կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-20 18:42
Քաղաքական

Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ես եմ ներկայացրել կառավարության քննարկմանը. Ռուստամ Բադասյան

Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ես եմ ներկայացրել կառավարության քննարկմանը. Ռուստամ Բադասյան

Ինչպես նախկինում, հիմա էլ քննարկվում է կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հարցը, դեռ որոշում չկա, լինելուն պես կտեղեկացնենք։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Օգտատերերը հարց էին ուղղել Ռուստամ Բադասյանին, թե ՍԴ դատավորի պաշտոնում  Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն ո՞վ էր առաջադրել, նախարարը նշեց, որ  թեկնածությունը առաջադրում է Կառավարությունը:

«Պարզ է, որ ցանկացած թեկնածություն քննարկվում է լայն կազմով և կայացվում է որոշում, որը երբեք չի լինում մեկ անձի որոշումով կամ ներկայացմամբ: Քննարկվել են մի շարք թեկնածություններ և նույն անձի կողմից ներկայացվել են մի քանի թեկնածուներ, այդ թվում իմ կողմից ևս մի մի քանի թեկնածություններ են  ներկայացվել: Այո, Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ես եմ ներկայացրել կառավարության քննարկմանը, ընթացակարգով քննարկվել է և կայացվել է որոշում»,- պարզաբանեց Արդարադատության նախարարը։

Ռուստամ Բադասյանն անդրադառնալով այն քննադատություններին, թե «Իմ քայլը» շատ վատ վարվեց պրոֆեսիոնալների հետ, և եթե այսպես շարունակվի, ոչ մի պրոֆեսիոնալ չի համաձայնի ընդհանրապես աշխատել պետական համակարգում, ասաց․

«Իսկ քննարկումների իմաստը ո՞րն է, մենք ուզում ենք, որ ընդհանարապես ԱԺ պատգամավորները չմասնակացեն կամ իրենց կարծիքը չարտահայտե՞ն: Բնական է, որ ԱԺ պատգամավորներն իրավունք ունեն իրենց կարծիքը արտահայտելու, ինչը եղել է այս պարագայում»:

Հաղորդավարի դիտարկմանը, թե  «Իմ քայլը» խմբակցության հետ  հանդիպումից հետո Վահրամ Ավետիսյանը որոշեց հրաժարվել, արդյո՞ք իր անաչառության հարցն էր, որ պատգամավորները կասկածի տակ դրեցին, Ռուստամ Բադասյանն արձագանքեց․

«Ոչ, կարծում եմ տարբեր պատճառներով։ Ես պատգամավորների անունից չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում կարծում եմ՝ յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքը տարբեր չափանիշներով է կառուցել և  պարոն Ավետիսյանը նշել է՝ իրատեսական չէր իր համար 80 ձայն հավաքելը, դրա համար նման որոշում է կայացրել»,- ասաց նախարարն ու հավելեց, որ հաշվի առել էին, որ նման քննարկումներ կարող են լինել։

«Բայց հանրային մակարդակում հնչած որևէ փաստարկ իմ կարծիքով չէր կարող խոչընդոտ հանդիսանալ Ավետիսյանի թեկնածության քննարկման համար»,– եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ Վահրամ Ավետիսյանը «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից օրեր անց հայտարարեց, որ հրաժարվում է իր թեկնածությունից, քանի որ ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իր մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև իր համար անընդունելի։

«Հետևաբար, նման իրավիճակում Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում եմ անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար»,- ասել էր նա։