Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անգամ ոստիկանության պաշտոնական արձագանքից հետո կտրականապես հերքում է, որ վիճաբանություն է տեղի ունեցել իր և ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանի հետ, և որ պատգամավորը հարվածել է իրեն:
Հիշեցնենք, որ, ըստ ոստիկանության, դեկտեմբերի 14-ին` ժամը 18:00-ից 19:00 ընկած ժամանակահատվածում, «Չերի» հյուրանոցային համալիրում Վ.Կ-ն ձեռքով հարվածել է Ս.Ս.-ին: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:
Yerkir.am-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ պատգամավորն իրեն ձեռքով չի հարվածել, և որ այդ մասին ոստիկանությունը տեղյակ է:
«Մենք պարոն Կարապետյանի հետ ընկերներ ենք, մեր մեջ եղել է զրույց, կարող ա զրույցը մի քիչ բարձր տոնով ա եղել, բայց մենք իրար հետ ոչ մի խնդիր չունենք»,- ասաց նա և հավելեց, որ ինքն արդեն ոստիկանությանը հայտնել է, որ Կարապետյանի դեմ որևէ բողոք չունի, քանի որ իրենց միջեւ ոչ մի լուրջ միջադեպ չի եղել:
«Ենթադրյալ տուժողը ես եմ և ասում եմ, որ որևէ բողոք չունեմ: Կարող եք Կարապետյանի հետ խոսել, նա էլ կասի, որ ոչինչ չի եղել»,- շարունակեց նա, նաեւ տեղեկացրեց, որ Կարապետյանի հետ շատ վաղուց են ընկերներ` դեռևս Ղարաբաղյան պատերազմի տարիներից. «Երեկ շատ երկար զրույց ենք ունեցել, շատ բարեկամական բաժանվել ենք` որպես շատ հարազատ մարդիկ»:
Դիտարկմանը` այդ դեպքում ինչո՞ւ և ո՞վ է զանգահարել ոստիկանություն, Սուրենյանցը նախ կմկմաց, հետո պատասխանեց. «Բանը, ը~, թյուրիմացություն ա եղել, մեր ոստիկանությունը արձագանքել է, անհրաժեշտ պարզաբանում տվել է»:
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Վահան Կարապետյանի հետ, սակայն նա, լսելով հարցը, ասաց, որ զբաղված է և անջատեց հեռախոսը: