Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է: Նա ինքնամեկուսացվել է:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հունիսի 27-ին հայտարարություն է տարածել նախարարությունը:
«Պաշտպանության նախարարության պետական քարտուղարներից մեկը կորոնավիրուսով վարակվելուց հետո հոսպիտալացվել է: Այդ դեպքից հետո պարբերաբար թեստավորվել են այն մարդիկ, որոնց հետ նա հաղորդակցվել է: Պարզվել է, որ Պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը նույնպես վարակված է»,-ասվում է հաղորդագրությունում:
Նախարարությունից հայտնել են, որ Վուլինն իրեն լավ է զգում և քանի որ կորոնավիրուսի ոչ մի ախտանիշ չունի, ինքնամեկուսացված է: Նա շարունակում է կատարել նախարարի իր պարտակությունները և պահպանում է անվտանգության բոլոր կանոնները:
Ալեքսանդր Վուլինը հորդորել է երկրի բոլոր քաղաքացիներին պահպանել առողջապահական բոլոր կանոնները, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: