կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-27 09:58
Աշխարհ

Մոսկվայում մրգի խանութները դառնում են ռազմաճակատ. The Guardian-ի անդրադարձը «ծիրանային պատերազմին»

Մոսկվայում մրգի խանութները դառնում են ռազմաճակատ. The Guardian-ի անդրադարձը «ծիրանային պատերազմին»

Բրիտանական ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ The Guardian-ն, անդրադարձել է Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝  ազգությամբ ադրբեջանցի գործարար Գոդ Նիսանովին պատկանող «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հայկական ապրանքներով բեռնված ֆուռերի դուրս հանման աղմկահարույց դեպքին և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին Մոսկվայում հայերի վրա ադրբեջանցիների հարձակման հարցին։

Այս առնչությամբ պարբերականը գրել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջեւ նոր բռնությունն առաջացրել է երկու երկրների սփյուռքի զայրույթն ու բոյկոտը. ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մրգի խանութները դառնում են ռազմաճակատ։

Երբ Սարիբեկ Գեւորգյանը տեղեկացել էր, որ սննդամթերքի վաճառքի խոշորագույն կենտրոնը՝ Ադրբեջանից ձեռնարկատիրոջը պատկանող «Ֆուդ Սիթի»-ն, անսպասելիորեն արգելափակել էր հայ ֆերմերների ապրանքն ու ներս չէր թողել ծիրանով բեռնված 50 բեռնատար, նա միանգամից համապատասխան քայլեր էր ձեռնարկել։ Մասնավորապես, առաջարկել էր ֆերմերներին անվճար տարածք սեփական առեւտրի կենտրոնում՝ օգնելով կազմակերպել մրգերի «փրկության առաքելությունը»։

«Մետաքսի ճանապարհ» առեւտրի կենտրոնի սեփականատեր Սարիբեկ Գևորգյանը նշել էր. «Մենք ասել էինք մեր ընկերներին, որ Ռուսաստանի Դաշնությունում ոչ մեկը չի կարող փակել իր դռները մեզ՝ հայերիս համար», ու հավելել. «Ռուսաստանի Դաշնությունը բաց է բոլորի համար, ովքեր մուտք են գործում երկիր, գումար են վաստակում ու առևտուր անում»։

Պարբերականը հիշեցնում է, որ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին բախումներ են տեղի ունեցել, որոնք «ամենալուրջ բախումներն էին վերջին չորս տարվա ընթացքում»։ «Հետցնցումները տարածվել են ամբողջ աշխարհով՝ առաջացնելով դաժան բախումներ երկու երկրների ազգային համայնքների միջև ԱՄՆ-ում, Եվրոպայում և փոքր տնտեսական պատերազմ Մոսկվայում». գրում է ԶԼՄ-ն՝ հիշեցնելով Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիների կողմից հայկական պետհամարանիշերով մեքենայի վրա հարձակումն ու հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ հարձակումը:

Արդեն անդադարձ կատարելով «ծիրանային պատերազմի» թեմային՝ աղբյուրը մանրամասնում է, որ հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ առցանց հարթակներում հազարավոր հետևորդների կոչ են արել գնել ծիրանը, որպեսզի մթերքը չփչանա:

«Այս ամենն ակամայից վերածվեց ծիրանի էքսպրոմտ տոնակատարության: Ու չնայած, որ ծիրանի պատերազմն ավարտվել է, հիմա տեղեկություններ են տարածվում այն մասին, որ ադրբեջանցիներին պատկանող  շուկաներն ու խանութները արգելում են հայկական արտադրանքի վաճառքը: ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ՌԲԿ-ի հետ զրույցում ահազանգել է, որ հայկական պահածոները, հանքային ջրերն ու կոնյակն անհետացել են ադրբեջանցի գործարարներից մեկին պատկանող մոսկովյան խոշոր սուպերմարկետային ցանցերից մեկից»,- մանրամասնում է The Guardian-ը, մեջբերելով Մոսկվայում Հայկական թանգարանի եւ ժողովուրդների մշակույթի տնօրեն Դավիթ Տոնոյանի խոսքերը. «Անգամ 2016 թվականին Ադրբեջանի հետ քառօրյա պատերազմի ժամանակ Մոսկվայում այդպիսի տրամադրվածություն չկար։ Դա տնտեսական պատերազմ է․ առաջ այդօրինակ ոչինչ չի եղել»։

Աղբյուրը հավելում է նաև, որ թեպետ երկու պետությունները հաճախ են ընդհարվում՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի սահմանին, սակայն հազվադեպ է պատահում, որ կոնֆլիկտը տարածվի նաև Մոսկվայի առևտրային ոլորտում:

Ամփոփելով հոդվածը՝ պարբերականը վկայակոչում է փորձագետների նախազգուշացումներն այն մասին, որ երկու երկրների սահմանագծում ռազմական գործողությունների վերսկսման վտանգի կա։ Նոր զեկույցում Միջազգային ճգնաժամային խումբը նախազգուշացնում է, որ բախումերը պետք է ծառայեն՝ որպես նախազգուշացում ու գործողությունների կոչ։

Թարգմանությունը՝ Yerkir.am