Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2015 թվականը, օդերևութաբանության առումով, ռեկորդային էր. այսօր լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«2015 թվականի ձմեռն ամենատաք ձմեռն էր, ամառն ամենաշոգ ամառներից էր, իսկ այս հոկտեմբերը ամենախոնավն էր մեր պատմության մեջ: Շատ առատ տեղումներ են դիտվել Երևանում: Տեղումների նորման գերազանցվել է երեք անգամ: Այս հոկտեմբերին 115 միլիմետր անձրև է եկել»,- հայտնեց նա:
Անդրադառնալով 2015 թվականի նոյեմբեր ամսվա եղանակային կանխատեսումներին` Սուրենյանը նշեց, որ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ վեց աստիճանով: «Այս տարի օդի միջին ջերմաստիճանը նորմայից մեկ աստիճանով ցածր կլինի, իսկ տեղումների քանակն՝ ավելի: Օդի ջերմաստիճաննն առանձին տեղերում կնվազի մինչև 15 աստիճանով»,- ասաց նա` հավելելով, որ տեղումնառատ նոյեմբեր է սպասվում:
«Տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, Երևանում՝ հիմնականում անձրևի տեսքով: Առանձին օրերի հնարավոր է ձյուն: Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում ամսվա առաջին կեսին կդիտվեն թեթև ձյան տեսքով տեղումներ»,- նշեց Սուրենյանը` հավելելով. «Այսօր և վաղն անկայուն եղանակը կպահպանվի: Սյունիքում, Լոռիում, Տավուշում և Արցախում տեղումները կպահպանվեն»:
Սուրենյանի խոսքով`մեր հանրապետությանը վաղը մոտենում է ցուրտ օդային ճակատ: «Հանրապետությունում օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կիջնի: Առանձին տեղերում, այսօրվանից սկսած, ձյան տեսքով տեղումներ կլինեն: Նոյեմբերի 2-ից ցիկլոնը կհեռանա, և տեղումները կդադարեն: Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում սպասվում է ցրտահարություն. օդում կդիտվի 2 աստիճան ցուրտ, գետնին՝ 4 աստիճան ցուրտ: Դրանից հետո մի փոքր կբարձրանա: Մինչև նոյեմբերի 7-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա երկու աստիճանով, դրանից հետո կրկին կնվազի»,- ասաց Սուրենյանը: