Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 10-16-ը Հայաստանի թատերական գործիչների միությունը ներկայացնում է Դերասանի տան բեմում իրականացված վերջին շրջանի մի քանի ներկայացումների ցուցադրություններ:
ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դրանք իրականացվում են բեմի 5-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Հինգ տարվա ընթացքում 35 ներկայացում ենք ունեցել: Սկզբում հեռուստամարաթոնին հավաքված գումարի շնորհիվ մենք մի փոքր բյուջե ունեինք, որի միջոցով էլ ներկայացումներն էինք բեմադրում: Սակայն այդ գումարը, բնականաբար, սպառվեց, եւ վերջին երկու տարում մեր բեմը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն ունեն` ներկայացում բեմադրելու»,-ասաց Մելոյանը` հավելելով, որ իրենց ներկայացումներից հինգը «Արտավազդ» մրցանակի են արժանացել, ինչը փաստում է, որ իրենց հինգ տարվա աշխատանքն իզուր չի անցել:
ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանն էլ նշեց, որ դերասանի համար գալիս է մի տարիք, որ արդեն նշանակություն չի ունենում, թե որ բեմում են ներկայացումները բեմադրվում: Նրա հավաստմամբ` Դերասանի տան բեմն այն հազվագյուտ բեմերից է, որը հնարավորություն է տալիս բոլորին կյանքի կոչել իրենց ներկայացումները:
«Ամենեւին կապ չունի, որ բեմը փոքր է, ընդհակառակը` դա առավելություն է, քանի որ չես կարող 100 մետր հեռավորության վրա խաբել հանդիսատեսին` այստեղ կա'մ հաղթում ես, կա'մ` պարտվում: Եվ հետո` փոքր եկեղեցիներում էլ են մեծ պատարագներ տալիս»,-ասաց Ջանիբեկյանը:
Ի դեպ, ներկայացումների շարքը կբացվի հենց Մուրադ Ջանիբեկյանի «Խոստովանություն» ներկայացմամբ /ըստ Միշել դը Գելդերոդի/, որն այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն արժանացավ «Վահրամ Փափազյան» հատուկ մրցանակին, իսկ Կիեւի «Վիդլունյա» փառատոնին հաղթող ճանաչվեց «Լավագույն դերասան» անվանակարգում:
ՀԹԳՄ քարտուղար Լեւոն Մութաֆյանն էլ նշեց, որ ուրախ է, որ Դերասանի տան բեմը հանգրվան է դարձել «Արմմոնո» թատերական փառատոնի համար:
«Երբ նոր էր ստեղծվում այս բեմը, մեր նպատակն էր ունենալ նոր թատրոն, որը գեղագիտական խորհուրդ պետք է թելադրեր թատրոններին, եւ այն, այո, գեղագիտական որոշ սկզբունքներ, թատերական արտահայտչության նոր տեսակ հուշեց թատրոններին: Իր տեսակի մեջ սա յուրահատուկ թատրոն է, քանի որ այն լուծեց նաեւ դրամատուրգիայի հարցը, ինչպես նաեւ դարձավ դեբյուտանտների հանգրվան»,- ասաց Մութաֆյանը:
Բոլոր ներկայացումների մուտքն ազատ է: