Անվերջ ինքս ինձ նույն հարցն եմ տալիս եւ դեռ պատասխանը անցյալում գտնում՝ Ինչպէ՞ս պատահեց, որ մենք ազգովին այսչափ կորցրեցինք մեր ամենանվիրականը՝ ազգայինը։
Ինչպե՞ս համատեղել, երկու ծայրահեղություն՝ մի կողմից ազգի նվիրյալներ, մյուս կողմից ազգին միայն իրենց աթոռի համար շահագործողներ։
Այսօր վարչապետը Արցախի հարցով իր լռությունը վերջապես խզելով, շվարած հայտարարում է, որ Ադրբեջանի ժողովրդի հետ անկեղծ խոսելով պիտի կարգավորվի Արցախի հարցը, այսինքն այն նույն ժողովրդի, որը Բաքվի հայության, Սումգայիթի, Շահումյանի, ողջ Ղարաբաղի ջարդը կազմակերպեց, որ տեղահանեց, կենդանի այրեց հայերին, բռնաբարեց, աչքերը փորեց, 11 ամյա երեխայի գլխին մեխ մեխելով բաց թողեց ու սկսեց կոտորածը, գազանության որ մեկ գործողությունը հիշել։
Այն ժողովրդի, որը ոչ միայն Արցախը, այլ ողջ հայաստանն է իրենը համարում։ Չէ՞ որ իրենց կենտրոնական ուղեղը՝ Թուրքիան այդպես տիրացավ Արեւմտահայաստանին։
Բայց քանի որ ժողովուրդը վարչապետի հետ միասին տառապում է հիշողության կորուստով եւ ամենակարեւորը՝ այս հույժ հրատապ պահին, երբ Թուրքիան արթնացել է եւ իր ուժերը կենտրոնացրել իր նախկին կայսրության վերադարձին, վարչապետի համար ոչ թէ Արցախի ամբողջականության, եւ դրանից բխող ողջ հայության ապահովությունն է կարեւորը, այլ օլիգարխների մի մասի հետապնդումը։
Թեեւ այլ բան չենք կարող սպասել, վարչապետից, երբ մեր հիշողության մեջ դեռ թարմ է Մյունխենյան բանակցային հանդիպման պարտությունը։ Ականատես եղանք վարչապետի արտաքին հարաբերության անկարողությանը, երբ թշնամու հետ դեմ-հանդիման խոսակցությանը ոչ թէ խոսեց հաղթողի դիրքից, առաջին իսկ նախադասությամբ փոխանակ վարկաբեկելու, ջախջախելու դիմացինի անպատկառ ցանկությունը պարտված վիճակով ուրիշի հողին տիրանալու պահանջը, հանդես եկավ ինքնասիրահարված իր գաղափարներով, փորձելով տպավորություն գործել իր հեղափոխականի անվամբ։
Այսօր մեր երկիրը մեծ վտանգի առջեւ է կանգնած եւ մենք ազգովին ենք պատասխանատու մեր լինել-չլինելու համար։
Այս երկու տարիներում մեր երկրում ոչ մեկ անգամ մեր ժողովրդի մեջ Ադրբեջանի սադրանքները չվերլուծվեցին, արձագանք չստացան, այն դեպքում երբ ամենօրյա լրատվությամբ ու քարոզչությամբ նրանց հոխորտանքը եւ ատելությունը աշխարհով մեկ էր տարածվում։ Մենք տարված էինք վարչապետ մեծարելով եւ ոչ թէ թշնամու, այլ իրար դեմ թշնամություն տարածելով, իրար լռեցնելով եւ հիմա ազգովին կանգնած ենք ահավոր վտանգի փաստի առջեւ։
Վերլուծեք, մտածեք Լիբանանում, Հունաստանում, Լիբիայում, Սուրիայում, այս օրերին կատարվող Թուրքիո ոտնաձգումները եւ հիշեք, որ մենք միշտ իրենց մեծագույն թիրախի կենտրոնում ենք։ Մենք հանգիստ չենք կարող ունենալ, մինչեւ ազգովին չարթնանանք եւ մեր ազգայինը չարթնացնենք մեր մեջ։
Ժամանակն է համախմբվենք եւ պահանջենք ամենից առաջ մեր երկրի եւ ազգի ապահովությունը։ Լռելու ժամանակը չէ, այլ՝ գործելու»։