Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Քննարկվող բոլոր չափորոշիչները, որոնք, որոշակի խմբագրմամբ, տեղ են գտել նաև այլ հայեցակարգերի մեջ, թե՛ պատմագիտական և թե՛ մանկավարժամեթոդական տեսանկյունից թյուրիմացություն են, և իրավունք չունեն դրանց հիման վրա գրելու դասագրքեր՝ ըստ Yerkir.am-ի Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պաշտոնական տեսակետը հայտնեց Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պատմ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը՝ «Հանրակրթական դպրոցի պատմության ծրագրերի նախագծերի, դրանց հետևում կանգնած ուժերի գործունեության և հարակից հարցերի մասին» թեմայով մամուլի ասուլիսում։
«Մեկ շաբաթ առաջ ողջ պատմագիտական հանրույթը՝ մասնագիտական ամբիոնները, պատմության ինստիտուտը և անհատ պատմաբանները, նաև Հայ առաքելական եկեղեցին իրենց ձայնը բարձրացրին և մենք ակնկալում էինք ադեկվատ քննարկում, բանավեճ, երկխոսություն, որովհետև մեր գլխավոր նպատակը, մասնավորապես՝ որպես Մանկավարժական համալսարան, որը գլխավոր պատասխանատուն է ուսուցիչ պատրաստելու և կրթական որակն ապահովելու տեսանկյունից, դրա փոխարեն ստանում ենք այս սառը ցնցուղը»,-ասաց նա։
Էդգար Հովհաննիսյանը պատասխանեց «պատմություն» առարկայի նոր չափորոշիչների հեղինակների և նրանց սատարող քաղաքական ուժի՝ «իմ քայլի» ներկայացուցիչների որոշ հայտարարությունների։
«Իրենք ի՞նչ են ասում, ասում են՝ այդ երկու գրքերը հկ սեկտորի կողմից գրված ձեռնարկներ են, պետական չեն և ձեր գործը չէ։ Մեր գործն է, որովհետև այնտեղի տեսակետները տեղ են գտել հանրակրթության նոր չափորոշիչներում։
Երկրորդ, իրենց փաստարկն այն է, որ՝ վատ է՞, որ 50 անգամ օգտագործված է «Հայոց ցեղասպանություն» բառը։ Այո, ես կարդացի, 50 անգամ օգտագործված է, բայց մեր պատմությունը միայն Հայոց ցեղասպանություն չէ, եթե այս մասին խոսում ենք, ապա ո՞ւր մնաց ազգային-ազատագրական պայքարը կովկասյան ճակատում, ուր մնաց մեր ինքնապաշտպանական մարտերը և, ընդհանրապես, ինչո՞ւ պետք է միայն լացողի, պարտվածի հոգեբանությամբ գրվի մեր պատմությունը և մեզ, զարմանալիորեն մեղադրում են միլիտարիստական պատմություն գրելու մեջ»,-նշեց նա։
Էդգար Հովհաննիսյանին տաօրինակ է թվում նոր չափորոշիչների հեղինակների հայտարարությունները, թե պատմության գործող դասագրքերում ավելի շատ քաղաքական էլիտաների պատմություն է՝ թագավորներ, թագավորություններ, հերոսներ, բայց չկա առօրյա կյանքը, մինչդեռ նոր չափորոշիչներում չկա որևէ թագավորի անուն՝ ընդհանուր նշվում է թագավորություններ, բայց չկան անհատներ։ Այնինչ, մենք գիտենք, որ անհատներից մեծ բան է կախված պատմության մեջ։
«Այստեղ որևէ սուբյեկտիվ քննարկում չկա, ինչպես մեզ մեղադրում են։ Մեր մտավախությունն է, որ ապագա դպրոցական դասագրքերը գրվեն գիտական և մանկավարժական, մեթոդական կայուն չափորոշիչներով, որովհետև հատկապես հումանիտար ոլորտի դասագրքերից է կախված, թե ապագայում ինչպիսի քաղաքացի և ինչպիսի զինվոր ենք ունենալու․ սա է մեր գլխավոր մտահոգությունը»,-նշեց Էդգար Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Yerkir.am-ի հրապարակումից հետո, որով բացահայտվում է, որ «պատմություն» և «հասարակագիտություն» առարկաների չափորոշիչները մշակող հանձնաժողովի անդամները արտասահմանյան դրամաշնորհային ծրագրեր են իրականացրել՝ Թուրքիայի հանդեպ թշնամու կերպարը վերացնելու ուղղությամբ և երկու աշխատություն հրապարակել այս թեմայով, լայն հանրությունը անվստահության է հայտնում հանրակրթության չափորոշիչները այդ ոգով շարադրելու գործընթացին։ Մասնագետները արձանագրում են չափորոշիչների հակահայկական կոնկրետ դրսևորումներ։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը այս հարցի վրա է հրավիրել ԱԱԾ ուշադրությունը։
Մանրամասն՝ տեսանյութում․