Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Առաջին աշխարհամարտ ավարտով ու բոլշևիկյան ապազգային գաղափարախոսությունը որպես հիմք ընդունած պետության՝ ԽՍՀՄ-ի ստեղծումով համաշխարհային պատմությունը թևակոխում է զարգացման նոր փուլ, որը հետագա 4 տասնամյակներում կարող է բնութագրվել որպես ազգային պետությունների և ապազգային, հետագայում նաև ազգայնամոլական գաղափարախոսություններ դավանող պետությունների միջև պայքարի փուլ։ Հայության մեջ ազգային գաղափարախոսության հետևողական կրող մնում է միայն ՀՅ Դաշնակցությունը, մյուս դասական կուսակցությունները, շարունակելով իրենց հայտարարել ազգային իրավունքների համար պայքարող կազմակերպություններ, գործնական իմաստով միանում են Դաշնակցության դեմ հայ բոլշևիկների հայտարարած անհաշտ պայքարին։ Հատկանշական է, որ դեռևս 1921թ Ռիգայում ընթացող ՀՅ Դաշնակցության և Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության միջև ընթացած բանակությունների ընթացքում նախնական համաձայնություն է կայանում, որ ՀՅԴ-ն իր աջակցությունը կբերի այն ժամանակ դեռևս ձևականորեն անկախ Խորհրդային Հայաստանին, սակայն հայ բոլշիկներին հետևողական բողոքների պատճառով վերջնական համաձայնությունը չի կայանում։
Այս պայմաններում ազգային բևեռում մնացած միակ ուժը ձեռնմուխ է լինում տարբեր երկրներում, Ցեղասպանության հետևանքով առաջացած Սփյուռքի համայնքներում ազգային կյանքի կազմակերպմանը։ Ազգային միասնական միջավայրի ստեղծման առումով այս աշխատանքը կարելի է եզակի օրինակ համարել համաշխարհային պատմության մեջ։ Համայնքային կյանքի կազմակերպումը կրում է համապարփակ բնույթ։ Աշխարհի մոտ 30 երկրներում ստեղծվում են կազմակերպման համարյա նույնական մեխանիզմներ։ Համազգային հայ կրթական և մշակութային միությունը ստեղծում է ազգային դպրոցների, նախակրթարանների, Ճեմարանների, թատրոնների, հրատարակչությունների, մշակութային այլ հաստատությունների ցանց, Հայ Մարմնակրթական Ընդհանուր միությունը կազմակերպում է երիտասարդության դաստիարակությանն ու համախմբմանը ծառայող սկաուտական ու մարզական կազմակերպություններ ու ակումբներ, Հայ Օգնության միությունը կազմակերպում է սոցիալական հաստատություններ՝ մանկատներ, ծերանոցներ, ստեղծում է կարիքավոր ընտանիքներին օգնություն հասցնելու մեխանիզմներ, առողջապահական հաստատություններ։ Այս ամբողջ կառույցը ղեկավարվում էր ժողովրդի կողմից ընտրվող ազգային խորհուրդների կողմից, որը գործում էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի հետ սերտ համագործակցությանմբ։
Աշխարհաքաղաքական կողմնորոշման առումով այդ տասնամյակներին ՀՅ Դաշնակցությունը օբյեկտիվորեն կողմորոշված էր դեպի Արևմուտքի երկրներ, որոնք մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը և դրանից անմիջապես հետո կոմունիստական վերազգային գաղափարախոսությունը դիտարկում էին որպես անթաքույց սպառնալիք իրենց ազգային պետությունների գոյությանը։ Երկրորդ աշխարհամարտից հետո ազգային շահերին և ազգային ինքնությունը դասակարգային շահերին ստորադասող կոմունիստական գաղափարախոսության տարածումը Արևելյան Եվրոպայում և աշխարհի տարբեր մասերում էլ ավելի սրեց պայքարը Արևմուտքի և ՍՍՀՄ միջև։
Այս ժամանակահատվածում Խորհրդային Հայաստանում կատարվում էին արմատական փոփոխություններ, հատկապես տնտեսական, մշակութային, սոցիալական կյանքի կազմակերպման ու զարգացման առումով, որոնք, սակայն ուղեկցվում էին ազգային գաղափարների անթաքույց ճնշումով, ազգային իղձերի ու պատմական իրավունքների բարձրաձայնման ցանկացած փորձի նկատմամբ ամենաբիրտ բռնության կիրառմամբ։ 1923-ին հայ բոլշևիկների կազմակերպմամբ տեղի է ունենում «նախկին դաշնակցականների» հայաստանյան կոնֆերանս, որտեղ հայտարարվում է Հայաստանում ՀՅԴ գործունեության դադարեցման մասին։ Սակայն 1921 թվին իշխանությունը կամավոր հայ բոլշևիկներին զիջելուց հետո Դաշնակցությունը շարունակում է իր ընդհատակյա գործունեությունը Խորհրդային Հայաստանում։ Կազմակերպությունը կապ է պահում արտասահմանում գործող ՀՅԴ ղեկավարության հետ, և նույնիսկ Խորհրդային հանրապետություններում իրագործում Հայոց Ցեղասպանության և Ադրբեջանցիների կողմից իրականացված հայկական ջարդերի կազմակերպման մեջ մեղավոր թուրք և ադրբեջանցի պետական գործիչների վերաբերյալ «Նեմեսիս» գործողության պատասխանատու մարմնի որոշումները։ Միայն 1933թվի Փարիզում կայացած ընդհանուր ժողովի որոշման համաձայն, նկատի ունենալով համատարած բռնությունները Դաշնակցության բացահայտված անդամների նկատմամբ և նպատակ ունենալով վտանգի չենթարկել կուսակցության անդամներին, ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը որոշում է կայացնում դադարեցնել կուսակցության գործունեությունը Հայրենիքում։
(շարունակելի)