կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-16 13:25
Մշակույթ

Հասարակ մի ձեռնափայտ. Սպարտակ Ղարաբաղցյան

Հասարակ մի ձեռնափայտ. Սպարտակ Ղարաբաղցյան

Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի տնօրեն, լրագրող, հրապարակախոս, պատմաբան Սպարտակ Ղարաբաղցյանը գրում է.

«Չգիտեմ, տխուր, թե ուրախ է այս պատմությունը, ինքներդ կորոշեք: Հասարակ մի ձեռնափայտի մասին է գրությունս, որն հետո դարձավ կռվախնձոր, երբ նրա տերը՝ Դարբին Հակոբը այն աշխարհ մեկնեց…

Գյուղի հանգստարանը գետից այն կողմ էր, դրա համար էլ մեկ-մեկ, երբ հանգուցյալի մասին խոսք էր բացվում, ասում էին՝ կետից դենը…

Կետից դենը՝ գյուղի հանգուցյալներն էին ապրում, գետից այս կողմ դեռ ապրողները…

Մի զարմացեք, գետից այն կողմ հանգուցյալները իրոք ապրում էին: Գետից այս կողմ ապրողները ամեն տոն օրերին, հիշատակի, սուրբ օրերին բեռ ու բարձով, մոմով, խունկով գնում էին ու բարձրաձայն կամ լաց էին լինում, կամ հետները զրույց անում… Հետո խունկ ու մոմ վառում ու վերադառնում գետից այս կողմ…

Դարբին Հակոբին գետից դենը տանելուց, առոք-փառոք տեղավորելուց հետո, երբ գետից  այս կողմ էին վերադարձել, տեսել էին, որ դարբին Հակոբի ձեռնափայտը տանն է մնացել:

-Հերս կնեղվի,- ասել էր ավագ որդին:

-Ա շաշ, չալիկը ընդի ի՞նչ դի անիլ հերդ,- պատասխանել էր մյուս եղբայրը:

- Պապի չալիկը ինձ կտաք, ես նանի մհար վերնիսաժից մի լավ չալիկ կառնեմ կղրգեմ,- ասել էր քաղաքում ապրող թոռը…

- Մի փեշ փող դես տալ չալիկ առնե՞ս, վեկալ, տար,- ասել էր դարբին Հակոբի կինը՝ Վարսենիկը:

-Մի տեղել ա քյնալ չդի պապի չալիկը,- առարկել էր գյուղում ապրող թոռը,- Ով գեղըմը ապրըմ ա, չալիկն էլ նրանն ա…

-Ամոթ է, ամոթ, լսողն էլ կկարծի, թե ձեռնափայտը ոսկուց կամ արծաթից է շինվել, — դիտողություն արեց քաղաքից եկած, փողկապը ձիգ կապած բարեկամներից մեկը, որն անընդհատ ժամացույցին էր նայում՝ քաղաք մեկնող ավտոբուսից չուշանա՞ հանկարծ ու կարծելով, որ շատ լուրջ են ընդունում իրեն, արհամարհական նետել է. -Եղածը փայտի կտոր չէ՞…

Այ այստեղ արդեն գյուղում ապրող թոռը պայթել է:

-Փետի կտորը էդ ձեր վերնիսաժի չալիկն ա ու…

Քաղաքից եկածը չէր սպասում նման պատասխանի ու զգաց, որ փողկապը շատ ձիգ էր կապել՝ խեղդվում էր… Թուլացրեց, ու մի բաժակ ջուր խնդրեց…

-Ի՜իի՜՜, շաշ անդեր,- մեջ ընկավ գյուղում ապրող թոռան մայրը՝ Ջավահիրը, - ու չգիտես ու՞մ էր ասում, որդու՞ն, թե քաղաքից եկածին:

-Կռիվ միք անիլ,- վերջապես վեճին խառնվել է դարբին Հակոբի գործընկերը, - Հրեն, փոշտալյոն Անդրեն՝ ըսօր-էգուց ա, կետիցը դենը դի քյնալ, հետը կտնենք Ակոփի  չալիկը, իրան կտա… »: