՊՈԱԿ-ի փորձագետներին, հարցաքննվել են մի շարք անձինք, հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:
2020թ. օգոստոսի 20-ին Խաշթառակ համայնքի 28-ամյա բնակչուհին ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: