կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-26 09:16
Քաղաքական

2015-2018 թթ․ բացառիկ էին մեր պատմության մեջ. դրանց մասին դեռ երկար է խոսվելու

2015-2018 թթ․ բացառիկ էին մեր պատմության մեջ. դրանց մասին դեռ երկար է խոսվելու

Հռոմի պապի այցի օրերը Հայաստանի արտաքին քաղաքականության քաղաքակրթական բաղադրիչի մասին մտորելու և ժամանակային ամփոփ էքսկուրս անելու առիթ տվեցին։ 2016-ի այս օրերին արարողակարգային բացառիկ այցով, իբրև ուխտագնացություն, Հայաստանում էր Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Սակայն մինչ այդ ու դրանից հետո․․․․

2015թ․ի ձմռանը հրապարակվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը, ինչն ազգային միասնության ու համազգային իղձերի կարևոր վկայագիր է։ 2015թ․ի գարնանը Ծիծեռնակաբերդի բարձունքում էին Ֆրանսիայի, Ռուսաստանի, Սերբիայի և Կիպրոսի նախագահները։ Նույն թվականի ամռանը Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում, Հռոմի պապի կողմից պատմական պատարագ մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նույն թվականին Վատիկանը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ։

2015-ի գրեթե այս օրերին տևական ջանեքերից հետո սկսվում էին ՀՀ-ԵՄ նոր բանակցությունները, որոնք 2017 թվականի աշնանը վերաճեցին աննախադեպ համաձայնագրի ստորագրման։ 2016-ի գարնանը, ապրիլյան արկածախնդրությունից հետո ձախողվեց Ադրբեջանի այդ օրերի հիմնական նպատակը․ 1994 և 1995 թթ․ զինադադարի եռակողմ համաձայնագրերը շարունակում են ուժի մեջ մնալ։

2016-ի ամռանը Ադրբեջանը Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում վճարեց ապրիլյան արկածախնդրության դիվանագիտական գինը, որը հետագայում մսխվեց ներկա իշխանությունների կողմից։ Նորից 2016-ի աշնանը, արարողակարգային ամենաբարձր աստիճանի՝ պետական այցով (ընդ որում առաջին անգամ) Հայաստանում էր Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի ասպետ և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը։

2018թ․ ապրիլի սկզբին Վատիկանի այգիներում տեղադրվեց Նարեկացու բրոնզաձույլ արձանը։ Նույն 2018-ի ապրիլին Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև ստորագրվեց կարևոր մի համաձայնագիր։

Այս կետերից յուրաքանչյուրը կարելի է ծավալուն բացել, ինչը համոզված եմ, հընթացս կարվի ոլորտային մասնագետների կողմից։

Քայլ առ քայլ հիմք էր դրվում Հայաստանի արտաքին քաղաքականության քաղաքակրթական առաջնահերթությանը, ինչը եթե ոչ այսօր, ապա վաղը հաստատ պետք է լինելու։

Հիշում եմ՝ ինչպես էի միջազգային ուղևորությունների ու հանիպումների ժամանակ հպարտությունս զսպում, հարևան Վրաստանից մինչև Եվրոպական ամենատարբեր քաղաքներ ու մայրաքաղաքներ։ Այն օրերին էլ էր երկիրը ներսից խոցոտվում։ Քաղաքացիական հասարակության անվան տակ երկիր սողոսկած ու կազմաքանդիչ գործունեություն ծավալող խմբակներից մինչև այն օրերի իշխանության մի քանի առանցքային պաշտոնյաներ։

Իսկ այն, ինչ այս օրերին է կատարվում մեր երկրում, աղերս անգամ չունի մեր քաղաքակրթական բնույթի, էության, ու իրական արժեհամակարգի հետ։ Այս օրերին կատարվողը մեր հավաքական ամոթն է, ինչին միշտ պիտի ամոթով նայենք՝ այլևս երբեք թույլ չտալու վճռականությամբ։ Այս օրերն էլ կանցնեն ու կմնա այն հրամայականը, որ երբեք չի կարելի երկիրը վստահել դիլետանտ, պոպուլիստ և ժողովրդի իրական զգացումները մանիպուլացնող մարդկանց ու կեղծ ժողովրդավարներին։ Վստահ եմ՝ չորս տարի առաջ այս օրերին, Նորին Սրբության հետ երկինք վերառաքված մեր աղոթքների ուժը պահապան կլինի մեզ ու մեր երկրին այս դժվարին փորձությունն անցնելու համար․․․․

Գևորգ Ղուկասյան