Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, ըստ Yerkir.am-ի, ուղերձ է հղել Բաքվի հայության ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, նշվում է.
«Հարգելի հայրենակիցներ,
Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին:
30 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարյան այս օրերին, Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, շատերն էլ վիրավորվեցին, ենթարկվեցին կտտանքների ու բռնի տեղահանվեցին, ոմանք էլ անհայտ կորան:
Այս ջարդերից հետո 250 հազար հայ բնակչություն ունեցող Բաքուն իսպառ հայաթափվեց:
1990թ. հունվարին Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում կազմակերպված՝ ազգությամբ հայ քաղաքացիների զանգվածային ջարդերը Ադրբեջանի կողմից պետականորեն ծրագրված հայատյացության և հայերին բռնի տեղահանելու քաղաքականության հետևանք էին: Շուրջ մեկ շաբաթ շարունակվող զանգվածային բռնության և սպանությունների միջոցով Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց հասնել իրենց նպատակին. 1905 և 1918 թվականների ադրբեջանական վայրագությունները վերապրած Բաքվի հայկական համայնքը 1990 թվականի հունվարին դադարեց գոյություն ունենալ, իրենց ծննդավայրից զրկվեցին մարդիկ, որոնք Բաքուն համարում էին հարազատ և իրենց աշխատանքով ու տաղանդով հարստացրել էին այդ քաղաքը:
Չնայած միջազգային հանրության արձագանքներին՝ ադրբեջանական իշխանությունները մինչև օրս պատասխան չեն տվել էթնիկ հողի վրա հարյուրավոր մարդկանց սպանության, խոշտանգումների, բռնագաղթի, նրանց գույքի և սեփականության հափշտակման համար՝ հանցագործության անպատժելիությամբ, Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ատելության շարունակվող քարոզչությամբ այսօր էլ խրախուսելով նման հանցագործությունները և վտանգելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:
Մարդկության դեմ նման հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ:
Այսօր գլուխ խոնարհելով մեր նահատակների հիշատակի առջև, ավելի քան երբևէ պետք է գիտակցենք, որ համախմբվածությամբ և միասնությամբ, համատեղ ջանքերով պետք է ամեն ինչ անել՝ հետայսու բացառելու նման հանցագործությունների կրկնությունը»: