Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սառը պատերազմում աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ լիբերալիզմի, ազատ շուկայական տնտեսության գաղափարախոսությունը չնայած ապահովում է իշխող փոքր վերնախավի ազդեցությունն ու իշխանության մեջ վճռական դերակատարությունը, բայց ոչ միայն չի երաշխավորում Արևմուտքի ազդեցությունը նախկին գաղութներում, այլև հենց իրենց ազգային պետություններում հող է ստեղծում հիմնականում ընկերվարական, որոշ երկրներում նույնիսկ կոմունիստական գաղափարների տարածման համար։ Սա Արևմուտքի համար ստեղծում է ընթացող պայքարում իրական պարտության վտանգ։ Այս պայմաններում առաջանում է նոր գաղափարական հայեցակարգի ստեղծման անհրաժեշտություն, որը՝
1. Կապահովեր շուկայական տնտեսության հետևանքով աստիճանաբար ուժեղացող, և արևելյան ճամբարի կողմից աջակցություն ստացող դասակարգային, աշխատավորների իրավունքների համար մղվող դասակարգային պայքարի չեզոքացումը,
2. Կքայքայեր կոմունիստական բլոկի երկրների միասնականությունը, ոտքի կհաներ այդ երկրների բնակչությանը կոմունիստական ռեժիմների դեմ։
Այս խնդիրները լուծելու համար հիմնական գործիք է դառնում դեռևս 1948-ին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որն աստիճանաբար լրացվում է տարբեր հասարակական շերտերի, մարդկանց խմբերի, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիաներով։ Որպես մարդու իրավունքների պաշտպանության ապահովման հիմնական գործիք են սկսում դիտարկվել դրանց ապահովմանն ուղղված շարժումները։
Այս նոր ստեղծվող գաղափարախոսությունն ուղղված էր ոչ միայն կոմունիստական գաղափարախոսության դեմ, այլև, խորքի մեջ, ուղղված էր վերազգային պետությունների ստեղծման համար գաղափարախոսական հիմքի ապահովմանը։ Ազգային շահերի, ազգային-պետական շահերի պաշտպանությունը փոխարինվում էր առանձին անհատի իրավունքների բացարձակացմանը, դրա «անվիճելի» գերակայությանը ցանկացած հավաքականության՝ առաջին հերթին ազգային իրավունքների նկատմամբ։ Փաստորեն, կոմունիստական վերազգային գաղափարախոսությանը, «կոմունիզմի շինարարին» Արևմուտքը հակադրում է մարդու իրավունքների անվերապահ գերակայության տեսության վրա հիմնված ապազգային գաղափարախոսությունը և «աշխարհաքաղաքացուն»։ Ժողովրդավարական ազատությունները դիտարկվում են բացառապես այս գաղափարախոսության իրացման տրամաբանության մեջ։
Ժողովրդավարության և մարդու իրավունքների համար պայքարի գաղափարների տարածման հիմնական դաշտ են դառնում Արևելյան Եվրոպայի՝ կոմունիստական բլոկի երկրները։ Խորհրդային Միությունում սպառազինությունների մրցավազքի հետևանքով ստեղծված ծանր տնտեսական կացության պատճառով Կոմկուսը՝ Գորբաչովի ղեկավարությամբ ստիպված էր հայտարարել «Վերակառուցման» քաղաքականության մասին, որը դարձավ կոմունիստական վերազգային գաղափարախոսության, և դրա վրա հիմնված համակարգի վերջի սկիզբը։ Արևմուտքից եկող նոր «գաղափարախոսական» ալիքը արագորեն տարածվեց Արևելյան բլոկի երկրներում, որտեղ մեկը մյուսի ետևից սկսեցին տապալվել կոմունիստական վարչակարգերը։
Խորհրդային Միությունում իրավիճակը մի փոքր այլ էր։ Եթե Արևելյան Եվրոպայի երկրները հիմնականում ազգային երկրներ էին, որոնց պարտադրվել էին կոմունիստական վարչակարգեր, ԽՍՀՄ-ը ապազգային մի կայսրություն էր, որտեղ մերժված էր ցանկացած ազգային դրսևորում, գաղափարախոսական հիմնական ուղղություն էր ազգերի աստիճանական վերացման և միասնական Սովետական ժողովրդի առաջացման թեզը։ Այս պայմաններում, ռեժիմի թուլացմանը զուգընթաց, Խորհրդային տարբեր հանրապետություններում սկսվում է ազգային անկախության համար պայքարը, զուգահեռ՝ սրվում են գոյություն ունեցող բազմաթիվ ազգամիջյան հակամարտություններ։
Խորհրդային Հայաստանի ստեղծման ժամանակ հայ ժողովրդի իրավունքների ոտնահարումը, հողային հսկայական կորուստները, հարևան հանրապետությունների սահմաններում հայտնված պատմական Հայաստանի հայաբնակ հատվածներում հայ բնակչության իրավունքների ոտնահարումը, այդ տարածքների հայաթափումը, ինչպես նաև տասնամյակներ շարունակ ազգային գաղափարների հետապնդումը պատճառ են հանդիսանում առաջին իսկ հնարավորության դեպքում Հայաստանում ազգային զարթոնքի ու ազգային-ազատագրական պայքարի ծավալման համար։ Արցախում և Հայաստանում ժողովուրդը ոտքի է կանգնում իր իրավունքները վերականգնելու համար։ Այս շարժումը 1975-86թթ աշխարհի տարբեր երկրներում ազգային կազմակերպությունների, առաջին հերթին ՀՅԴ-ի կողմից սկսված զինյալ պայքարի գաղափարական շարունակությունն էր։
Այսպիսով, 1988-ին սկսված Արցախյան շարժումն իր բնույթով ամբողջությամբ ազգային գաղափարախոսությամբ ներշնչված, մեր ազգային իղձերի ու երազանքների իրականացմանը, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների պաշտպանությանը, մեր մասնատված երկրի տարածքային ամբողջականության վերականգնմանն ու միասնական Հայրենիքի կերտմանն ուղղված շարժում էր։ Փաստորեն, Հայաստան էր վերադարձել Դաշնակցության գաղափարախոսությունը, բայց Դաշնակցությունը դեռ Հայաստանում չէր։
(Շարունակելի)