կարևոր
4450 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-08 11:47
Քաղաքական

Պրահայի հանդիպումների... ջրբաժանը. «Փաստ»

Պրահայի հանդիպումների... ջրբաժանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որին մասնակցում էին չորս տասնյակից ավելի պետությունների առաջնորդներ` ԵՄ անդամ, ինչպես նաև ԵՄ գործընկեր երկրների ղեկավարներ: Լիագումար նիստից հետո երկրների ղեկավարները նաև միմյանց հետ շփվեցին, ապա հանդիպումները շարունակվեցին արդեն նեղ շրջանակով։ Նախ՝ կայացավ քառակողմ՝ Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիև հանդիպումը։ Թերևս այսպիսի ձևաչափով հանդիպում առաջին անգամ էր տեղի ունենում։ Նախկինում Միշելի միջնորդությամբ Փաշինյանը և Ալիևը հանդիպել էին, բայց դրանց Մակրոնը չէր մասնակցել։

Քառակողմ հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ նշվում էր, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իսկ ԵՄ-ն երկու երկրների սահմանի երկայնքով քաղաքացիական առաքելություն կիրականացնի։ Փաստորեն, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետ մեկտեղ, ՀՀ իշխանությունները այլևս չեն բարձրացնում Արցախի թեման, այլապես դրա մասին ինչ-որ կերպ կնշվեր հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ։ Նույնիսկ Ալիևի անհամաձայնության դեպքում էլ եվրոպական առաջնորդները կարող էին մի տողով արձանագրել այդ մասին։ Միաժամանակ հետաքրքրական է, որ նախքան քառակողմ հանդիպումը Ալիևը հայտարարեց. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել»։ Փաստացի, այսպիսի հայտարարությամբ նա հասկացնում էր, թե Արցախի հարցն արդեն Ադրբեջանի ներքին գործն է։

Ստացվում է, որ շատ վտանգավոր միտումի հետ գործ ունենք, քանի որ երբ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնման մասին որևէ խոսք չի գնում, իսկ Հայաստանի իշխանությունները «ձեռքերը լվանում են» Արցախից, նշանակում է, որ Արցախի խնդիրը մեծ հաշվով թողնվում է Ադրբեջանի քմահաճույքին։ Իսկ որոշ ժամանակ անց Ադրբեջանը ուղղակի կարող է Արցախում ապրող հայերին ադրբեջանական անձնագրեր բաժանելու փորձեր կատարել, իսկ ով որ հրաժարվի դրանից, պարտադրված լինի հեռանալ։ Բացառված չէ նաև արցախահայության նկատմամբ բռնաճնշումների իրականացումը, իսկ դրանց վրա Հայաստանն ազդեցության լծակ չի ունենա։ Արդյունքում, եթե Արցախի հարցն ընդհանրապես հանվում է միջազգային օրակարգից, ապա ավելի է մեծանում Արցախի հայաթափման վտանգը։ Պրահայում ընթացող հանդիպումների շարքում կարևոր էր նաև Փաշինյան-Էրդողան հանդիպումը։ Սա առաջին հանդիպումն էր Փաշինյանի և Էրդողանի միջև, սակայն սա առաջին հանդիպումը չէր Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների միջև, քանի որ երկրների ղեկավարների մակարդակով նախկինում ևս հանդիպումներ եղել են։

Ոմանք փորձում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առկա գործընթացը համեմատել ֆուտբոլային դիվանագիտության և Ցյուրիխյան արձանագրությունների հետ, բայց այս համեմատությունը տեղին չէ, քանի որ հիմա Հայաստանը հանդես է գալիս շատ թուլացած դիրքերից։ Եվ ինչպես բազմիցս առիթներ ենք ունեցել համոզվելու, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ամենից շատ կապում է Ադրբեջանի հետ։ Դրա համար էլ Պրահայում մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարում էր, թե Հայաստանը հենց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրի, դրանից հետո Թուրքիան կկարգավորի հարաբերությունները, կբացվի ցամաքային ու օդային սահմանները և երկաթգիծը։ Այդուհանդերձ, իրադարձությունների ընթացքին հետևող փորձագետները նկատում են, որ հասել ենք մի ջրբաժանի, և արդեն որոշումներ կայացնելու փուլում ենք։

Երեկ էլ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումն էր, և Պրահայի հանդիպումներից հետո սանկտպետերբուրգյան հանդիպումներն ու, ըստ այդմ, դիրքորոշումների լրացուցիչ ճշգրտումը կարող են արմատական որոշումների կայացման կետին բերել։ Չպետք է նաև անտեսել այն հանգամանքը, որ թուրք-ադրբեջանական տանդեմը շտապողականություն է ցուցաբերում մեր երկրին խաղաղության պայմանագիր պարտադրելու և իրենց ձեռնտու պայմաններին իրավական ձևակերպում տալու հարցում, քանի դեռ Հայաստանը չի հասցրել ուշքի գալ և միջազգային իրավիճակի դասավորությունը չի փոխվել։ Պատահական չէ, որ Պրահայում Ալիևը հայտարարում էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը մինչև 2022 թվականի վերջը կարող է ստորագրվել։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում