կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-07 12:11
Հասարակություն

Ո՞րն է ի վերջո ջրբաժանը (մաս 4-ին)

Ո՞րն է ի վերջո ջրբաժանը (մաս 4-ին)

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է․

Սառը պատերազմի տարիներին կոմունիստական դասակարգային պայքարի և համաշխարհային հեղափոխության տեսությունը որոշակի փոփոխությունների ենթարկվեց։ Խորհրդային Միությունը և կոմունիստական ճամբարի երկրները սկսեցին աջակցել 40-ականների վերջերին Ասիայի, 50-60-ականներին Աֆրիկայի երկրների ծավալվող ազգային ազատագրական, հանուն իրենց անկախության մղվող ժողովուրդների պայքարին։ Աշխատավորության շահերի պաշտպանության կարգախոսներին ավելանում էին ճնշված ազգերի իրավունքների պաշտպանության կարգախոսները։ Աշխարհի տարբեր մասերում բռնկվող ռազմական կոնֆլիկտներն ընթանում են Արևմուտքի ու Արևելքի աջակցությունը վայելող ուժերի փոփոխական հաջողություններով։ Եվրոպական երկրները, հասկանալով, որ բռնի ուժով չեն կարողանալու կասեցնել ապագաղությացման համար ծավալված հսկայական շարժումը, նախընտրում են 50-70-ականներին անկախություն շնորհել այդ երկրներին, միաժամանակ նրանց փորձելով պահել իրենց ազդեցության ոլորտում։ Ազդեցության համար զինված կոնֆլիկտները ժամանակ առ ժամանակ երկու կողմից էլ փոխարինվում էին անկախացած երկրները տնտեսապես իրենցից կախման մեջ գցելուն ուղղված քայլերով։ Գաղափարախոսական հակամարտությունն ավելի է խորանում, երբ ձևավորվում են Արևմուտքի և Արևելքի ռազմական դաշինքները՝ ՆԱՏՕ-ն և Վարշավայի պայմանագրով միավորված կոմունիստական երկրները։ Նոր աշխարհակարգում երկու սիստեմների հակամարտության գիծը նորից անցնում էր սովետա-թուրքական սահմանով։
Խորհրդային Հայաստանում, չնայած տասնամյակներ իրականացվող բռնություններին, ճնշումներին, հակազգային քարոզչությանը, 1965թ. Ապրիլ 24-ին՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցի օրը, կազմակերպվեց բազմահազարանոց ցույց «հողերը» կարգախոսով։ Խորհրդային իշխանությունը շատ մեղմ վերաբերվեց նման «ազգայնական» ցույցի կազմակերպիչներին, ցույց տալով, որ հակաթուրքական նման գործողությունն այլևս կարող է դիտարկվել Խորհրդային Միության վարած հակաարևմտյան, հետևաբար նաև հակաթուրքական քաղաքականության տրամաբանության մեջ։ Սակայն այս մեղմացումը դրսևորվում էր միայն Խորհրդային Հայաստանում որոշ քայլերով (Ծիծեռնակաբերդի, Սարդարապատի հուշահամալիրների կառուցում, Ցեղասպանության մասին գիտական որոշ աշխատությունների հրատարակում, ազատագրական պայքարի որոշ անունների վրա գոյություն ունեցող արգելքի վերացում)։ Սակայն այս բոլոր քայլերն արվում էին կոմունիստական գաղափարախոսական խստագույն վերահսկողության պայմաններում և ընդհուպ մինչև 1987թվականի Հայկոմկուսի պլենումը, ուղեկցվում էին ՀՅ Դաշնակցությանը՝ որպես գաղափարական, դասակարգային թշնամի որակումներով։
Ապագաղությացման համար աշխարհում ծավալված ազգային-ազատագրական շարժումը իր հետքը թողեց նաև հայկական ազգային գաղափարախոսության կրող քաղաքական ուժի գործողությունների վրա։ 60-70-ականների Սփյուռքում ավարտվել էր համայնքների ձևավորման գործընթացը, հայությունը տարբեր երկրներում կուտակել էր զգալի նյութական կարողություն, ՀՅԴ-ն ազդեցիկ կապեր էր ձեռք բերել Արևմուտքի տարբեր երկրներում։ Խորհրդային Միության աջակցությունը տարբեր ազգերի ազգային ազատագրական շարժումներին, ինչպես նաև հայության ազգային երազանքների նկատմամբ դրսևորված մեղմացումը ևս հույս էր ներշնչում, որ Հայկական հարցի բարձրացումը 60-80-ականներին դրական ընկալում կունենա միջազգային հանրության մեջ։ ՀՅԴ կառույցների կողմից քաղաքական աշխատանքների կտրուկ ակտիվացման հետ միաժամանակ աշխարհի տարբեր քաղաքներում հայկական զինյալ կազմավորումների կողմից գործողություններ են սկսվում թուրքական պետական հաստատությունների դեմ։
Այսպես, 1975-ին սկսվում է հայկական զինյալ, ազգային ազատագրական պայքարի նոր փուլը։ Այն, անշուշտ, տեղավորվում էր այդ տարիներին աշխարհի տարբեր երկրներում գաղութարարների դեմ ճնշված ժողովուրդների՝ հանուն իրենց Հայրենիքի ազատագրման ընթացող պատերազմների տրամաբանության մեջ։ Բայց Հայության ազգային ազատագրական պայքարը 1975-86 թվերին ուներ իր կարևոր առանձնահատկությունը՝ հայությունը 60 տարի առաջ, Ցեղասպանության արդյունքում Հայրենազրկվել էր, որի հետևանքով, ինչպես մյուս ազգերը, չէր կարող զինյալ, ազգային ազատագրական պայքարը ծավալել իր Հայրենիքում, այդ պատճառով որպես պատերազմի դաշտ էին ընտրվել Թուրքիա պետության տարածքները այլ երկրներում, իսկ որպես թիրախ՝ թուրքական պետության ժխտողականությունն այդ երկրներում ներկայացնող ու պաշտպանող պաշտոնյաները։
Արդյունքում, ավելի քան 10 տարի ընթացքում իրականացված ավելի քան 100 զինված գործողությունների արդյունքում Հայկական Հարցը կրկին հայտնվեց միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրների պարլամենտների ու կառավարությունների ուշադրության կենտրոնում, հետագա տարիներին ավելի քան 20 երկրներ ճանաչեցին Հայոց Ցեղասպանության անհերքելի փաստը։ Սա ապացուցեց, որ ազգային գաղափարախոսությունը ոչ միայն ապրում էր հայության ոգում, այլև ճշտում էր մեր ժողովրդի քաղաքական օրակարգն ամբողջ աշխարհում։
(շարունակելի)

Առաջին մասը՝ այստեղ

Երկրորդ մասը՝ այստեղ

Երրորդ մասը՝ այստեղ