կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-02 22:12
Քաղաքական

Արցախյան կողմի մասնակցության պարագայում հնարավոր է արդյունավետ դարձնել բանակցային գործընթացը

Արցախյան կողմի մասնակցության պարագայում հնարավոր է արդյունավետ դարձնել բանակցային գործընթացը

Բնակչությանը խաղաղության նախապատրաստելու կոչը ամենայն հավանականությամբ Ադրբեջանին է վերաբերում, որովհետև ադրբեջանական կողմն է մշտապես փորձում լարվածություն ստեղծել ոչ միայն սահմանագծի ողջ երկայնքով, այլ նաև հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ԱՀ Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ հունիսի 30-ին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսի և դրան հաջորդած հայտարարության մասին:

«Միջնորդ երկրները քաջ գիտակցում են, որ Ադրբեջանն է մշտապես ռազմատենչ կոչերով և հայտարարություններով հանդես գալիս: Այս անգամ էլ կողմերի միջև փորձել են հավասարության նշան դնել, մինչդեռ հայտարարությունը պետք է հասցեական լինի և ուղղված Ադրբեջանի ղեկավարությանն ու հասարակությանը: Ադրբեջանի իշխանությունները պետք է հրաժարվեն սպառնալիքի լեզվով խոսելուց, որովհետև միայն այդ պարագայում Ադրբեջանի հասարակությունը կարող է հասկանալ, որ իր երկրի ղեկավարությունը տրամադրված է հարցին խաղաղ ճանապարհով լուծում ապահովել»,- ասել է Վահրամ Բալայանը:

Ինչ վերաբերում է տեսակապի միջոցով կայացած հանդիպման արդյունքներին, ապա, ըստ Վահրամ Բալայանի, կողմերի միջև շփումները, բանակցային գործընթացը պետք է շարունակվեն, որովհետև այդ շփումների ընթացքում առավել մեծ հնարավորություններ են ստեղծվում հարցը տեղից շարժելու, լուծումներ տալու համար:

«Սակայն Արցախյան կողմի մասնակցության պարագայում է միայն հնարավոր արդյունավետ դարձնել բանակցային գործընթացը: Միաժամանակ նկատենք, որ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները մեկ անգամ ևս վերահաստատեցին, որ հարցը լուծման միայն մի ճանապարհ ունի՝ խաղաղ բանակցային գործընթացի միջոցով: Ադրբեջանին հասկացվում է, որ նրա ընտրած ճանապարհը՝ ուժի միջոցով հարցի լուծումը, անընդունելի է և անհեռանկար»,- նշել է ԱՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: