կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-29 16:59
Աշխարհ

Մերկելին հաջողվել է դադարեցնել հույն-թուրքական գազային հակամարտությունը

Մերկելին հաջողվել է դադարեցնել հույն-թուրքական գազային հակամարտությունը

Հունաստանը ողջունել է Թուրքիայի որոշումը՝ Միջերկրական ծովի հունական կղզիների տարածքում երկրաբանական ուսումնասիրությունները դադարեցնելու մասին, ինչը վերջերս հանգեցրել էր երկու երկրների հարաբերությունների կտրուկ սրացման: Ինչպես նշել են երեքշաբթի, հուլիսի 28-ին, Հունաստանի Պաշտպանության նախարարությանը մոտ շրջանակները, թուրքական ռազմանավերի մեծ մասը լքել են տարածաշրջանը Կրետեի հարավում: Հունական ծովային ուժերը նույնպես իրենց նավատորմի մի մասը դուրս են բերել ռազմակայաններ. հաղորդում է Deutsche Welle-ն։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջնորդությունը նպաստել է տարածաշրջանում լարվածության մեղմացմանը, հայտնում է գործակալությունը: Անցյալ շաբաթ Գերմանիայի կառավարության ղեկավարը բանակցություններ է վարել ինչպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, այնպես էլ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ:

Սակայն, փորձագետների կարծիքով, դեռևս հնարավոր չէ հասնել հակամարտության երկարատև լուծմանը: Աթենքը կարծում է, որ բացառիկ իրավունք ունի գործել Միջերկրական ծովի այն շրջաններում, որտեղ Թուրքիան փորձում է հորատում անցկացնել՝ նավթի և գազի նոր դաշտերի որոնման համար: Անկարան, իր հերթին, հղում է կատարում Լիբիայի ՄԱԿ-ի կողմից ընդունված կառավարության հետ կնքված համաձայնագրի պայմաններին:

Հուլիսի կեսին Հունաստանի արտգործնախարարը ԵՄ գործընկերներին կոչ էր արել պատրաստել տնտեսական պատժամիջոցներ Թուրքիայի դեմ, եթե այն չդադարեցնի երկրաբանական ուսումնասիրությունները Հունաստանի տնտեսական գոտում: Անկարան կոչ է անում Աթենքին լուծել երկկողմ երկխոսության ընթացքում վիճահարույց հարցերը՝ առանց ԵՄ-ն՝ որպես ճնշման գործիք օգտագործելու: