Տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական անձնակազմի ընդհանուր ժողովը, որի ընթացքում քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած Հայոց լեզվի և գրականության չափորոշիչները։ Այդ մասին տեղեկանում ենք ինստիտուտի տարածած հաղորդագրությունից, որը ներկայացնում ենք ստորեւ։
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական անձնակազմի ընդհանուր ժողովը խոր մտահոգություն է հայտնում առանցքային թերություններ ունեցող այս ծրագրի վերաբերյալ, մերժում և անընդունելի է համարում այն թե՛ բովանդակային և թե՛ կառուցվածքային ու մեթոդական առումներով: Գրականության ինստիտուտը, հավաստելով իր պատրաստակամությունը անվարձահատույց աջակցելու «Հայ գրականության» չափորոշչի և ծրագրերի ձևավորմանը, նոր դասագրքերի կազմմանը, հայտնում է հետևյալ նկատառումները.
- Նախագիծը սահմանում է առարկայի անվանումից հանել «հայ» բառը և Հայ գրականությանը հատկացված ժամաքանակի և ծավալի կրճատմամբ դասաժամեր հատկացնել համաշխարհային գրականության առանձին երկերի ուսումնասիրությանը։ Հայկական ինքնությունը նշանակիր է իր լեզվով, պատմությամբ, գրականությամբ, արվեստով, ուղիղ իմաստով՝ իր հոգևոր ստեղծումների պատմությամբ։ «Գրականություն» առարկան միջին դասարանների համար է, բարձր դասարաններում պետք է դասավանդվի «Հայ գրականություն» առարկան ՝ ըստ ժամանակագրության ներառելով հայ հին և միջնադարյան, դասական և ժամանակակից գրականության կարևոր հեղինակներին ու նրանց ստեղծագործությունները։
- Նախագծի կարգա-հասկացութային բառապաշարում և չափորոշիչներում չկան Հայրենիք, ազգային ինքնություն, հոգեկերտվածք, ազգային գաղափարախոսություն, արժեհամակարգ և ազգակազմիչ այլ հասկացություններ, որոնց բացակայությունը պարզապես կազմաքանդում է հայ դպրոցն ու սովորողի ազգային նկարագիրը՝ վերածվելով ազգային անվտանգության հիմնախնդրի։
- Արտասահմանյան գրականությունը ներկայացնող հեղինակներն ընտրված են անհասկանալի կամայականությամբ, հաճախ՝ սիրողական աղբյուրներից կամ կայքերից կատարված պատճենումով։ Ընտրության այդօրինակ սկզբունքների վերաբերյալ չկա մասնագիտական պատշաճ մեկնաբանություն։ 10-12-րդ դասարանների հայ գրականության դասագրքերից պետք է հանել Արտասահմանյան գրականությանը վերաբերող նյութերը: Ողջունելի կլինի, եթե «Արտասահմանյան գրականություն» առարկային հատկացվի առանձին դասընթաց:
- Վերականգնել Հայ գրականության դասավանդման ժամանակագրական սկզբունքը՝ մերժելով սեռաժանրային բաժանման մոտեցումը: Գրականության սեռաժանրային բաժանման ընտրված մեթոդը տրոհում է ժամանակագրական շղթան՝ դրվագային ընթերցումների մեջ տարրալուծելով գրականության պատմության ընդհանրական պատկերը, ապա ազգային հիշողությունը, որ անպայմանորեն կապակցված է ժամանակ, տեղ, ինքնության շրջանակ հասկացություններին։ Գրական ամեն երկ քննելի է իր ժամանակի մեջ, պատմական ու սոցիալ-քաղաքական մի միջավայրում, որ ոչ միայն ազգային կենսագրությունն է բնորոշում, այլև նրա տեղն ու դերակատարությունը համաշխարհային պատմության շարժընթացում։
- Անկախ նրանից, թե 7-9-րդ դասարանների գրականության դասագրքերում ինչ տեղ կտրվի հայ պատմագրությանը և միջնադարյան տարբեր հեղինակներին, 10-րդ դասարանի դասագիրքը պետք է սկսել նախագրային շրջանով, ապա անցում կատարել 5-րդ դարի հայ պատմագրությանը և շարունակել ըստ ժամանակային ընթացքի:
- Չկան անհասկանալի կամ դժվարընկալելի հեղինակներ, այդ թվում և Նարեկացին: Կարող են լինել նյութի մատուցման անհաջող եղանակներ: Տրոհումը, ուսուցչի կամքով կամ նախասիրությամբ այս կամ այն երկի ընտրությունը կազմաքանդում են գիտելիքի հիմքը կամ առարկայի միջուկը, որի տիրույթում է ձևավորվում տվյալ առարկայի իմացաբանությունը՝ նախատեսված ազգային դպրոցն ավարտած քաղաքացու համար։ Կամընտրությունը կարող է ստվերում թողնել որոշ հեղինակների և նրանց ստեղծագործությունները:
- Պարտադիր վերականգնել հայ դասական և սփյուռքահայ գրականության՝ ծրագրից դուրս մնացած հեղինակներին: Կամայականության կամ անհետևողականության արդյունքում զարմանալիորեն կրճատվել է Հայ նոր գրականության ծրագիրը։ Այս շրջանի գրականության դասընթացից դուրս են մնացել մի շարք կարևոր հեղինակներ և ստեղծագործություններ: Լրացուցիչ գրականության ցանկ են տեղափոխվել Գաբրիել Սունդուկյանը, Ռափայել Պատկանյանը, Կոստան Զարյանը և մի շարք այլ հեղինակներ։ Գրեթե բացակայում է Սփյուռքահայ շուրջ մեկդարյա գրականությունը։ Սփյուռքը հիշվում է միայն 11-րդ դասարանում ուսուցանվող Զահրատով:
- Տարանջատել «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաները։ Դրանք ունեն թե´ առարկայակազմիչ, թե´ մեթոդական առանձին գործիքներ, և գործիքակազմի նույնացումը ստեղծում է միայն անկազմակերպ և խառնաշփոթ վիճակ, միջառարկայական այնպիսի սահմաններ, որոնք բնորոշ չեն առարկաներից յուրաքանչյուրին առանձին –առանձին։
- Անկախ նրանից, թե ժամանակակից հայ գրականությունն ինչ հարաբերակցությամբ կներկայացվի ընդհանուր ծրագրում, բացառել այնպիսի ստեղծագործությունների ընդգրկումը, որոնք դուրս կլինեն տարիքային դաստիարակության ու հոգեբանության շրջածիրից և իրենց բացասական կնիքը կարող են թողնել երեխաների մտածողության վրա:
- Ներկայացվող չափորոշիչները մեթոդական և թեմատիկ առումով թերի և անընդունելի են։ Առաջարկում ենք նախ թեմատիկ ծրագիր մշակել, որում հստակ կներկայացվի հայ գրականության պատմության ընթացքը, հեղինակներից յուրաքանչյուրի կյանքը և ստեղծագործությունները, այնուհետև դրանք դնել համապատասխան մեթոդական և դասավանդման ձևերի մեջ:
- Անվստահություն հայտնելով գործող հանձնախմբին՝ ԳԱԱ Գրականության ինստիտուտն առաջարկում է «Հայ գրականության» և «Հայոց լեզվի» առարկայական չափորոշիչների ձևավորման համար ստեղծել նոր հանձնաժողովներ՝ ներկայացուցիչներ ընդգրկելով Երևանի պետական և մանկավարժական համալսարանների համապատասխան ամբիոններից, ՀՀ ԳԱԱ գրականության և լեզվի ինստիտուտներից: