Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեփանակերտում մայիսի 7-ին ՀՅԴ նախաձեռնությամբ անցկացվեց «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, որի ընթացքում ընդունվեց հռչակագիր և ընտրվեց կազմկոմիտե: Այսօր ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում գումարվեց կազմկոմիտեի երկրորդ նիստը՝ օրակարգում ունենալով կազմկոմիտեի գործունեության հաստատումը:
«Ֆորումից անմիջապես հետո հռչակագիրը թարգմանվել է ու հրապարակվել ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով: Լայն տարածման նպատակով որոշեցինք այն թարգմանել նաև իսպաներեն: Կազմկոմիտեն կազմված է Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի ներկայացուցիչներից: Այսօրվա նիստի հիմնական օրակարգը կազմկոմիտեի գործունեության հաստատումն է` իրազեկման միջոցով ներկայացնել ֆորումի ընթացքում տեղի ունեցածը և այլն»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:
Նա հավելեց, որ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում նախատեսում են հավաքներ ու հանդիպումներ ունենալ օտարերկրյա պատգամավորների, կոնգրեսականների, ճանաչված անհատների հետ, ներկայացնել Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի գաղափարը` գործընթացին աջակցության ակնկալիքով:
Ռուստամյանն ընդգծեց, որ պատրաստվում են շրջանակային համաձայնագրի տեքստ մշակել` որպես նախագիծ, իսկ հիմնական նպատակը, որպես գործընթացի շարունակականություն, հաջորդ ֆորումի նախապատրաստումն է լինելու, ինչը ենթադրում է ավելի մեծ կազմ, նոր աջակիցների և տարբեր շրջանակների ընդգրկում:
«Կազմկոմիտեի կազմով նախատեսում ենք հանդիպումներ արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության նախարարների, ինչպես նաև` մարդու իրավունքների պաշտպանի հետ, որպեսզի շրջանակային համաձայնագրի հետ կապված նախագիծը հնարավորինս անխոցելի լինի: Գործընթացի կարևորությունից ելնելով` հանդիպումներ պետք է ունենանք նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների դեսպանների հետ` հայտնելու համար մեր գաղափարներն ու մոտեցումները, որոնք պետք է դիտվեն ոչ թե որպես բանակցային գործընթացի խոչընդոտ, այլ այն ավելի արդյունավետ դարձնելու միտում-նպատակ»,- ամփոփեց ՀՅԴ Բյուրոյի նախագահը: