կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-03 16:07
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա ազգային անվտանգության խնդիր է․ ինչո՞ւ է ԳԱԱ պատմության ինստիտուտը դիմել ԱԱԾ՝ նոր չափորոշիչների հարցով

Մեր ինստիտուտը քննարկել է, և աշխատակիցների մեծագույն մասը գտել է, որ սա ազգային անվտանգության խնդիր է և զուտ գիտակրթական խնդիր լինելուց արդեն տեղափոխվել է այդ դաշտ, ուստի մենք հայտարարությամբ ենք հանդես եկել ԱԱԾ-ի ուշադրությունը հրավիրելով խնդրին. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Հանրակրթական դպրոցի պատմության ծրագրերի նախագծերի, դրանց հետևում կանգնած ուժերի գործունեության և հարակից հարցերի մասին» թեմայով մամուլի ասուլիսում։

Հայտարարության մեջ պատմաբանները նաև նշել են, որ եթե չափորոշիչները մշակող հանձնաժողովը անտեսում է նախորդ դասագրքերը՝ դրանք որակելով խորհրդային ժամանակների շնչով գրվածներ, ապա թող բարի լինեին հաշվի առնել Հայոց պատմության ակադեմիական հատորները, որոնք անաչառ պատմությունն են ներկայացնում Հայաստանի և Սփյուռքի լավագույն պատմաբանների մատուցմամբ։

Ակադեմիական այդ հատորները ԳԱԱ պատմության ինստիտուտը ձրի հատկացրել է Տարածքային կառավարման նախարարությանը, բոլոր գրադարաններին, բոլոր՝ 1 500 դպրոցներին և Պաշտպանության նախարարության բոլոր զորամսերին․ «Գոնե այդ հատորների հայեցակարգը՝ կոնցեպցիան, հաշվի առնվեր այդ դասագրքերում»։

Աշոտ Մելքոնյանի համար անհասկանալի է՝ այդ ինչ հանճարեղ մասնագետներ են ներառված չափորոշիչները մշակող հանձնաժողովում, առավել ևս՝ ոչ պատմաբան, որոնք ավելի շատ գիտեն, քան ակադեմիական գիտությունը։

«Տեսեք, ասում են՝ գիտնականները չոր-ցամաք պատմություն շարադրողներ են, պետք է պատմությունը շարադրեն մանկավարժները․ ես համաձայն եմ, բայց այդ մանկավարժը շարադրելուց առաջ պետք է պատմությունն իմանա։ Որովհետև մասնագետը՝ պատմաբանն է գրում պատմությունը, ուրիշ հարց է, որ նա գիտական չոր տեքստ կարող է ներկայացնել, մանկավարժը դա ավելի պարզ լեզվով կմատուցի աշակերտին, ինչպես նախկինում է եղել՝ այդ խմբերում միշտ եղել են և՛ գիտնականներ, և ուսուցիչներ։ Հիմա այդ հատորներն էլ չեն օգտագործել իրենք»,-տարակուսեց Աշոտ Մելքոնյանը։

Եթե գործող դասագրքերում ոչ մի լավ բան չկա, ապա ինչպե՞ս Ռոբերտ Աբաջյանի նման տղերքը գնացին, զոհվեցին, եթե այդ դասագրքերը ոչ մի հետք չեն թողել նրանց աշխարհայացքի ձևավորման վրա՝ նշեց նա․ «Մենք համոզված ենք, որ թողել են և, համարելով, որ սա ազգային անվտանգության խնդիր է, այդ հաստատության ուշադրությունը հրավիրել ենք այդ խնդրի վրա»։

Աշոտ Մելքոնյանը նշեց, որ չափորոշիչների վտանգի հարցով դիմել են ԱԱԾ-ին՝ նաև հաշվի առնելով այդ կառույցի նախկին գործելաոճը․ «ԱԱԾ-ին ես միշտ դրականորեն եմ վերաբերվել անկախության շրջանում, որովհետև հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ, երբ դարձյալ մեզ դատափետում էին, որ ՀՀ նախագահը թուրքերի հետ ֆուտբոլային դիվանագիտություն է սկսել, դուք ոտքի եք կանգնել՝ պայքարում եք նախագահի այդ քաղաքականության դեմ, մենք շարունակեցինք մեր պայքարը, ԱԱԾ-ում քննարկում եղավ և այդ կառույցի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ պաշտպանեցին գիտնականներին և ասացին, որ գիտնականները ճիշտ են, հայ-թուրքական արձանագրությունները հակահայկական բնույթ ունեն և անգամ Բաթումի պայմանագրից հատվածներ կան, որ տեղադրված են այդ արձանագրությունների մեջ։ Եվ դրա համար էլ մենք հայտարարությամբ նրանց ուշադրությունն ենք հրավիրել այս խնդրին»։

Հիշեցնենք, որ Yerkir.am-ի հրապարակումից հետո, որով բացահայտվում է, որ «պատմություն» և «հասարակագիտություն» առարկաների չափորոշիչները մշակող հանձնաժողովի անդամները արտասահմանյան դրամաշնորհային ծրագրեր են իրականացրել՝ Թուրքիայի հանդեպ թշնամու կերպարը վերացնելու ուղղությամբ և երկու աշխատություն հրապարակել այս թեմայով, լայն հանրությունը անվստահության է հայտնում հանրակրթության չափորոշիչները այդ ոգով շարադրելու գործընթացին։ Մասնագետները արձանագրում են չափորոշիչների հակահայկական կոնկրետ դրսևորումներ։

Մանրամասն՝ տեսանյութում․