Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գյումյուշհանեի Թորուլ գավառի Աթալար գյուղի բնակիչները պահանջում են զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով, Սյումելա վանքի նման, վերականգնել նաև Այդընլար (նախկին՝ հունական անվանումը եղել է Թիլլո-Ակունքի խմբ․) բնակավայրի պատմական եկեղեցին։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Աղբյուրի համաձայն՝ Թորուլ գավառից 27 կմ հեռավորության վրա գտնվող այս եկեղեցին պահպանվում է տեղի բնակիչների կողմից։
Եկեղեցին ենթադրաբար կառուցվել է 1850-ական թվականների վերջերին և կարողացել է մինչ օրս կանգուն մնալ։ Բնակիչները պահանջում են, որ թուրքական իշխանությունները եկեղեցին վերականգնելուց հետո թույլ տան նաև պատարագներ մատուցել այնտեղ։
Բնակիչներից 55-ամյա Ջեմալ Բըչաքչըն շեշտելով, որ իր համագյուղացիները պահպանության տակ են վերցրել եկեղեցին, նաև նշել է․ «Եկեղեցին չի վնասվել, քանի որ գտնվել է գյուղի սահմանների մեջ։ Այն պատմական կառույց է, և մենք պահպանում ենք եկեղեցին։ Պահանջում ենք, որ այն վերականգնվի, որպեսզի այստեղ զարգանա զբոսաշրջությունը։ Եկեղեցու պատերին որմնանկարներ կան, որոնք վերականգնման կարիք ունեն, սակայն չնայած դրան՝ եկեղեցին ունենում է այցելուներ»։
Տեղի բնակիչներից 64-ամյա Զեյնել Աբիդին Զենգինը հայտնելով, որ եկեղեցու պատմության մասին հստակ տեղեկություններ չկան, ասել է․ «Շրջակա եկեղեցիների վերաբերյալ տեղեկություններից ելնելով՝ ենթադրում ենք, որ այն սկսել են կառուցել 1850-ականներից հետո, ռուսների և անգլիացիների օգնությամբ։ Այս վայրի տեղացի բնակիչներ հույները հեռացել են՝ 1920 թ․ փոխանակման մասին ծրագրի գործադրումից սկսած (իրականում այս ծրագիրը ստորագրվել է 1923 թ․ Լոզանի հաշտության պայմանագրի կնքումից հետո-Ակունքի խմբ․)։
Մենք՝ գյուղի բնակիչներս, ցանկանում ենք, որ այս պատմական եկեղեցին վերականգնվի՝ զբոսաշրջությանը զարկ տալու նպատակով։ Եթե սույն եկեղեցին նույնպես, Սյումելա վանքի նման, վերաբացվի կրոնական արարողությունների համար, այլ կրոններ դավանող մարդկանց հետ էլ շփումներ կունենանք։ Այս բնակավայրի պատմության մասին տեղեկություններ փոխանակելով՝ ավելի ստույգ փաստեր կիմանանք։ Միայն Քրոմ հովտում, որի մեջ է գտնվում մեր գյուղը, 40 եկեղեցի կա»։
Թարգմանեց Մելինե Անումյանը