Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսի դեմ պայքարում սխալները գալիս են սկզբնական փուլում իշխանության անլուրջ վերաբերմունքից. այսօր լրջագույն խնդիր է բուժանձնակազմի սղությունը, գերբեռնված են բուժհիմնարկները, և հատկապես վերակենդանացման բաժանմունքների բժիշկները ֆիզիկապես և հոգեպես հյուծված են: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Տոնոյան» բժշկական կենտրոնի տնօրեն, վիրաբույժ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը:
«Պարետատանը կից պետք է ստեղծվի մասնագետների խումբ՝ առողջապահության նախկին նախարարներ, բանակի բուժծառայության պետեր և այլք: Սա նաև համերաշխության քայլ կլինի, կկոտրի ատելության մթնոլորտը: Անձնական հավակնությունները պետք է թողնել մի կողմ, սեղմել մեկնած ձեռքերը»,- ասել է բժիշկը:
Ըստ Տոնոյանի՝ կորոնավիրուսը ոչ թե պատերազմ է, այլ ճգնաժամ, որը հնարավոր է հաղթահարել, և դրա դեմ պայքարում պետք է ներգրավել քաղաքացիական կյանքի բոլոր հնարավորությունները. «Չկան համապատասխան քանակի և որակավորման բուժաշխատողներ: Պետք է գտնել, համախմբել ուժերը, մարզերում կազմակերպել որակավորված բուժօգնություն, ներգրավել, օրինակ, բուժքրոջ որակավորում ունեցող, բայց այլ աշխատանքով զբաղված անձանց»:
Բժշկի հավաստմամբ՝ այսօր շտապօգնության մեքենաները դժվարությամբ են կանչ սպասարկում, ինչն անհետաձգելի ցուցումների դեպքում հիվանդի համար կարող է ճակատագրական լինել. «Առողջապահության նախարարության աշխատանքի արդյունքը, ցավոք, չենք տեսնում: Մեկ միլիոն շնչի հաշվով ավելի շատ հիվանդացության և մահացության դեպքեր ունենք, քան կարանտին չհայտարարած երկրները՝ Բելառուսն ու Շվեդիան: Եթե այդպես պետք է լիներ, ինչո՞ւ էին հայտարարվել այդ սահմանափակումները»:
Տարոն Տոնոյանի պնդմամբ՝ իրավիճակի մեղավորն իշխանություններն են, և եթե կորոնավիրուսի դեմ պայքարը հռչակում են պատերազմ, իրավունք չունեն այդ պատերազմի ժամանակ բաժանարար գծեր քաշելու. «Վիրավորական է, երբ վարչապետն ասում է՝ դարեր շարունակ պետություն չենք ունեցել, այդ պատճառով պետական մոտեցումը չենք հարգում: Արցախյան պատերազմի ժամանակ մենք բացառիկ կերպով ինքնակազմակերպվել ենք: Չի կարելի պատասխանատվությունը ժողովրդի վրա դնել: Վաղ թե ուշ վիճակը մարման է գնալու, մենք հիմա գագաթնակետի վրա ենք: Դափնիներն ում ուզում է՝ թող հասնեն, կարևորը՝ դժոխքից դուրս գանք»:
Բժշկի պնդմամբ՝ մենք մոտենում ենք հումանիտար աղետի շեմին, այսպես շարունակելու դեպքում ավելի ենք ջլատվելու, մեր ուժերն սպառվելու են: «Այսօր մենք բժշկուհի ունենք, որը տեսակապով հարյուրից ավելի հիվանդի է վարում, թեթև և միջին հիվանդների դեպքում այլընտրանք չկա: Ցավոք, արդեն ուշ է համատարած թեստավորման համար: Տոտալ սահմանափակումների համար ևս ուշ է, հիմա կոշտ կարանտինն այլևս իմաստ չունի»,- ամփոփել է «Տոնոյան» բժշկական կենտրոնի տնօրենը:
Դավիթ Սարգսյան